Ողբերգական մահն ասեկոսեներ է ծնում. կախված պատանու մասին լուրերը վախ են տարածում Երևանում

Երևանի հյուսիսային արվարձաններից մեկում ծնողներն սկսել են անհանգստանալ իրենց զավակների անվտանգության համար այն բանից հետո, երբ մի դպրոցականի բռնի մահից հետո ասեկոսեներ են տարածվել նոր սպանությունների ու առևանգումների մասին:

14-ամյա Աշոտ Մակարյանը սովորում էր Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 197 դպրոցի 8-րդ դասարանում: Սեպտեմբերի 6-ին նրան գտել են Հրազդանի կիրճում` Հաղթանակի կամրջի տակ ծառից կախված: Ըստ ոստիկանության տեղեկությունների` տղայի ձեռքերը եղել են կապված, թեև ոչ ամուր:

(Թեև պատանու դիակը գտել են երկու շաբաթ առաջ, սակայն նրա մահվանն առնչվող ասեկոսեներն սկսել են տարածվել քաղաքում միայն այս շաբաթ: Ասում են, իբր տղայի մարմնին ինչ-որ ուղերձներ են փակցված եղել, իբր նախկինում էլ են եղել նման դեպքեր, որոնք չեն բացահայտվել):

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը քրեական գործ է հարուցել սպանության առնչությամբ (թեև չի բացառվում ինքնասպանության վարկածը):

Այս ուսումնական տարվա սկզբից Աշոտը դպրոցում եղել է միայն մեկ օր` սեպտեմբերի 5-ին: Դրանից առաջ, թիվ 197 դպրոցի տնօրեն Վարսենիկ Թադևոսյանի հավաստմամբ` տղան եղել է տատի տանը` Էջմիածնում:

Ասում են, իբր դեպքին հաջորդել են անանուն հեռախոսազանգեր տարբեր դպրոցներում սովորող երեխաների ծնողներին` սպառնալիքներով նրանց երեխաների հասցեին. «Ձեր երեխան կմեռնի հաջորդը» և այլն:

Քաղաքով մեկ տարածվող ասեկոսեները խուճապ են առաջ բերել դպրոցակաների, ուսանողների ու ծնողների մի մասի շրջանում:

Երկու երեխայի մայր 32-ամյա Գոհար Դարբինյանի որդին այս տարի է դպրոց գնացել: Նա ասում է, որ վերջերս իրեն և այլ ծնողների են հասել ասեկոսեներ երեխաների առևանգման մասին և որ դրանք կապվում են տարբեր կրոնական աղանդների հետ:

«Դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողները ծանոթ են այդ ասեկոսեներին: Իմ երեխայի ուսուցչուհին հատուկ զգուշացրել է դասարանին, որ եթե որևէ մեկի ծնողն ուշանում է, երեխաները պետք է չհեռանան իրենից»,- ասում է Նոր Նորքի բնակիչ Դարբինյանը:

Երկուշաբթի Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը կտրականապես հերքել է Երևանում շրջող ասեկոսեները երեխաների սպանությունների կամ ինքնասպանությունների մասին:

«Այս ասեկոսեները միանգամայն անհիմն ու սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ոստիկանության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Տնօրեն Թադևոսյանն այս անանուն սպառնալիքները համարում է «չար կատակ» և ասում է, որ իրենք վճռականորեն են տրամադրված` թույլ չտալու, որ նման շահարկումները խանգարեն ուսումնական ընթացքը:

«Դեպքից հետո երկու ծնող անանուն սպառնալիքներ են ստացել: Իհարկե, նման ասեկոսեների տարածումը լարվածություն է առաջացրել ծնողների շրջանում, և ոմանք երեխաներին ուղեկցում են դպրոց: Բայց, ամեն դեպքում, ուսումնական գործընթացը շարունակվում է, և անհանգստանալու կարիք չկա»,- հայտնեց Թադևոսյանն «ԱրմենիաՆաուին»:

Սակայն ստեղծված վիճակը բավական էր, որպեսզի երեկ Նոր Նորքի դպրոցների տնօրենները հավաքվեին թաղապետի մոտ: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ խուճապային տրամադրություններ են նկատվել նաև համայնքի մի քանի այլ դպրոցներում:

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ դա եզակի դեպք է, իսկ մնացածը պարզապես ասեկոսեներ են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Նախարարության մամուլի խոսնակ Կարինե Գրիգորյանն ասում է, որ նախարարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել դպրոցների անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

«Դպրոցներում անվտանգությունն ապահովելը միշտ էլ եղել է նախարարության ուշադրության կենտրոնում: Մենք չենք կարծում, որ դպրոցներում այսօր անվտանգության ուժեղացման կարիք կա, քանի որ, նախարարության կարծիքով, անվտանգությունը դպրոցներում ապահովվում է»,- ասում է Գրիգորյանը:

Նա ծնողներին խորհուրդ է տալիս լրջորեն չընդունել նման ասեկոսեները և երեխաներին դպոցից հետ չպահել:

Թադևոսյանը և դասղեկ Մարիամ Հովհաննիսյանը բնութագրում են Աշոտին որպես խելոք երեխայի, որը սակայն շատ չէր շփվում համադասարանցիների հետ:

«Դասերն ավարտվելուց հետո վազում էր տուն: Բուֆետից չէր օգտվում, միջոցառումներին չէր մասնակցում: Ինձ երկու անգամ հաջողվել է համոզել նրան, որ համադասարանցիների հետ մասնակցի միջոցառումներին»,- ասում է Հովհաննիսյանը` միաժամանակ ավելացնելով, որ նա դասերից ամենաքիչն էր բացակայում, միջին առաջադիմություն ուներ և ոչ մի արտասովոր բանով աչքի չէր ընկնում:

Իսկ Աշոտի մայրը` 42-ամյա տնային տնային տնտեսուհի Կարինե Մակարյանը, բնութագրում է որդուն որպես աշխույժ երեխայի:

«Ուսուցիչներն ասում են, որ նա մեկուսացված էր մյուս երեխաներից, բայց տանը շատ ուրախ-զվարթ տղա էր,- ասում է մայրը: - Մեզ համար Աշոտի սպանությունը, իսկ ես կասկած չունեմ, որ դա սպանություն է, ծանր հարված էր, որի հետ մենք դեռ չենք հաշտվել»:

Մակարյանն ասում է, որ ինքն ու ամուսինը` Խաչատուրը, հույսը դրել են ոստիկանության վրա, որ կարողանան գտնել իրենց որդուն սպանողին: «Միայն այդ դեպքում մենք ինչ-որ չափով կհանգստանանք: Ես ուղղակի ցնցված եմ և չեմ ուզում, որ որևէ ծնող նման ապրումներ ունենա»:

Նա ավելացնում է, որ որդին ոչ մի կրոնական կազմակերպության հետ կապված չի եղել, և իրենց շրջապատում էլ այդպիսիք չեն եղել:

Կարինեի մյուս որդին` Արշավիրը, սովորում է նույն համայնքի մեկ այլ դպրոցի 10-րդ դասարանում: Նա սկսել է նորից դպրոց հաճախել այս շաբաթ:

«Մենք մտադիր ենք մինչև վերջ պայքարել, որ այս սպանությունը բացահայտվի, որ վերջ տանք ասեկոսեներին, ու, վերջապես, մեր համայնքի երեխաներն ու ծնողները իրենց նորից ապահով զգան»,- ասում է Կարինեն:

Իսկ Աշոտի ուսուցիչները` դասամատյանում հասնելով 12 համարին, ստիպված համակերպվում են նրա բացակայության հետ: Նոյեմբերի 8-ին Աշոտը կնշեր իր 15-ամյակը: Մայրն ասում է, որ որդին ուզում էր զինվորական դառնալ: