Ալիևը երախտապարտ է Նազարբաևին Եվրասիական խորհրդի նիստում «աջակցելու» համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում «Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու կապակցությամբ Բաքվի դիրքորոշմանն աջակցելու համար»:

Ալիևը երախտագիտություն է հայտնել է Թուրքիայի Բոդրում քաղաքում այս օրերին անցկացվող թյուրքալեզու երկրների գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական նիստի ժամանակ Նազարբաևն ընթերցել էր ներկայիս Մաքսային միության բոլոր անդամների առաջնորդներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հղած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է մտնի ապագա Եվրասիական միություն միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում, առանց Լեռնային Ղարաբաղի:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անմիջապես չէր պատասխանել նիստը հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահի դիտողությանը, սակայն երկու օր անց, արդեն Հայաստանում որակելով այդ դիտողությունները որպես «տհաճ», շարունակել է պնդել, որ դա որևէ կերպ չի կարող վնասել Հայաստանին:

«Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում,- ասել է Հայաստանի նախագահը մայիսի 31-ին Ծաղկաձորում իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հավաքին: - Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և իր ղազախ գործընկեր Նազարբաևը Բոդրումում նաև մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, հաղորդել է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: