Ընտրությունները տարբեր են, պատմությունը` նույնը. ընտրակաշառքը թաղապետի պաշտոն է բերում օլիգարխի հովանավորյալին

Հաղթանակ տանելով անցյալ շաբաթվա վերջին կայացած ընտրություններում, որոնք վերածվել էին ընտրակաշառքների մրցավազքի, Հայաստանի ամենահզոր օլիգարխներից մեկի 26-ամյա հովանավորյալը դարձավ Երևանի ամենաաղքատ վարչական շրջանի թաղապետ:

Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների (ընդդիմությունն արհամարհել էր այդ ընտրությունները)` Մհեր Հովհաննիսյանը հեշտությամբ հաղթանակ տարավ Նուբարաշենի գործող թաղապետ Ռուբեն Ասատրյանի նկատմամբ, որը թեև աջակցում է կենտրոնական իշխանություններին, սակայն ոչ մի քաղաքական կուսակցության չի հարում: Ասատրյանը, որը 22 տարի զբաղեցնում էր թաղապետի պաշտոնը, ստացավ ձայների ընդամենը 13 տոկոսը:

Ընտրությունների արդյունքը կանխորոշված էր այն հանգամանքով, որ Հովհաննիսյանին ակտիվորեն աջակցում և հովանավորում էր հանրությանը Դոդի Գագո մականունով հայտնի Գագիկ Ծառուկյանը` հանրապետության ամենահարուստ և զորեղ մարդկանցից մեկը, որը մոտ է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ասում են, որ Հովհաննիսյանի հայրը Ծառուկյանի մերձավոր գործընկերներից է և ղեկավարում է տեղի խոշոր հեղուկ գազի լցակայաններից մեկը: Մեծահարուստի աջակցությունը երիտասարդին արտահայտվեց լուրջ դրամական հատկացումներով ընտրարշավին և տեղական ընտրական հանձնաժողովների վերահսկողությամբ:

Բազմաթիվ ականատեսներ վկայում են այն, ինչ ավելի ու ավելի է դառնում Հայաստանի ընտրությունների, ընդ որում` ոչ միայն տեղական, բնորոշ առանձնահատկությունը` ընտրակաշառքը: Ընտրողներից շատերն ընդունում էին, որ երկու թեկնածուներից էլ փող ու մթերք են ստացել:

Մասնավորապես, տարեց ընտրողները պատմում էին, թե ինչպես են Հովհաննիսյանի ներկայացուցիչները քվեարկությունից առաջ հավաքել իրենց անձնագրերն այն բանից հետո, երբ իրենք համաձայնել են 5000 դրամի դիմաց նրա օգտին քվեարկել: «Մենք ստացանք մեր փողը, հետո էլ անձնագրերը վերադարձրին»,- ասաց մի տղամարդ:

«Հինգ հազար դրամ»,- հաստատեց մեկ ուրիշը` մի կին թոշակառու: Այդ գումարը համեմատելի է նրա ամսական թոշակի հետ:

Սակայն ընտրողները նշում են, որ անձնագրերը հետ ստանալուց հետո իրենց չեն ուղարկել քվեարկելու: Ըստ երևույթին, նրանց փոխարեն «քվեարկել» են ուրիշները: Անձնագրերը պարունակում են քվեարկողների ստորագրությունները և ընտրական հանձնաժողովներին անհրաժեշտ այլ տվյալներ:

Հովհաննիսյանը, որը հրաժարվեց հարցազրույց տալ իր ընտրական շտաբում, ընդունեց, որ իր շտաբի աշխատակիցներն ուրբաթ օրը հավաքել են անձնագրերը, սակայն հերքեց փող կամ այլ փոխհատուցում տալու հանգամանքը: «Մենք պարզապես անձնագրերով ճշտում էինք ընտրացուցակները,- ասաց նա «Ազատության» թղթակցին: - Ցուցակներում անճշտությունները շատ են»:

Հաղթողի և նրա ընտրարշավի կազմակերպիչների հետ չհաջողվեց զրուցել նաև ընտրությունների հաջորդ օրը (երբ պատրաստվում էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը): Աջակիցներից մեկի խոսքերով` «ամբողջ գիշեր խրախճանքի մեջ են եղել, հիմա, երևի հանգստանում են»:

Աղքատ համայնքի բնակիչներն ասում են, որ արդեն սովորել են վաճառել իրենց ձայները: «Կարո՞ղ ա ինքը չի արել: - ասաց մի կին` նկատի ունենալով Ասատրյանին: - Ինքն էլ ա տվել մարդկանց գումար, ինչ-որ բան, որ ընտրեն, չէ՞… Ամեն տեղ էլ անում են: Նույնն էլ ստեղ ա էղել...»:

«Օգնություն են տվել մարդկանց,- ավելացրեց նա: - Դա ոչ ոք կաշառք չի համարել»:

Հայաստանի օրենսդրությամբ խստորեն արգելվում է ընտրությունների թեկնածուներին որևէ նյութական փոխհատուցում կամ ծառայություն տրամադրել ընտրողներին: Սակայն վերջին տարիներին կայացած նախագահական, խորհրդարանական և, հատկապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրողների ձայներ գնելը դարձել է սովորական երևույթ: Առայժմ դրա համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: