Մրցունա՞կ. ըստ զեկույցի` 117 երկրների շարքում Հայաստանը 79-րդն է

Առաջին անգամ 1979 թվականից ի վեր, երբ սկսել է հրապարակվել համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ), Հայաստանն ընդգրկվել է նրա 2005-2006 թվականների զեկույցում:

Հայկական կողմից զեկույցի պատրաստմանը մասնակցել է «Տնտեսություն և արժեք» հետազոտական կենտրոնը, որի նախագահ Մանուկ Հերգնյանը երեկ ներկայացրեց զեկույցը «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում:

Աճի մրցունակության ինդեքսով, որը ներկայացնում է տվյալ երկրի տնտեսական աճի նախադրյալները, Հայաստանը 117 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը` նախկին խորհրդային երկրներից առաջ թողնելով Ղազախստանին (61-րդ), Ադրբեջանին (69-րդ) և Ռուսաստանին (75-րդ): Հայաստանից հետ են նախկին խորհրդային հանրապետություններ Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Առաջին տեղում Ֆինլանդիան է, որին հաջորդում է ԱՄՆ-ը: Վերջինը Չադն է:

Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել երկրների տեխնոլոգիական խնդիրները, հանրային պետական ինստիտուտների (օրենքների կիրառումը և պայմանագրային հարաբերությունների արդյունավետությունը) մակրո- և միկրոտնտեսական ցուցանիշները, բիզնեսի մրցունակությունը, զարգացման մակարդակը և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ինդեքսի առանձին ցուցակը (օրինակ` տեխնոլոգիական ինդեքսով Հայաստանը 94-րդ տեղում է):

Ներկաներն իրենց անհանգստությունը բարձրաձայնեցին, որ Հայաստանը մրցունակությամբ հետ է մնում Ադրբեջանից (միայն կոռուպցիայի ենթաինդեքսով է Հայաստանն առաջ Ադրբեջանից):

Հերգնյանի հավաստմամբ` մակրոտնտեսության մեջ Ադրբեջանից հետ մնալն ակնկալվում էր, քանի որ Ադրբեջանի բյուջեն ձևավորում են նավթադոլարները: Սակայն մտահոգում է այն, որ Հայաստանը զիջում է բիզնես միջավայրի, հանրային ինստիտուտների, տեխնոլոգիաների զարգացման բնագավառներում:

«Ադրբեջանը ոչ միայն նավթադոլարների շնորհիվ մակրոտնտեսական կայունություն է ապահովել, այլև ստեղծում է բիզնեսի ավելի լավ պայմաններ»,- ասում է Հերգնյանը:

Զեկույցը պատրաստել է Համաշխարհային տնտեսական ֆորում (www.weforum.org) ոչ առևտրային միջազգային կազմակերպությունը, որի գրասենյակը Ժնևում է: Այս կազմակերպությունը հայտնի է նաև նրանով, որ կազմակերպում է քաղաքական և տնտեսական առաջնորդների ամենամյա համաշխարհային գագաթնաժողովը Դավոսում: