«Մահվան տեսիլը»` ակնածանքի առհավատչյա. «Ազատություն» ռադիոկայանի ֆիլմը ներկայացնում է Չարենցի կյանքի վերջին տարիները

«Մահվան տեսիլը»`  ակնածանքի առհավատչյա. «Ազատություն» ռադիոկայանի ֆիլմը ներկայացնում է Չարենցի կյանքի վերջին տարիները


«Ազատություն» ռադիոկայանի նկարահանած «Մահվան տեսիլ» գեղարվեստական ֆիլմը պատմում է մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մասին` ներկայացնելով հանճարեղ գրողի կյանքի վերջին շրջանը ստալինյան բռնապետությունում:

Անցյալ շաբաթ «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսատեսի դատին հանձնված ֆիլմը նկարահանվել է գրողի կնոջ`Իզաբելլա Չարենցի հուշերի հիման վրա` ներկայացնելով խորհրդային երկրի այն ժամանակաշրջանը, երբ ամենուր տեռորի, վախի ու սարսափի մթնոլորտ էր տիրում: Անձի պաշտամունքի տարիներին մարդիկ վախենում էին բարձրաձայն խոսելուց, սեփական կարծիքն արտահայտելուց: Բանտերում, հարկադրական աշխատանքի ճամբարներում և աքսորավայրերում ստալինյան տեռորին զոհ էին դառնում տասնյակ հազարավոր շարքային հայ քաղաքացիներ, մտավորականներ ու գրողներ, արվեստի և մշակույթի գործիչներ:

«Մահվան տեսիլ» ֆիլմի նկարահանման մտահղացումը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանինն է, ով նաև ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է:

«Կարծում եմ` Չարենցի կյանքը հանիրավացիորեն մինչև վերջ պատմված ու ներկայացված չէր հանրությանը, մութ էջեր կային, կարծես թե Խորհրդային Միությունը փլուզվել էր, բայց, չգիտես ինչու, այդ մութ էջերը չէին լուսաբանվում, այս էր ամբողջ խնդիրը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Թամրազյանը:

Ֆիլմի սցենարի հեղինակ, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Գայանե Դանիելյանն էլ նշում է, որ Չարենցի ընտանիքի ողբերգության սոսկալի պատմությունը ներկայացնելով` փորձել են ցույց տալ ստալինյան բռնապետության հազարավոր զոհերին ու ևս մեկ անգամ այդ ամենին ասել`ո´չ:

«Կարծում եմ` այս ֆիլմով շատերը ճանաչեցին կամ տեսան իրենց ընտանիքներին: Մեր հանճարեղ գրողի` Չարենցի կյանքը 40 տարեկանում ընդհատվեց, ով գիտի` դեռ ինչեր կարող էր երկնել»,- ասում է Դանիելյանը:

Ֆիլմը ազդեցիկ է, խոսուն: Ներկայացվում է վախով ու սարսափով հագեցած ստալինյան բռնապետությունը, որտեղ անընդունելի ու անհանդուրժելի էին ուժեղ ու տաղանդավոր անհատները, որոնցից մեկն էլ Եղիշե Չարենցն էր:

«... Թերևս հասկանում էր, որ մոտենում է ամենասարսափելին: Վերջին երկու տարիներին օղակը նրա շուրջը գնալով սեղմվում էր: Լրիվ մենակ էր մնացել, միայն Խանջյանն ու Իսահակյանն էին մեզ այցելում: Հիշում եմ այն երեկոն, երբ Աղասի Խանջյանը վերջին անգամ եկավ մեզ այցելության»,- պատմում է ֆիլմում Չարենցի կինը`Իզաբելլան (խոսքը այն տարիների Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ու գրող Ավետիք Իսահակյանի մասին է):

Խանջյանը հայտնում է Չարենցին, որ մեկնում է Թիֆլիս, քանի որ իրեն կանչել է Լավրենտի Բերիան, և չգիտի` հե՞տ կգա, թե՞ ոչ: Զգուշացնում է Չարենցին. «Քիչ խոսել, քանի որ պատերն էլ սկսել են ականջներ ունենալ»:

Խանջյանը Թիֆլիսից չվերադարձավ: 1936 թվականին նրան իր աշխատասենյակում սպանում է Բերիան, սակայն նրա մահը որակվում է որպես ինքնասպանություն: Չարենցը չի հավատում ինքնասպանության վարկածին, այդ լուրից ցնցված գրում է «Դոֆինը նաիրական» սոնետների շարքը:

Իզաբելլան խոստովանում է, որ Չարենցը զգում էր իր մոտալուտ մահը, ինչի մասին և գրում է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունում: Բռնապետական հասարակարգը այդպես էլ չներեց Չարենցին «Գիրք ճանապարհի» ժողովածուում «Պատգամ» բանաստեղծության համար, որում նա երկրորդ տառերով կազմված ակրոստիքոսով իր կոչն էր ուղղում. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»:

Չարենցին մեղադրում են հակահեղափոխական գործունեության մեջ, հռչակում որպես ժողովրդի թշնամի, սակայն գրողը, չընդունելով իր դեմ ուղղված մեղադրանքները, հայտարարում է. «Ես ժողովրդի կողմից սիրված բանաստեղծ եմ»:

Բանտից ուղարկված Չարենցի շապիկների վրա Իզաբելլան գտնում է քիմիական կարմիր մատիտով գրած ամուսնու գրությունը, որով նա խնդրում է կնոջը բոլոր ձեռագրերը վստահել միայն ընտանիքի բարեկամ, նկարչուհի Ռեգինա Ղազարյանին:

«Ռեգինան ձեռագրերը թաղեց ազգականներից մեկի բակում: Եվ միայն 17 տարի անց, երբ թույլատրեցին խոսել Չարենցի մասին, հանեց ձեռագրերը, թե չէ Կենտրոնական կոմիտեն ամեն ինչ ոչնչացրած կլիներ»,- պատմում է Չարենցի կինը:

Դեպքից մեկ ամիս անց դատապարտվում է նաև Իզաբելլան` որպես ժողովրդի թշնամու`Չարենցի կին, որբանում են նրանց դուստրերը`Անահիտն ու Արփինեն:

Չարենցը վախճանվում է 1937 թվականին Երևանի բանտում և արդարացվում միայն Ստալինի մահից հետո`1955 թվականին: Իզաբելլան արդարացվում է 1967 թվականին: 1969-ին նրան Երևանում բնակարան է հատկացվում, որտեղ մեկ ամիս ապրելուց հետո վախճանվում է ծանր հիվանդությունից:

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա), Տիգրան Մացակյանը (քննիչ), մի շարք դրվագներում նկարահանվել են ռադիոկայանի լրագրողները:

Ֆիլմի օպերատոր Լևոն Գրիգորյանն ասում է, որ «Մահվան տեսիլը» էնտուզիազմի հիման վրա նկարահանված ֆիլմ է:

«Շատ լավ է, որ բյուջե չկա, որովհետև բոլորն աշխատում են էնտուզիազմի վրա, իսկ այն շատ լավ արդյունքներ է տալիս: Զարմանում էի, թե ինչպե´ս էին լրագրողներն աշխատում որպես պրոֆեսիոնալ դերասան: Ես պատրաստ եմ առանց գումարի աջակցել, եթե նորից նման նախագծեր լինեն: Հպարտ եմ, որ կարողացանք այն իրականացնել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Գրիգորյանը:

Հրայր Թամրազյանը ֆիլմի նկարահանումը համարում է խիզախություն թե´ ֆինանսական, թե´ ստեղծագործական առումով: Չի վախենում պրոֆեսիոնալների քննադատությունից և ասում է. «Ինքս բարձրաճաշակ գրականագետների ընտանիքից եմ և կարողանում եմ տարբերել վատ քննադատությունը լավից: Հայրս` Հրանտ Թամրազյանը, պրոֆեսիոնալ գրաքննադատ էր: Կարևորն ինձ համար ժողովուրդն է, եթե նայում են, ծափահարում, արտասվում, ուրեմն ֆիլմը հաջողված է»:

Գայանե Դանիելյանն էլ ցավով է նշում, որ Չարենցի մահից 75 տարի անց, արդեն անկախության շրջանում, ո´չ Ազգային կինոկենտրոնը, ո´չ «Հայֆիլմը», ո´չ հեռուստաընկերությունները չեն փորձել նման ֆիլմ նկարահանել:

«Մինչդեռ համոզված եմ` մեր նշանավոր գրողների կյանքն ու կենսագրությունը հրաշալի ֆիլմեր կդառնան: Այսօր ոչ ոքի չեն արգելում ֆիլմեր նկարահանել ստալինյան տեռորի մասին, ուզում ենք այդ բացը լրացվի: Կարծում եմ` մեր հետևից կգան իսկական կինոգործիչները, ու լավ ֆիլմեր կնկարահանվեն մեր մեծերի մասին»,- ասում է նա:

Ըստ Հրայր Թամրազյանի` հետագայում սպասվում են նոր ֆիլմեր:

Նոյեմբերի 29-ից «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջում զետեղված «Մահվան տեսիլ» ֆիլմը դիտել են 10.000, Youtube սոցիալական ցանցում` 2000 այցելուներ: