Թուրքական թեմա. Եվրամիության քննարկումների մոտենալու հետ ճամարտակություններն ավելանում են

Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կկայանա «2004 թ. դեկտեմբերից` 2005 թ. հոկտեմբեր. փոխվե՞լ է արդյոք Թուրքիան» խորագրով համաժողով: Միջոցառման նախաձեռնողը ՀՅԴ «Հայ դատ» կոմիտեն է:

Համաժողովի կազմակերպիչը Եվրախորհրդարանի «Քրիստոնյա-ժողովրդավարական միություն» խմբակցությունն է, որին աջակցում է Եվրախորհրդարանի փոխխոսնակ Ինգո Ֆրիդրիխը: Այս համաժողովի անցկացումը հայկական սփյուռքի և պաշտոնական Երևանի կողմից ձեռնարկված միջոցառումներից մեկն է` ուղղված Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ: (Եվրամիության 25 անդամ պետություններ հոկտեմբերի 3-ին կսկսեն քննարկումներ Թուրքիայի անդամակցության շուրջ):

Անցյալ շաբաթ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությունը բնութագրել է որպես հայոց պետականության դեմ ուղղված մարտահրավեր` նշելով, որ Երևանը մտադիր է խոչընդոտել այդ գործընթացին: Սեպտեմբերի 22-ի համաժողովը «ազգային ակտիվության» նման դրսևորումներից է:

«Մասնակիցների և բանախոսների բազմազան կազմը խոսում է համաժողովի լրջության մասին»,- ասվում է «Հայ դատի» գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Ֆրիդրիխից բացի, համաժողովի կազմակերպիչները հրավիրել են նաև ԵՄ-Թուրքիա խորհրդարանական պատվիրակության փոխնախագահ Ժակ Տուբոյին, պատվիրակության անդամ Պանայոտիս Բեգլիտիսին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գալֆայանին, «Հայ դատի» եվրոպական կոմիտեի նախագահ Հիլդա Չոբանյանին և այլոց: Հրավիրվածների թվում են Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասսնիկը, Ֆրանսիայի նախկին արտգործնախարարներ Միշել Բարնիեն և Յուբեր Վերդինը, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին, Եվրախորհրդարանում «Ձախերի միություն» խմբակցության առաջնորդ Ֆրենսիս Վուրցը, Թուրքիայի մասին զեկուցող Քեյմիել Յորլինգը, թուրք հրատարակիչ, Թուրքիայում մարդու իրավունքների ընկերակցության ներկայացուցիչ Ռագըփ Զարքոլուն և այլք:

Համաժողովը Եվրախորհրդարանում ընդամենը պաշտոնական Երևանի և հայկական սփյուռքի նախապատրաստած միջոցառումների շարքի մեկ օղակն է` ուղղված Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության դեմ: Այլ քայլերի թվում Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հանձնաժողովը պահանջել է Եվրոպական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վան Հեթերենից, որ պաշտոնական Անկարայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանի սահմանների ապաշրջափակման հարցերը մտցվեն հոկտեմբերի 3-ին մեկնարկող բանակցությունների օրակարգ: Բացի այդ, սեպտեմբերի 23-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի հայերի խորհրդատվական հավաքը:

Մինչև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ քննարկումների եզրափակիչ փուլը, հին աշխարհի պետությունները վերջնականապես հստակեցնում են իրենց դիրքորոշումն այս խնդրի վերաբերյալ: Եվրոպական կառույցների մոտեցումները դեռ պարզ չեն, թեև ԵՄ-ը մեղմացրել է Անկարային ներկայացված իր պահանջները: Մասնավորապես` Թուրքիայի կողմից Կիպրոսի ճանաչումն այլևս նախապայման չէ, ինչպես անցյալ տարվա քննարկումների ժամանակ:

«Ի սկզբանե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ արտահայտվող պետությունների մեծ մասի դիրքորոշումները կարծես մնում են անփոփոխ,- ասում է քաղաքագետ Վիկտոր Սոլախյանը: - Ֆրանսիան այդ խմբի առաջամարտիկն է և բազմիցս հայտարարել է եվրոպական քաղաքակրթության համար այս սցենարի կործանարար լինելու մասին: Այս հարցը լայնորեն քննարկվում է նաև Գերմանիայում նախընտրական պայքարի տեսանկյունից: Ընդդիմադիր քրիստոնյա-դեմոկրատները դեմ են արտահայտվում Թուրքիայի լիիրավ անդակցությանը: Վերջերս «ԶԴՖ» հեռուստաալիքի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 62 տոկոսը դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը»:

Վատիկանը նույնպես անդրադարձել է այս հարցին: Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը դեմ է արտահայտվել այս զարգացումներին: Դեռ իբրև կարդինալ Ռացինգեր` նա հայտարարել է Թուրքիայի` ԵՄ անդամ լինելու անթույլատրելիության մասին: «Թուրքիան միշտ էլ այլ մայրցամաք է եղել և միշտ հակադրվել է Եվրոպային»,- ասել է քահանայապետը:

«Պաշտոնական Անկարայի մոտեցումները սեպտեմբերի սկզբին բարձրաձայնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը,- ասում է քաղաքագետը: - Մեկնաբանելով Եվրամիությանն իր երկրի անդամակցության քաղաքական դիմադրության փաստը` նա հայտարարել է, որ «վերջնական մերժումը Թուրքիայի համար դեռ աշխարհի վերջը չէ»: Նա նաև նշել է, որ եթե Եվրամիության երկու-երեք անդամ դեռ չեն ուզում տեսնել Անկարային Եվրամիության կազմում և չեն վերանայում իրենց դիրքորոշումները, ապա Թուրքիան ավելի լավ է հրաժարվի իր մտադրություններից: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը նույնպես նման հայտարարություն էր արել»:

Միևնույն ժամանակ Սոլախյանը նշում է, որ գործնականում Թուրքիան բավական լուրջ պատրաստվում է անդամակցությանը: Մասնավորապես` Անկարայի իշխանությունները զուսպ են վերաբերվում Թուրքիայի Բոգազի համալսարանում հայկական հարցին նվիրված գիտաժողովի անցկացման հնարավորությանը: Նախապես մայիսին ծրագրված այս միջոցառումը խափանվել էր արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկի ջանքերի շնորհիվ: Այսօր նա արդեն ընդունելի է համարում գիտաժողովի անցկացման միտքը, իսկ երկրի վարչապետը նույնիսկ հայտարարել է գիտաժողովում իր հնարավոր ներկայության մասին:

«Ես կոչ չեմ անի հայրենական մասնագետներին մասնակցելու կամ բոյկոտելու այս համաժողովը,- օգոստոսի 30-ին ասել է Օսկանյանը: - Թող հայ գիտնականներն իրենք որոշեն այս հարցը, որը, ամեն դեպքում, չի ազդի Երևանի` Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ ուղղված ճիգերի վրա»:

Պոլսո պատրաիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն օգոստոսի կեսին Քյոլնում Երիտասարդության միջազգային օրվան նվիրված համաժողովի ժամանակ իր ելույթում ասել է.

«Այն փաստը, որ որոշ արտաքին շրջանակներ զբաղվում են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հարցերով, շատ մտահոգում է մեզ: Մենք Թուրքիայի քաղաքացի ենք, և եթե ունենք խնդիրներ, ապա լուծումներ ենք գտնում մեր երկրի իշխանությունների հետ: Թուրքիայի հայերը ունեն նույն խնդիրները, ինչ Գերմանիայի թուրք բնակչությունը: Ուրեմն, եկեք չուռճացնենք փաստերը»:

«Որպես Թուրքիայի քաղաքացի նա կարող է և իրավունք ունի Հայաստանի պետական քաղաքականությունից շեղվել,- ասում է Սոլախյանը: - Սակայն երբ Հայաստանի երկրորդ բարձրաստիճան այրն է իրեն նման բան թույլ է տալիս, դա արդեն լուրջ խնդիր է: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը Վաշինգտոնում հիմք է տալիս կասկածելու, որ Հայաստանի բոլոր իշխանական մակարդակներում գոյություն ունի փոխհամաձայնեցված դիրքորոշում»:

Սեպտեմբերի 1-ին` մեկ օր անց այն բանից հետո, երբ Երևանի պետական քաղաքականությունը Թուրքիայի ԵՄ անդամակցության նկատմամբ բարձրաձայնեց երկրի արտգործնախարարը, Հայաստանի գլխավոր օրենսդիր մարմնի ղեկավարը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած իր ելույթում սատարել է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու ձգտումները:

«Ի՞նչ վատ բան կա ԵՄ անդամ հարևան ունենալու մեջ,- ասել է խոսնակը Վաշինգտոնում: - Եթե Թուրքիան կարողանա ԵՄ պահանջները կատարել և մտնել այս կազմակերպություն, տարածաշրջանի մյուս երկրները կարող են հետևել նրա օրինակին»: