Պուտինն առաջարկել է վերագործարկել Սուխում-Երևան երկաթուղին

Ռուսաստանը և Աբխազիան, համընդհանուր համաձայնությամբ, կարող են Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն կազմակերպել:«Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ քննարկել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այնպիսի ծրագիր, ինչպիսին, օրինակ, Սուխում-Թբիլիսի տարանցիկ երկաթուղային հաղորդակցությունն է»,- նոյեմբերի 24-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության հաղորդմամբ:

«Նմանօրինակ նախագծերի իրականացումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջև հարաբերությունների զարգացման համար պայմանների ստեղծմանը»,- հավելել է ՌԴ նախագահը:

Հայաստանը, որը հաջորդ տարի անդամակցելու է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը, ցամաքային կապ չունի միության մյուս անդամների, ներառյալ Բելառուսի և Ղազախստանի հետ:

Երկուշաբթի ավելի վաղ Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրել են համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին երկկողմ համաձայնագիր: Վրաստանը չի ճանաչում Աբխազիան որպես անկախ պետություն և այն համարում է դեռ իր տարածքի մի մաս: Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան 2008 թ. Հարավային Օսեթիայում ռուս-վրացական պատերազմից հետո և ներկայումս տնտեսական և ռազմական օգնություն է ցույց տալիս: