Հանդուրժողականության փորձաքար. ըստ հետազոտության` ուսանողների ներկա սերունդը համակերպվում է կոռուպցիայի հետ

Հայ ուսանողությունը հանդուրժող է դարձել կոռուպցիայի հանդեպ` նշվում է անցյալ շաբաթ Երևանում հրատարակված հետազոտության մեջ:

«Կոռուպցիան և անցումային շրջանի սոցիալական դինամիկան. Երևանի ուսանողության դիրքորոշումներն ու միտումները կոռուպցիայի նկատմամբ» հետազոտության հեղինակ Սամվել Մանուկյանը նշում է, որ սոցիալական միտումները նպաստել են, որ ուսանողները նվազ ընդվզումով ընդունեն կոռուպցիան, քան նրանց նախորդ սերունդը:

Մենագրությունը Եվրոպական հանձնաժողովի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնություն» ծրագրի հովանավորությամբ իրականացված երրորդ և վերջին հրատարակությունն է: Աշխատանքն իրականացվել է Հակաահաբեկչական աջակցության կենտրոնի հետ համատեղ (տես` Պայքար կոռուպցիայի դեմ հարակից հոդվածը):

Մանուկյանի խոսքերով` գրքի նպատակն է «բացահայտել կոռուպցիային նպաստող գործոնները Երևանի ուսանողության շրջանում», որոնք կօգնեն մոտ ապագայում Հայաստանի մտավորական վերնախավի մշակութային, սոցիալական նորմատիվային և վարքային տեսակների սահմանմանն ու ճանաչմանը: Հեղինակը կարևորում է այն գործոնների սահմանումը, որոնք ազդում են (նպաստում կամ արգելակում են) մտավորական վերնախավի շրջանում կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումների դինամիկայի վրա:

Ըստ «Թրենսփերենսի ինթերնեյշնլ» (www.transparency.org) հեղինակավոր միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության` 2004 թվականին Հայաստանը կոռուպցիայի մակարդակով 146 երկրների մեջ կիսում էր 82-րդ տեղը Մադագասկարի և Բոսնիայի ու Հերցեգովինայի հետ:

Գրքում ներկայացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության մակարդակն ավելի բարձր է հասարակության տնտեսապես ակտիվ շերտերում, ինչպես նաև նրանց շրջանում, ովքեր ավելի շատ են առնչվում այդ հարաբերություններին:

Մասնավորապես, հեղինակը եզրահանգում է, որ կոռուպցիայի հանդեպ ավելի հանդուրժող են երևանցի ուսանողները, մինչդեռ մարզերից եկած ուսանողներն այդ երևույթի դեմ ավելի ըմբոստ դիրքորոշում ունեն: Ավելին, ուսանողուհիներն ավելի անհանդուրժող են կոռուպցիայի հանդեպ, քան ուսանողները, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջիններս ավանդաբար ավելի ակտիվորեն են ներգրավված տնտեսական հարաբերությունների մեջ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կոռուպցիան ընկալվում է որպես սոցիալական հաջողության անհրաժեշտ և ունիվերսալ միջոց: Որքան ցածր է հանդուրժողականությունը, այնքան քիչ է անհատն ընդգրկված սոցիալ-տնտեսական հարաբերություններում: Այլ խոսքերով` գիրքը եզրակացնում է, որ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը մեծացնում է անհատի մարգինալացման ռիսկը, և հարաբերականորեն ապահով ընտանիքների զավակներն ավելի հանդուրժող են կոռուպցիայի հանդեպ:

Հետազոտության մեջ ուսանողները բաժանվել են երեք խմբի` ըստ կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ իրենց վերաբերմունքի: Առաջին խմբում նրանք են, ովքեր առանձնապես չեն հետաքրքրվում այս հարցով: Սրանք այն ուսանողներն են, որոնք ամենահանդուրժող են կոռուպցիայի հանդեպ: Երկրորդ խմբում ընդգրկված են այն ուսանողները, որոնք չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարին և նրանք, ովքեր հիմնավորում են իրենց վստահությունը երկու հիմնական ձևով` օրենսդրական, տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներով և, երկրորդ` պատժամիջոցներով: Երրորդ խմբում ներկայացված են նրանք, ովքեր առավել անհանդուրժող են կոռուպցիայի նկատմամբ:

Գիրքը, որն ունի մի քանի հավելված, որտեղ ընդգրկված են աղյուսակներ, հետազոտության ընթացքում օգտագործված հարցաթերթիկներ և այլ մեթոդական միջոցներ, կարող է որպես ձեռնարկ ծառայել նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հետազոտության թեմայով, ինչպես նաև Հայաստանում սոցիալական և տնտեսական զարգացման միտումներով:

Գիրքը եզրափակում է երեքհատորյակը, որում ընդգրկված են նաև «Միջազգային հակաահաբեկչական պայքարի անթոլոգիա» և «ՀՀ օրենսդրության` կոռուպցիայի հանդեպ հանդուրժող նորմերի վերլուծություն» հետազոտությունները: