Ապարդյուն պայքար. տների զայրացած սեփականատերերը բարիկադներ են սարքում` որպես պաշտպանության վերջին միջոց «էլիտար տղերքի էլիտար տներից»

1920-ականների վերջին Հարություն Մուրադյանը Երևանի Բուզանդի 23 հասցեում տուն է կառուցել: Նա իր ընտանիքով ապրել է այդ տանը մինչև Հայրենական Մեծ պատերազմի սկիզբը, երբ մեկնել է ռազմաճակատ ու զոհվել:

Այժմ, երբ Հայաստանի մայրաքաղաքը վերափոխում են ընտանիքների պատմությունների հաշվին, Մուրադյանի տունը վերածվել է մարտադաշտի: Գլխավոր պողոտայի ճանապարհին հայտնված այդ և մի շարք այլ տներ դարձել են կռվի պատճառ: Բարիկադների մի կողմում մարդիկ են, որոնց համար առաջընթացը համարժեք է դարձել հետապնդումներին, իսկ մյուս կողմում` նրանք, ում համար շարքային մարդկանց զոհաբերությունը հանուն օլիգարխների հարստացման ընդունելի գործարք է:

Անցյալ հինգշաբթի Մուրադյանի 45-ամյա թոռը` Էդուարդը, անօգնական նայում էր, թե ինչպես են դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները (ԴԱՀԿ), ոստիկանության կարմիր բերետավոր հատուկ ջոկատայինների օգնությամբ վտարում իր ընտանիքի 11 անդամներին: Էդուարդ Մուրադյանի մայրը` Անժետտա Մուրադյանը, բարձրացել էր տան տանիքը և սպառնում էր ցած նետվել, մինչև ոստիկանները նրան քաշքշելով ցած իջեցրին:

Մուրադյաններն ասում են, որ ոստիկանները բեռնել են ընտանիքի ունեցվածքը և տարել անհայտ ուղղությամբ: «Ի՞նչ են բարձել, ո՞ւր են տարել` բան չգիտենք: Երեխայի պայուսակը, որով պիտի դպրոց գնար, էդ էլ են տարել»,- ասում է Էդուարդ Մուրադյանը:

Բուլդոզերները քանդել են տունը, ինչպես մայրաքաղաքի կենտրոնի Բուզանդ, Ամիրյան, Կողբացու, Պուշկինի և Թումանյան փողոցների այլ տներ, որոնց տեղում պետք է վեր խոյանան «էլիտար» շենքեր:

Կենտրոնը կառուցապատող հարուստ տղերքի բուլդոզերների աղմուկը, որը հայտնվել է անցումային շրջանում գտնվող այս երկրի հասարակական բանավեճերի կիզակետում, դեռ երկար չի հանդարտվի:

Առաջընթա՞ց է սա, թե՞ հետապնդում:

Մուրադյանների համար սա ակնհայտորեն հարուստների հարստացում է աղքատների հաշվին, որոնք փողից էլ քիչ իշխանություն ունեն:

Նրանք, ովքեր համաձայն են այս ծրագրերին, երազում են այն օրը, երբ քաղաքի փայլատակող նոր կենտրոնն իր շողերի ստվերում կթողնի այն ամպը, որն այժմ կախվել է կառուցապատման համար նման գին վճարած Երևանի վրա: Սակայն այս ծրագրերն ունեն բազմաթիվ հակառակորդներ, ովքեր պնդում են, որ կառուցապատման առաջարկված նախագիծը ոչ թե լրացնում, այլ խաթարում է Երևանի ճարտարապետական դեմքը:

Ամեն դեպքում, այժմ բնակիչները համոզված են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, և «պետական կարիքների» սահմանադրական, իրավական սողանցքը դարձել է այն օղապարանը, որում խեղդվում են քաղաքացու իրենց իրավունքները:

Ոմանք պարզապես չեն ուզում թողնել իրենց տները` ոչ մի գնով: Իսկ շատերն էլ դեմ չեն կառուցապատմանը, սակայն առարկում են իրենց սեփականության դիմաց կառուցապատողների առաջարկած չնչին գներին: (Հյուսիսային պողոտայում սեփականատերերից ոմանք գոհ էին իրենց առաջարկված փոխհատուցման գումարից: Իսկ Գլխավոր պողոտայի պարագայում գրեթե ոչ մեկը գոհ չէ):

Վերջին մի քանի ամսվա ընթացքում տասնյակ սեփականատերերի ստիպում են պայմանագրեր կնքել և շուկայականից եռակի ցածր գներով վաճառել իրենց տները:

Լայնորեն տարածված կարծիք կա, որը որոշ դեպքերում նաև փաստերով հաստատված է, որ կառուցապատողների փողերի հետևում հայ և ռուս օլիգարխների ծանոթ անուններն են, որոնց մեծ մասը կամ խորհրդարանի անդամ է, կամ էլ սերտ կապեր ունի Երևանի վարչակազմի հետ (տես` հարակից թեմայով «ԱրմենիաՆաուի» նախորդ հոդվածները):

Շատ դեպքերում կառուցապատողները դիմել են դատարան` պահանջելով ընդունել իրենց առաջարկը: Բոլոր դեպքերում դատարանը որոշում է կայացրել հօգուտ կառուցապատողների (միայն մեկ դեպքում վերաքննիչ դատարանը վերադարձրել է գործն առաջին ատյանի դատարան, որտեղ այն պետք է լսվի):

Մուրադյանների ընտանիքին կառուցապատող «Գրիար» ՍՊԸ-ն առաջարկել է 33700 դոլար 95 քմ ընդհանուր մակերեսով նրանց երկու բնակարանների համար, այսինքն` 335 դոլար քառակուսի մետրի համար: Հայաստանյան կենսամակարդակին ծանոթ օտար մարդկանց դա կարող է շատ լավ առաջարկ թվալ, սակայն իրականում քաղաքի կենտրոնում 1 քմ տարածքը վաճառվում է եռակի ավելի թանկ գներով, քան առաջարկվում է բնակիչներին (ըստ «ԱՍ» անշարժ գույքի գրասենյակի տնօրեն Թորգոմ Հովհաննիսյանի` կենտրոնում 1 քմ տարածքի գները սկսվում են 1000 դոլարից):

Չնայած իրենց տան մի մասը քանդված է, Մուրադյանները հրաժարվում են հեռանալ Բուզանդի փողոցից: Նրանք ճաշում են փողոցում, գիշերը մեծերից ոմանք նստած մնում են ավերակների մոտ, իսկ երեխաներն ու մյուս չափահասները քնում են հարևանների ու բարեկամների տանը: Անձրևին մտնում են գետնին տապալված տանիքի տակ:

Անժետտայի ձեռքերին դեռ մնացել են կապտուկները, որոնք ստացել է, երբ ոստիկանները նրան իջեցնում էին տանիքից, իսկ բուլդոզերն արդեն մխրճվել էր նրա տան մեջ:

«Ամբողջ կյանքս նվիրել եմ էս երկրին, 46 տարի աշխատել եմ, որ այսօր ինձ բոմժ դարձնե՞ն,- ասում է 65-ամյա Անժետտան: - Գոնե հարևաններն են հասկանում ` ինչ է նշանակում բոմժ և մեզ օգնում են»:

(Անժետտան բողոքել է դատարան, որ իր բնակարանը 6 քմ պակաս են հաշվել, գործը դատարանում է: Սակայն այս հանգամանքը չի խանգարել, որ նրանց վտարեն):

Անդրադառնալով ներկա վիճաբանությանը` Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Լյուդմիլա Հարությունյանը նշում է, որ Բուզանդի և այլ փողոցների բնակիչներն ապարդյուն հույսեր են փայփայում, որ կգա մի լավ ղեկավար և կվերականգնի արդարությունը` իրենց ըմբռնմամբ: Բայց երբ քանդեցին Մուրադյանի տան պատերը, իրենց ճակատագրին սպասող ինն ընտանիք, ընդամենը 55 հոգի, փողոցում բարիկադներ սարքեցին:

Բարիկադներից մեկն անցնում էր Մուրադյանների ավերակ տան մոտով, որտեղ նրանք նստել են.«Բա ստե չնստե՞նք, ավտոն գա վրովս անցնի՞,- ասում է Էդուարդը: - Ի՞նչ անենք, ուրիշ ձև չունենք պայքարելու»: Երբ շինարարները մոտենում են, Անժետտան բարձրանում է ավերակ տան տանիքը, որ թույլ չտա մնացածն էլ քանդեն:

«Հայերը հողը պաշտպանել են թուրը ձեռին, մենք էլ մեր տունն ու հողն ենք ուզում պաշտպանել»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը, որն ամեն օր սպասում է վտարման:

Երկու օր անց, առանց դիմադրության հանդիպելու, ոստիկանները բուլդոզերով վերացրին բարիկադը, սակայն բնակիչները սեպտեմբերի 5-ին նորը կառուցեցին: Նրանց աջակցելու էին եկել քաղաքական գործիչներ, ուսանողներ, հարակից Կողբացու փողոցի բնակիչներ, որոնց սպասում է նույն ճակատագիրը, և արդեն վտարվածներ:

«Ես եկել եմ աջակցելու իմ հարևաններին,- ասում է Բուզանդի նախկին բնակիչ Գոհար Ղարիբյանը, որ դատարանի վճռով վտարվել է բնակարանից հունիսի 23-ին: Նա որևէ պայմանագիր չի կնքել, սակայն ԴԱՀԿ գրասենյակը նրան հանձնել է 44 քմ բնակարանի դիմաց 14 հազար դոլար, որով քաղաքի ծայրամասում հազիվ հնարավոր է մի սենյակ գնել: Հիմա նրա չորս հոգանոց ընտանիքը քաղաքի ծայրամասում վարձով է բնակվում` վճարելով ամսական 70 դոլար: - Երկու ամիս էդ փողը չէինք վերցնում, օգոստոսին փողը փոխանցել են ԴԱՀԿ ծառայություն, ասեցին` եթե չվերցնենք, ընդհանրապես էդ փողը կկորի»:

Ղարիբյանները և էլի մի քանի վտարված բնակիչներ դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հաջորդ օրը ոստիկանները կրկին քանդեցին բարիկադները և այժմ այնտեղ մշտական հսկողություն են սահմանել:

Ավետիք Երանոսյանը 40 տարի բնակվում է Բուզանդի 15 տանը, որտեղից պիտի վտարեն նրան ու զավակների ընտանիքները` 12 հոգի: Այս տարածքը իրացնում է «Վիզկոն» ՍՊԸ-ն, որի տնօրենը շրջակա միջավայրի նախկին նախարարն է:

«Սովետի ժամանակ ուզում էին քանդել տունս, չթողեցի,- ասում է Երանոսյանը: - Հետ կանգնեցին: Սովետը քանդվեց, բանկում սաղ փողերս կորցրի, մնացել է էս տունը, էս էլ ձեռիցս առնում են:

Ասում են` էլիտար տղերքի համար էլիտար տներ ենք կառուցում, դուք ո՞վ եք, որ ստե ապրեք: Ես էլ ասում եմ` ինձնից էլիտարի… Մեր ազգը դարեր շարունակ դավաճան ա էղել: Եթե միասնական լինեինք, երկիրը չէինք կորցնի, էսօրվա օրով էլ էլիտար տղերքի համար էլիտար տուն չէր կառուցվի»:

Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը պնդում է, որ «պետական կարիքներին» վերաբերող օրենքի դրույթը սխալ է կիրառվում: Նա նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Վերջին վտարման հետ կապված` դատարանը վճռել է վտարել սեփականատերերին և տարածքը զբաղեցնող «այլ անձանց»: Այդ «այլ անձինք» Էդուարդի կնոջ քույրն է` Ադրբեջանից փախստական Էմմա Աղաջանյանը և նրա երկու անչափահաս երեխաները: Այս կապակցությամբ Պաշտպանը տարածել է բաց նամակ, որտեղ ասվում է. «Էմմա Աղաջանյանը դատաքննության մասնակից չի դարձվել, դատարանի վճռում նրա անունն ընդհանրապես չի նշված և նրա մասին ոչինչ չի ասված, սակայն հարկադիր կատարողը նրա թևից բռնելով վտարել է` որպես «այլ անձինք»:

Նամակում նշված է, որ նման վճիռները եզակի չեն: Իսկ վճռաբեկ դատարանն ուժի մեջ է թողնում դրանք, մինչդեռ օրենքով պետք է բեկանվեն այն դատական վճիռները, որտեղ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ վճիռներ են կայացվել:

Պաշտպանի գրասենյակի իրավաբան Ժորա Խաչատրյանն ասում է, որ իրավական ճանապարհը սպառել է, և բարիկադները դարձել են բնակիչների պաշտպանության միակ ձևը: «Դատարանների բոլոր վճիռներն ակնհայտ անարդար են, բողոքները չեն քննվում, լուծում չի տրվում: Ձևական պատճառաբանություններով մերժվում են բոլոր առարկությունները: Այսօր բնակիչները կանգնած են փաստի առաջ, որ դատական վճիռները պիտի կատարվեն: Օմբուդսմենն արդեն անզոր է. ինչքան էլ գնահատական տալիս ենք, շահագրգիռ կողմն ասում է. «Ես վճիռ ունեմ ձեռքիս»: Մարդիկ ուրիշ ճանապարհ չունեն, դիմադրության ուղին են բռնում»: