Էլեկտրացանցային գործարք. ռուսական ընկերությունը (ըստ կանխատեսումների) կգնի «Հայաստանի էլեկտրական ցանցերը»

Ամենաշատը մեկ ամսից «Հայաստանի էլեկտրական ցանցերը” կունենա նոր սեփականատեր: Ինչպես կանխատեսում էին վերլուծաբանները և հերքում էին իշխանությունները` ռուսական «Ինտերէներգո ԲՎ» ընկերությունը, որը հունիսին 99 տարով գնել էր ՀԷՑ-ի կառավարման իրավունքը, ցանկություն է հայտնել ձեռք բերելու ընկերության 100 % բաժնետոմսերը:

Ներկայումս սեփականատիրոջ իրավունքների փոխանցման գործարքը, որին իր համաձայնությունն է տվել Հայաստանի կառավարությունը, թղթաբանության փուլում է:

Անցյալ ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հերքել է մեղադրանքները, թե գործարքը քաղաքական ուղղվածություն ունի, կամ որ բաշխիչ ցանցերի վաճառքը կանդրադառնա երկրի ռազմավարական անվտանգության վրա:

(Երբ հայտարարվեց կառավարման պայմանագրի մասին, այն զգալի ընդդիմություն առաջ բերեց Հայաստանում, այդ թվում` նաև միջազգային կառույցների կողմից, որոնք պնդում էին, որ ՀԷՑ-ի վաճառքը կնշանակի կնքված միջազգային պայմանագրերի խախտում: Տես` Էներգետիկ խաղեր):

«ՀԷՑ-ի տնօրինումը ռուսական ընկերության կողմից չի նշանակում, որ ընկերությունը որոշելու է` ինչպես այն շահագործել,- ասում է նախարարը: - Այս համակարգում իրականացվող առաքելությունները կատարվում են Հայաստանում ընդունված օրենքների, կառավարության որոշումների և կատարողի կողմից հաստատված նորմատիվ ակտերի համաձայն: Եվ դրանք ամրագրված են այնպես, որ ինչ-որ մի ընկերության քմահաճույք չի կարող ազդել համակարգի վրա` լինի դա «ՌԱՕ ԵԷՍ», թե մեկ ուրիշ ընկերություն»:

Ըստ Մովսիսյանի` ՀԷՑ-ի ներկայիս սեփականատեր բրիտանական «Միդլենդ ռիսորսիզ» ընկերությունը դեռ երկու շաբաթ առաջ հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ համակարգում և ցանկանում է փոխանցել բաժնետոմսերը «Ինտերէներգո» ընկերությանը, որը մտնում է ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» էներգահոլդինգի կազմի մեջ:

«ՌԱՕ ԵԷՍ»-ի մեկ այլ դուստր ձեռնարկություն`«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը,  նաև առաջարկել էր Հայաստանի կառավարությանը ստանձնել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի կառուցումը (250 մլն դոլար հաշվարկային գումարով), որը էլեկտրաէներգիա կմատակարարեր Իրանին ներկրված բնական գազի դիմաց:

Սակայն ըստ էներգետիկայի նախարարի` հինգերորդ էներգաբլոկը կկառուցի իրանական «ՄԱՊ» ընկերությունը: Ծրագիրը կիրականացվի երկու տարում և կարժենա 150 մլն դոլար: Իրանական ներդրումային գումարը կվերադարձվի 10 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի տեսքով:

Մերժում ստանալուց անմիջապես հետո ռուսները տեղեկացնում են էներգետիկայի նախարարությանը, որ ցանկանում են ժամկետից երեք տարի շուտ դադարեցնել իրենց գործունեությունը Հայկական ատոմակայանում` հիմնավորելով դա այն հանգամանքով, որ նախատեսվող ֆինանսական ծրագրերն արդեն իրականացված են:

Մովսիսյանը նաև հաստատեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Ռապպոպորտի վերջերս արած հայտարարությունը, համաձայն որի Հայկական ատոմակայանի տնօրենների խորհրդի վերջին խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ կայանը պատրաստ է ինքնուրույն շահագործման:

«Մենք պատրաստ ենք դադարեցնելու ատոմակայանում մեր կառավարումը, չնայած այս տարիների ընթացքում մենք ենք ապահովել և հանդիսացել միջուկային վառելիքի մատակարարման ֆինանսական երաշխավորը: Ատոմակայանին անհրաժեշտ վառելիքը կմատակարարվի նման ձևով մինչև այս տարվա վերջ»,- ասել է Ռապպոպորտը:

Երկու էներգաբլոկից բաղկացած Հայկական ատոմակայանը` 815 Մվտ ընդհանուր հզորությամբ, փակվել է 1988 թվականին: Կայանի երկրորդ բլոկը` 407,5 Մվտ հզորությամբ, վերագործարկվել է 1995-ին: Իսկ 2003 թ. սեպտեմբերին ատոմակայանը մինչև 2008 թվականը ֆինանսական կառավարման է հանձնվել ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵէՍ» ընկերությանը:

Ըստ նախարար Մովսիսյանի` հայկական կողմը չի շտապում հրաժարվել ռուսական ընկերությունից. «Դեռ մենք ենք խնդրում, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը շարունակի իր գործունեությունն ատոմակայանում»: