Պաշտպանության խորհուրդ. իրավապաշտպան կազմակերպությունները միավորվում են ի պաշտպանություն կալանավորված զինվորների

Անցյալ շաբաթ մամուլի ասուլիս էին հրավիրել մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ներառյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, որոնք հայտարարեցին անցյալ տարի Ղարաբաղում երկու զինվորների սպանության համար 15-ական տարվա դատապարտված զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի պաշտպանության խորհրդի ստեղծման մասին:

(Երեք զինծառայողները դատապարտվել են Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեղադրանքով: Նրանց մարմինները 2004 թվականի հունվարի սկզբին գտնվել են զորանոցի մոտակա ջրամբարում: Զալյանը և Սերոբյանը հայտարարել են, որ անմեղ են: Սարգսյանը խոստովանել է, որ մասնակցել է սպանություններին, սակայն հետագայում հայտարարել է, որ իրեն տանջելով են ստիպել նման խոստովանություն անել և ցուցմունք տալ մյուս երկուսի դեմ: Սարգսյանն օգոստոսի 12-ից հացադուլի մեջ է` բողոքելով բոլոր ներկայացված մեղադրանքների դեմ: Ստորև տես` հարակից հոդվածները):

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ երիտասարդ զինվորները վերջինը չեն զինակոչիկների այն երկար շարքում, որոնք ենթարկվում են դաժան վերաբերմունքի ու բռնությունների, իսկ այս դեպքում` ակնհայտ անօրինականության, որը լայնորեն տարածված է հայկական բանակում:

Նորաստեղծ խորհրդի հայտարարության մեջ մեղադրվում է զինվորական դատախազությունը զինվորների հետ կապված գործերի քննության ընթացքի, դատական վարույթի և հարակից բոլոր իրավական հարցերում ճնշում գործադրելու համար: Խորհուրդը պնդում է, որ դատախազությունը դիմում է այդ քայլերին` փորձելով պաշտպանել գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանին, որը, դատապարտվածների պաշտպանների համոզմամբ, պատասխանատու է սպանությունների համար:

Խորհուրդը նաև պնդում է, որ դատարանը ոչինչ չի անում պաշտպանելու մեղադրյալների ընտանիքի անդամներին և նրանց պաշտպանող փաստաբաններին մեղադրող կողմի աջակիցների սպառնալիքներից:

«Այն հանգամանքը, որ դատարանը միջոցներ չի ձեռնարկում նման գործողությունների դեմ, ապացուցում է նրա կախվածությունը զինվորական դատախազությունից»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

Խորհուրդը, ինչպես նաև դատապարտվածների փաստաբանները, քննադատում են դատարանին Գրիգորյանին հարցաքննության չկանչելու համար: ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջնորդել է Գրիգորյանի դեմ քրեական գործ չհարուցել` նշելով, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցն «ազգային հերոս է և զղջացել է»:

«Ինչի՞ համար է զղջացել Իվան Գրիգորյանը` այդպես էլ անհասկանալի մնաց թե նախաքննության և թե դատաքննության ընթացքում»:

Զալյանի, Սարգսյանի և Սերոբյանի աջակիցները կազմակերպել են բազմաթիվ ասուլիսներ ու հրապարակային ելույթներ, այդ թվում` բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի ու գլխավոր դատախազության առջև:

«Մենք պատերազմ ենք հայտարարելու զինդատախազության քայլերի դեմ,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: - Միակ ճանապարհը խորհրդի ձևավորումն է և հասարակական ակցիաները, որոնք ուղղված կլինեն ոչ միայն 3 երիտասարդների, այլև զինդատախազությունից տուժած բոլոր քաղաքացիների պաշտպանությանը»:

Իսկ առայժմ վերաքննիչ դատարանը հետաձգել է Սարգսյանի գործի լսումը` հացադուլի հետևանքով վատացած առողջական վիճակի պատճառով:

Սարգսյանին պաշտպանող փաստաբանները` Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Ոսկանյանը և Աշոտ Աթոյանը, չեն տեսակցել իրենց պաշտպանյալի հետ օգոստոսի 25-ից: Մեկուսարանի ղեկավարությունը թույլ չի տալիս նրանց հանդիպել Սարգսյանի բանտախցում և միաժամանակ ասում է, թե Սարգսյանը չափազանց թույլ է և չի կարող գալ հանդիպման սենյակ:

«Խախտվել է մեր պաշտպանական իրավունքը: 22 օր է զրկված ենք մեր պաշտպանյալին տեսնելու հնարավորությունից: Եթե նրա վիճակն այդքան ծանր է, ինչո՞ւ չեն տեղափոխում հիվանդանոց»,- բողոքում է Փոստանջյանը, որը համոզված է, թե իր պաշտպանյալին մեկուսացնելը հոգեբանական ճնշում գործադրելու միտում ունի:

Մեկուսարանի պետն ասում է, թե Սարգսյանի առողջությունը վատ չէ, և նրան կտեղափոխեն հիվանդանոց, եթե նրա կյանքին սպառնալիք առաջանա:

Երկուշաբթի փաստաբանները գրություն են ստացել մեկուսարանից, որում մասնավորապես ասված է. «Կալանավորված անձանց առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը չեն տրամադրվում, բժշկական քարտերը գաղտնի փաստաթղթեր են»:

Սարգսյանի փաստաբանների հավաստմամբ` 19-ամյա պատանին երիկամի սուր ցավեր ունի, չի կարողանում քայլել, հազիվ է խոսում: