Տավուշի կոմունիկացիաները. ծրագրերը մոտենում են ավարտին, իսկ նախագահը խոստանում է ուշադրության կենտրոնում պահել մարզը

Անցյալ ուրբաթ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Տավուշ` խոստանալով, որ ռազմավարական նշանակություն ունեցող մարզի կապը կարևորագույն առևտրական և կոմունիկացիոն ուղիների հետ շուտով կբարելավվի:

Մինչև այս տարվա ավարտը Ադրբեջանին սահմանակից գյուղերը, որոնք ղարաբաղյան պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ հայտնվել էին մեկուսացման մեջ, կկապվեն սահմանամերձ բնակավայրերը Երևանին և Թբիլիսիին միացնող ավտոմայրուղուն:

Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար 23 կիլոմետրանոց ավտոմայրուղու 16 կիլոմետրն արդեն ասֆալտապատվել է: Ակնկալվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչև 2006 թվականը: Ծրագրի ֆինանսավորմանը բյուջեից հատկացվել է 1,5 միլիարդ դրամ:

Նախագահը նաև խոստացավ, որ կբարեկարգվեն ճանապարհները մարզի գյուղերի ու քաղաքների միջև:

«Առաջիկա 2-3 տարվա ընթացքում ճանապարհ պետք է կառուցվի Բերդից Ճամբարակ, Ճամբարակից Դիլիջան, Ճամբարակից Շորժա, Բերդից մինչև վերջին ծայրամասային գյուղը»,- անցյալ ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Քոչարյանը:

Տավուշցիները, ինչպես Չինչին գյուղի բնակիչ Հակոբ Պողոսյանը, ողջունում են խոստումների կատարումը:

«Բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել ճանապարհորդելու այս լեռնային տարածքով, չեն կարող չհիշել հերթական ոլորանի հետևում դարանած վտանգը` գիշերային փոթորկի տապալած վիթխարի ծառերի բները և դանդաղ շարժվող սողանքները, որոնք շրջանցելով էլ առաջանում էին հազվադեպ հանդիպող ավտոմեքենաները,- ասում է Պողոսյանը: - Նույնիսկ «բարեկեցիկ» խորհրդային տարիներին էս տեղերում միայն մեկ վստահելի փոխադրամիջոց գիտեին` բեռնած ավանակը»:

Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզը զբաղեցնում է 2,7 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Լինելով հանրապետության ամենատեսարժան շրջաններից մեկը` Տավուշը նաև միակն է, որ սահմանակից է միաժամանակ Վրաստանին և Ադրբեջանին: Պաշտպանական առումով այն ռազմավարական նշանակություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ բացի թշնամական տարածքին սահմանակից լինելուց, Վրաստանի սահմանակից տարածքները, մասնավորապես` Մարնեուլի շրջանը, նույնպես բնակեցված են հիմնականում ադրբեջանցիներով:

Տավուշի գլխավոր բնակավայրերը (ներառյալ Իջևանը և Նոյեմբերյանը) կրում են ճակատամերձ մթնոլորտի դրոշմը` չգործող երկաթգիծ, ռմբակոծված տներ, ականապատ դաշտեր և վնասված ջրագծեր: Մարզն ունի մոտ 160000 բնակիչ, որից 63000-ը` քաղաքային (Դիլիջան` 24000, Իջևան` 21000, Բերդ` 11500, Նոյեմբերյան` 6500):

«Բացի ճակատամերձ գոտու աչքի զարնող արտահայտություններից, այս ամենը նաև ձևավորում է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրող մարդկանց հատուկ հոգեբանություն»,- ասում է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նրա հավաստմամբ` մարզի 58 գյուղերի կեսը գտնվում է «հակառակորդի սնայպերական հրացանի նշանառության շառավղում»: 1994 թվականի մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի խախտման դեպքերի ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել և ունենում է Տավուշի մարզում:

«Մարզի գրեթե 100 հազարանոց գյուղական բնակչությունը, որի մի մասը շարունակում է ապրել ծայրահեղ պայմաններում, պետք է զգա կապը երկրի ներքին շրջանների հետ,- ասում է Արմեն Ղուլարյանը: - Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մարզի տնտեսական զարգացման մի շարք միջոցներ. ստեղծել գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, կազմակերպել սահմանամերձ գյուղերի գյուղարտադրանքի սպառման նոր ուղիներ ու շուկաներ: Սակայն ամենակարևորը ճանապարհների կառուցումն է, առանց որոնց անհնար է լրջորեն խոսել մարզի տնտեսական զարգացման մասին»:

Հաշվի առնելով Տավուշի մարզի առանձնահատկությունը` Հայաստանի կառավարությունը 2002 թվականին ընդունել է մարզի վերականգնման սոցիալ-տնտեսական ծրագիր, որը դարձավ ՀՀ` մեկ առանձին մարզի մասին ընդունված առաջին պետական ծրագիրը:

«Տավուշի տնտեսական զարգացման ծրագիրը, անկասկած, շատ կարևոր փաստաթուղթ է հենց այն առումով, որ դա տարածաշրջանի բոլոր սոցիալ-տնտեսական գերակայությունների խորապես մտածված ցանկ է,- ասաց Քոչարյանը: - Այս փաստաթուղթը, ըստ էության, ցույց է տալիս տարածաշրջանի վերականգնման տրամաբանությունը: Ժամանակն իր ուղղումներն է կատարում իրականացվող ծրագրերում, և Հայաստանի իշխանությունները մշակում են նոր կետեր` հիմնվելով արդեն գոյություն ունեցող ծրագրի վրա:

Մասնավորապես, մենք պետք է հրաժարվենք կարկատաններ դնելու մոտեցումներից, երբ հատկացված գումարներով փորձում են մի քանի դպրոցում հրատապ հարցեր լուծել. Մի տեղ` տանիք, մի տեղ` սանհանգույց, մի ուրիշ տեղ` ջեռուցում: Այսօր կոնցեպտուալ լուծումների ժամանակ է` նոր դպրոցների, նոր ճանապարհների կառուցում…»:

Եվ, ավելացրեց նախագահը, հեռախոսային ծառայությունը նման տարածքներ հասցնելու ժամանակն է:

«Ռազմավարական խնդիր է նաև բնակչությանը, հատկապես` Հայաստանի սահմանամերձ շրջաններում, բջջային հեռախոսակապով ապահովելը,- ասաց Քոչարյանը: - Կարծում եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի բջջային նոր օպերատորի («Վիվասելլ» ընկերության. տես` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները) գործունեության շնորհիվ: Բացի ռազմական-ռազմավարական գործոնից, այստեղ կարևոր է մեկ այլ ասպեկտ ևս. տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը հնարավոր է միայն կայուն կապի առկայության պայմաններում»:

Նախագահը, սակայն, չնշեց, որ մայրաքաղաքում էլ բջջային նորմալ կապ չի ապահովվում հուլիսից, երբ «Արմենտելն» ու «Վիվասելլն» սկսեցին պայքարել հեռախոսային շուկայի համար: Սակայն այդ պայմանն իր նշանակությունը չի կորցրել Կոթի գյուղի բնակիչ Ժորա Բեջանյանի համար, որը համոզված է, որ իր մարզն արժանի է հատուկ ուշադրության:

«Արմենտել» ընկերությունը, որը պարտավորվել է հուսալի հեռախոսակապով ապահովել երկրի բնակչությանը, չի կատարում իր պարտավորությունները,- ասում է Բեջանյանը: -Սակայն եթե հանրապետության մայրաքաղաքում այդ թերացումն առաջ է բերում սոցիալական զայրույթ և ընկալվում է որպես սպառողի շահերի ոտնահարում, ապա ճակատային գծում դա հղի է նաև ռազմավարական կորուստներով»: