Դժվար համաժողով. չնայած բողոքի ցույցերին` Ստամբուլում տեղի ունեցավ ցեղասպանությանը նվիրված գիտաժողով

Չնայած թուրք ազգայնամոլերի բողոքներին, Թուրքիայի փաստաբանների միության դատական հայցին և անգամ Թուրքիայի արդարադատության նախարարի առարկությանը` անցյալ շաբաթ Ստամբուլում անցկացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով:

Երկու օրվա ընթացքում պատմաբաններն ու գիտաժողովի այլ մասնակիցներ բանավիճեցին և քննարկեցին այս վիճահարույց հարցը (որին երկու օր առաջ անդրադարձավ նաև Եվրախորհրդարանը: Տես` Ընդունում ընդունելուց առաջ):

«Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն և ժողովրդավարության խնդիրներ» թեմայով գիտաժողովը պետք է անցկացվեր դեռ մայիսին, սակայն որոշ քաղաքական գործիչների և հասարակական ուժերի հաջողվեց խափանել այն:

«Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը պահանջում է զգալի ժողովրդավարական գործընթացներ,- ասաց գիտաժողովի կազմակերպիչներից մեկը` թուրք պատմաբան Մուրադ Բեգլեն: - Սակայն Թուրքիայում, ինչպես և ցանկացած հասարակությունում, կան ուժեր, որոնք վախենում են կորցնել իրենց ազդեցությունն ու իշխանությունը: Այդպես ձևավորվում է Թուրքիայի եվրաինտեգրմանն ընդդիմացող ճակատը»:

Գիտաժողովում ելույթ ունեցած թուրք պատմաբանները (Հալիլ Բերքթայ, Սելիմ Բելինգիր, Մուրադ Բեգլե և այլք) բավական ազատ քննարկում էին Հայոց ցեղասպանության հարցը:

«Թուրքիայի երիտասարդ սերունդը ոչինչ չգիտե 20-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին, ինչի պատճառը կրթական համակարգն է,- ասաց Բեգլեն: - Հայկական հարցը մեր պատմության ամենամռայլ էջերից է, և, բնական է, որ ոչ ոք չի ցանկանում ընդունել դա: Այս համալսարանում հավաքվել են մարդիկ, ովքեր ուզում են վերանայել ու քննարկել այս խնդիրը»:

Սակայն Ստամբուլի Բիլգի համալսարանի մոտ ծայրահեղ աջ Ազգային վերածննդի կուսակցության ներկայացուցիչ Քեմալ Քերինչսիզի ղեկավարությամբ հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք բողոքում էին գիտաժողովի անցկացման դեմ: Գիտաժողովի աշխատանքներին հայաստանցի մասնագետներ չմասնակցեցին:

«Սկզբում նախատեսվում էր, որ գիտաժողովին կմասնակցեն նաև հայ մասնագետներ,- ասում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը: - Սակայն այն խափանվեց Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեքի և նրան աջակցող հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ: Չգիտեմ` այս միջոցառումն ընդհանրապես կկայանա՞ր, եթե չլիներ Եվրահանձնաժողովի արձագանքը [որն իր դժգոհությունը հայտնեց մայիսյան գիտաժողովի հետաձգման առնչությամբ]»:

«Կասկած չի հարուցում այն փաստը, որ Թուրքիան իսկապես շատ մեծ ու լուրջ ճանապարհ է անցել այն Թուրքիայի Հանրապետությունից, որը կար անցյալ դարի կեսերին մինչև այսօրվա պետությունը,- ասում է դիվանագետ և արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը: - Թուրքիան մեծ ջանքերի գնով հաղթահարում է աներևակայելի ներքին դիմադրությունը, որը կապված է առանձնահատուկ ավանդույթների փոփոխության հետ, և մեծագույն դժվարությամբ է հրաժարվում իր ինքնիշխանության անգամ ամենաչնչին տարրերից: Բայց դա տեղի է ունենում. մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի Ստամբուլում նման գիտաժողովի անցկացման հնարավորությունը»:

Այլ հայ մասնագետներ ուրիշ կարծիքի են` համարելով, որ Ստամբուլի գիտաժողովի անցկացման մեջ ոչ մի հեղափոխական բան չկա:

«Դեռ 1990-ականների վերջին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարում էին, թե Հայոց ցեղասպանության հարցը ոչ թե քաղաքական գործիչների, այլ պատմաբանների քննարկման նյութ է,- ասում է քաղաքական վերլուծաբան Արմեն Հակոբյանը: - Այս տարվա ապրիլին Երևանում տեղի ունեցավ գիտաժողով, որին մասնակցեցին նաև գիտնականներ Թուրքիայից, Իսրայելից ու ԱՄՆ-ից: Ընդ որում, բացակայում էին գիտնականներ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ավանդույթներ ունեցող երկրներից` Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլն: Ակնհայտ է, որ Ստամբուլում անցկացած միջոցառումը նույն շղթայի օղակներից է: Անշուշտ, թուրքական կողմը պետք է այնպես ներկայացնելր գիտաժողովի կազմակերպման դժվարությունները, որ աշխարհը տեսներ, թե ինչ ուժեղ հասարակական ճնշում է ինքը ստիպված հաղթահարել: Իրականում, Անկարային նման գիտաժողովները, որոնց ընթացքում ոչ մի քաղաքական խնդիր չի դրվում, միայն ձեռնտու են»: