Խոսնակի առաքելությունը. Հայաստանը Բրյուսելին հավատացնում է, որ հաստատակամ է իր «եվրոպական քաղաքականությանը»

ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել տեղի է ունենում է ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացման ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու ֆոնին: Իր հանդիպումների ընթացքում Հովիկ Աբրահամյանը ակտիվորեն փորձում է հավատացնել, որ Հայաստանն ամուր կանգնած է եվրաինտեգրման ճանապարհին և մտադիր չէ այդ ուղուց շեղվել:

Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Անդրե Ֆլայոյի հետ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ «Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է»:

Իրենց քայլերն դեպի Եվրոպա ուղղելու նման միանշանակ մտադրության մասին «կոմպլեմենտար» բարձրաստիճան հայ պաշտոնյաները, թերևս, առաջին անգամ են բարձրաձայնում: Ինչո՞վ է դա պայմսնավորված: Հայ փորձագետները մի քանի պատճառներ են նշում: «Լրագիր» թերթը, օրինակ, ենթադրում է, որ Հովիկ Աբրահամյանի հավաստիացումները թելադրված են Եվրոպայից գումար ստանալու մտադրությամբ: Ինչպես հայտնի է, Հայաստանի և ԵՄ-ի միջև գոյություն ունի «Ավելի շատ բարեփոխումներ` ավելի շատ աջակցություն», և այս սկզբունքն արդեն իսկ գործում է: Թերթը ենթադրում է, որ Հովիկ Աբրահամյանի այցը Բրյուսել դրամահավաքի նպատակ է հետապնդում:

Մեկ այն կարծիք էլ կա. եվրոպացի պաշտոնյաներն ասես չեն հավատում եվրոպական հանրությանն ինտեգրվելու Հայաստանի իշխանությունների հանձնառության անկեղծությանը: Չեն հավատում, քանի որ այս ուղղությամբ Հայաստանի քայլերն ավելի հռչակագրային բնույթ ունեն: Եվ ժողովրդավարական բարեփոխումները, որոնք Հայաստանի եվրաինտեգրման նախապայմանն են, առայժմ շոշափելի չեն:

«Հաջող` ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, առանց դրանց կարող են վտանգվել այն շարունակական բարեփոխումները, որոնք ակնկալում ենք տեսնել: Նախքան հաջորդ ամիս կայանալիք ընտրությունները անհրաժեշտ է կատարելագործել առկա օրենսդրական բազան` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանձնարարականներին համապատասխան և դրա հետ մեկտեղ շարունակել ընտրական օրենսդրության բարեփոխումները երկարաժամկետ հեռանկարում»,- հայտարարել է ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Արդեն Հայաստան են ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի 25 երկարաժամկետ դիտորդներ, ևս 250-ը կժամանեն փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին: Չի բացառվում, որ նախընտրական գործընթացները, որոնց արդյունքում հիմնական ընդդիմադիր ուժերը` Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջին պահին հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, հարուցել են ԵՄ կշտամբանքը: Եվ Հովիկ Աբրահամյանին ուղարկեցին Բրյուսել, որպեսզի նա հավատացնի, թե ամեն ինչ լավ կլինի:

Հայաստանի հանրությունում առայժմ այդպես էլ չեն հավատում իշխանությունների եվրոպական կողմնորոշման լրջությանը, չեն հավատում, որ սա խոր համոզմունք է, այլ ոչ թե միջազգային լեգիտիմություն և գումար ստանալու միջոց: Դա է համոզում այն փաստը, որ իբր ազատական բարեփոխումների արդյունքում աղքատությունը չի կրճատվում, ներդրումները չեն աճում, փոխարենը կրճատվում է փոքր և միջին ձեռնարկությունների թիվը:

Ինչպես նշում է քաղաքագետ Լևոն Մկրտչյանը, սակայն, Հայաստան-ԵՄ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, և այժմ Հայաստանը պետք է գործով ապացուցի, որ մտադիր է ոչ միայն իր օրենսդրությունը, այլև պրակտիկան համապատասխանեցնել եվրոպական չափորոշիչներին: Կան ոչ քիչ առաջընթաց քայլեր. ըստ էության բոլոր ընդդիմադիր ուժերը հայտնվել են խորհրդարանում և ամբիոն ստացել, զանգվածային լրատվության միջոցները, հատկապես հեռուստատեսությունը ակնհայտորեն ավելի ազատ են դարձել, դյուրացվել է բիզնեսի գրանցումը: Սակայն իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում ոտնակոխ անել իրենց օլիգարխների շահերը` տնտեսությունը վերջնականապես ազատականացնելու համար:

Փոխարենը` Հայաստանն ավելի ու ավելի համառորեն է հավատացնում, որ «Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա»: Հովիկ Աբրահամյանը որպես կարևոր քայլ նշում է միայն Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցություններում առաջընթացը: