Որևէ մեկը լսո՞ւմ է. մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց սեփականության իրավունքի խախտումների մասին

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցից 6 ամիս չանցած` Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հրապարակել է արտահերթ զեկույց, որը վերաբերում է Երևանի կենտրոնում սեփականության իրավունքի հետ կապված վեճերին:

(Կառուցապատման ծրագրերի հետևանքով տեղահան են արվել հարյուրավոր բնակիչներ, ինչը, շատերի համոզմամբ, մարդու իրավունքների ոտնահարում է և Հայաստանի սահմանադրությամբ սահմանված «պետական կարիքների մասին» դրույթի չարաշահում (տես` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները):

Նոր զեկույցը, որ վերնագրված է «Սեփականության, արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտումների մասին», շարունակում է անդրադառնալ տարեկան զեկույցում արձանագրված խախտումներին, որոնք, ըստ օմբուդսմենի (և համաձայն օրենքի)` պետք է վերացվեին, բայց չեն վերացվել:

24 էջից և 9 գլխից կազմված զեկույցում նշվում է, որ այն պատրաստվել է` «նկատի ունենալով, որ քաղաքացիների նշված իրավունքի, դրա հետ կապված արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտումները ոչ միայն չեն վերացվել և դրանց վերացմանն ուղղված միջոցներ չեն ձեռնարկվում, այլև շարունակվում են, անհրաժեշտություն է առաջացել կրկին անդրադառնալ այդ խնդրին` իշխանություններին և հանրությանն ուղղված այս հատուկ զեկույցով»:

Զեկույցում (www.ombuds.am) մանրամասն ներկայացված են բոլոր օրինախախտումները և մարդու իրավունքի ոտնահարումները, որ կատարվել են կենտրոնի կառուցապատման ընթացքում: Պաշտպանը 2004 թվականին ստացել է 176 բողոք, իսկ 2005 թվականի վեց ամիսներին` 239 բողոք: Զեկույցը կարող է օգտակար փաստաթուղթ ծառայել այն փաստաբաններին, որոնք պաշտպանում են մարդկանց սեփականության և բնակարան ունենալու իրավունքը: Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Հայաստանի սահմանադրության, քաղաքացիական, հողային, բնակարանային օրենսգրքերի և սահմանադրական դատարանի որոշումների վրա` պաշտպանը մանրամասն ներկայացնում է, թե ինչպես են խախտվել քաղաքացիների իրավունքները:

Նախորդ զեկույցի քննադատներն ասում էին, որ պաշտպանն արձանագրած օրինախախտումներից շատերը չի հիմնավորել օրինակներով: Արտահերթ զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտումների օրինակներին` մանրամասն վերլուծելով դատարանների որոշումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հետազոտությունների ու վերլուծությունների հիման վրա եզրակացրել է, որ մարդկանց սեփականությունն օտարվել է առանց յուրաքանչյուր սեփականատիրոջ համար առանձին համապատասխան օրենքի, որ պահանջում են սահմանադրությունը և սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի որոշումը: Կառավարության որոշումներով, որոնք հակասում են սահմանադրությանը, սեփականատերերը զրկված են իրենց սեփականությունը տնօրինելու իրավունքից: Նրանք չեն ստանում համարժեք փոխհատուցում, բացի այդ, հատուցումները ծանրաբեռնվում են օրենքով չնախատեսված պարտավորություններով: Խախտվում է բնակարան ունենալու անհատի և ընտանիքի իրավունքը: Պետությունը ոչ միայն չի օժանդակում ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման իրավունքի իրականացմանը, որ պահանջում է սահմանադրությունը, այլև զրկում է բնակարանից:

Զեկույցն արձանագրում է, որ օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքի խախտմամբ տեղի է ունենում սեփականության անարդար վերաբաշխում. առանձին անհատներ անհամեմատ ցածր գնով դառնում են Երևան քաղաքի կենտրոնական հատվածի սեփականատերեր, առավել անապահով խավը դուրս է մղվում դեպի քաղաքի ծայրամասեր: Այն միջոցները, որոնցով բնակիչներին ստիպում են լքել իրենց բնակարանները (օրինակ` քանդում են շենքը նախքան դատական բողոքարկումների մասին որոշում ընդունելը), ըստ զեկույցի, մարդու իրավունքների խախտում է:

Նաև արձանագրված է, որ ուսումնասիրված գործերով դատարանները չեն պաշտպանում քաղաքացիներին և չեն վերականգնում նրանց խախտված իրավունքները: Խախտվում է արդար դատաքննություն ապահովելու միջոցով դատական պաշտպանություն ստանալու քաղաքացիների իրավունքը:

Եզրափակելով զեկույցը` մարդու իրավունքների պաշտպանը նշում է, որ սա մի փորձ է ՀՀ իշխանության բոլոր օղակների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու մարդու իրավունքների ճանաչման անհրաժեշտության վրա: