Ընդունում ընդունելուց առաջ. Եվրախորհրդարանը հորդորում է Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը մինչև ԵՄ անդամ դառնալը

Վերջին լուրեր. բանակցություններն սկսվում են երեքշաբթի


Երկուշաբթի ուշ երեկոյան Ավստրիան տվեց իր համաձանյությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններ սկսելուն: «Մենք պատմական որոշում ընդունեցինք», ասաց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեք Սթրոն: Սեղմեք այստեղ` հարակից հոդվածները կարդալու համար.

http://www.cnn.com/2005/WORLD/europe/10/03/eu.turkeytalks/index.html

http://www.iht.com/articles/2005/10/03/news/eu.php

http://www.timesonline.co.uk/article/0,,13509-1809898,00.html

Ցեղասպանությունը ճանաչելու Եվրախորհրդարանի կոչը երեկ առաջ բերեց Երևանի շտապ արձագանքը և կանխատեսելի դրվատանքը: Իրենց գոհունակությունը հայտնեցին նաև արտերկրի այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պայքարել են հանուն մոտ մեկ դար առաջ մարդկության դեմ Թուրքիայի գործած ոճիրների ճանաչման:

«Ես համոզված եմ, որ հայկական հարցի քննարկումը ԵՄ-Թուրքիա բանակցությունների համատեքստում միանշանակ դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի վրա,- ասաց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: - Եթե Թուրքիան ուզում է մտնել Եվրամիություն, ապա պետք է ԵՄ մյուս անդամների նման կարգավորի հարաբերությունները հարևանների հետ: Իհարկե, բանաձևի ընդունումը ես համարում եմ դրական երևույթ: Ենթադրվում էր, որ այն պետք է այդպիսին լիներ»:

Չորեքշաբթի Ստրասբուրգում տեղակայված ԵՄ օրենսդիր մարմինը վերահաստատեց իր վաղուց որդեգրած դիրքորոշումը. Թուրքիան պետք է ընդունի, որ ցեղասպանություն է գործել, երբ 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում կոտորվել է մեկ միլիոնից ավելի հայ: 356 կողմ և 181 դեմ (125 ձեռնպահ) ձայնով խորհրդարանը բանաձև ընդունեց, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կքննվի, եթե միայն Թուրքիան կատարի որոշ նախապայմաններ: Երեք ու կես էջանոց այս փաստաթղթում կա մի կարճ պարբերություն, որում, սակայն, ամփոփված է բազմահատոր հայկական հարցը:

Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու մասին Եվրախորհրդարանի բանաձևի M բաժնի 5-րդ կետում ասվում է, որ խորհրդարանը «Կոչ է անում Թուրքիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, համարում է այս ճանաչումը Եվրամիություն ընդունվելու նախապայման»: (http://www.europarl.eu.int)

Թեև խորհրդարանը վերջնաժամկետ (կամ այլ պայմաններ) չի առաջարկում ճանաչման համար, այն կոչ է անում Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին 2006 թվականի վերջին քննարկել` արդյո՞ք Թուրքիան կատարել է անդամակցության առնչությամբ ստանձնած պարտավորությունները:

Թուրքիայի մերժումը` ցեղասպանություն անվանել կոտորածները, և Հայաստանի պնդումները, որ կատարվածը ցեղասպանություն է, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների փակման հիմնական պատճառն են:

Չորեքշաբթի օրվա քվեարկությունն առաջին դեպքը չէ, երբ Եվրախորհրդարանը սատարում է Հայաստանի դիրքորոշմանն այս նուրբ և վիճահարույց հարցում, որը տարածաշրջանում նորմալ հարաբերությունների հաստատման անհաղթահարելի արգելք է դարձել: Սակայն այս անգամ դա տեղի է ունենում պատասխանատու պահին` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններն սկսվելուց (հոկտեմբերի 3-ին) հինգ օր առաջ:

Այսօրվա` սեպտեմբերի 30-ի դրությամբ, բանակցություններն սկսվելու հարցը դեռևս կասկածի տակ է, քանի որ Ավստրիան հայտարարել է, որ կմասնակցի դրանց միայն այն դեպքում, երբ քննարկվի Թուրքիայի այլընտրանքային անդամակցության հարցը: Իսկ անդամակցության հարցը կարող է քննարկվել, եթե բոլոր 25 անդամները համաձայնության գան օրակարգի հարցում: Այդ նպատակով այս շաբաթվա վերջին հրավիրվել է Եվրամիության երկրների դեսպանների հատուկ հանդիպում (http://www.nytimes.com/):

Թեև բանաձևը միայն խորհրդատվական նշանակություն ունի անդամակցության մասին վերջնական քվեարկության ժամանակ, խորհրդարանի կողմից ճանաչման բնորոշումը որպես «անդամակցության նախապայման» ոմանց կարծիքով ավելի ծանրակշիռ է դարձնում հայկական դիրքորոշումը:

Սակայն այդպես չի կարծում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հինգշաբթի «անկարևոր» անվանեց Եվրախորհրդարանի բանաձևը:

Մինչ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նախնական բանավեճերը կենտրոնացել են այնպիսի վիճահարույց հարցերի վրա, ինչպիսիք են Թուրքիայի հարաբերությունները Կիպրոսի հետ և Թուրքիայի անփառունակ համբավը մարդու իրավունքների հարգման հարցում, որոշ թուրք վերլուծաբաններ ասում են, թե Թուրքիայի հասարակությունը և ղեկավարությունն արդեն հոգնել են այս գործընթացից: Եվ թեև հնարավոր է, որ Թուրքիային առաջարկվի ԵՄ ժամանակավոր անդամակցություն, Էրդողանը բազմիցս նշել է, որ չի մասնակցի այն բանակցություններին, որոնք կառաջարկեն լիիրավ անդամությունից ցածր կարգավիճակ:

Ըստ երեկ «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» օրաթերթում տպագրված հոդվածի (www.iht.com)` Էրդողանն արդեն սպառել է զիջումների սահմանը: (Օրաթերթը նաև մեջբերում է անում քաղաքական մի վերլուծաբանից, որը նշում է, թե անդամակցության բանակցությունները «ամենայն հավանականությամբ, կտևեն առնվազն 10 տարի»:)

Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մասնակցելով ոսկերչական ցուցահանդեսի բացմանը, ձեռնպահ մնաց Եվրախորհրդարանի բանաձի մեկնաբանությունից:

Սակայն մյուս քաղաքական գործիչներն այդքան էլ «զուսպ» չգտնվեցին:

Երեկ Երևանում էր Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որը Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց. «Այս բանաձևի ընդունումը վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը անպայման քննարկման նյութ կդառնան ԵՄ-Թուրքիա բանակցությունների ընթացքում»:

Իր կողմից Օսկանյանն ավելացրեց, որ երկուշաբթի Լյուքսեմբուրգում սկսվելիք անդամակցության բանակցությունների սեղանին պետք է դրվի նաև սահմանների բացման հարցը:

Թբիլիսիում վիրահայերի «Նոր սերունդ» ասոցիացիան շնորհակալական ուղերձ է հղել Վրաստանում գտնվող Եվրամիության պատվիրակության ղեկավարին և ԵՄ բոլոր քաղաքացիներին:

Քաղաքականապես ազդեցիկ Հայ հեղափոխական դաշնակցության Եվրոպայի «Հայ դատ» հանձնախմբի նախագահ Հիլդա Չոբոյանն ասել է. «Թուրքիայի հետ բանակցություններից առաջ Եվրախորհրդարանի այս վերջնական կոչը պետք է ուղեցույց հանդիսանա Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի համար»:

ԱՄՆ-ից «Կալիֆորնիա կուրյեր» հայկական շաբաթաթերթի հրատարակիչ և ցեղասպանության ջատագով Հարութ Սասունյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ գոհ է չորեքշաբթի օրվա բանաձևից:

«Հուսով եմ, որ ԵՄ առաջնորդները լրջորեն կընդունեն Եվրախորհրդարանի բանաձևը և [բանակցությունների օրակարգի մեջ] կընդգրկեն Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանի հետ սահմանների բացման հարցերը` Կիպրոսի ճանաչման, Թուրքիայի քրեական օրենսգրքի բարեփոխման, իրավական համակարգի արմատական վերափոխման հարցերի հետ մեկտեղ…»:

Մեծ Բրիտանիայի Բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական խումբը (ԲՀԲԽԽ) հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ բանաձևը «գերազանց քայլ է», սակայն ավելացրեց, որ այն պետք է «առաջ տանել» և որ «պետք է շարունակել պայքարը հանուն ճանաչման: Մեծ Բրիտանիայում կա ևս մեկ հրատապ հարց. Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես դիմել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանին` խնդրելով անվավեր համարել Կապույտ գիրքը (փաստաթուղթ, որը ցեղասպանություն է որակում հայկական կոտորածները)` որպես անհիմն պատերազմական քարոզչություն: ԲՀԲԽԽ-ն միջոցներ կձեռնարկի ցանկացած նման քայլի և թուրքական զորեղ լոբբիի դեմ»:

Սակայն նույն Մեծ Բրիտանիայից (որը Եվրամիության անդամ է) իր հոռետեսական կարծիքն է հայտնում Ջորջ Ջերջյանը` «Ճշմարտությունը մեզ ազատություն կպարգևի. հայերի և թուրքերի հաշտությունը» գրքի հեղինակը (գրքի թուրք հրատարակչի դեմ դատական հայց է ներկայացվել).

«Թեև առաջին հայացքից դա հրաշալի նորություն է, Եվրախորհրդարանը խաբում է ինքն իրեն, եթե կարծում է, թե Հայոց ցեղասպանության [ճանաչման] պայմանը կարող է խանգարել Թուրքիայի անդամակցությանը 10 տարվա ընթացքում,- ասում է Ջերջյանը: - Թուրքիան այնքան խորը կինտեգրվի Եվրոպային և` հակառակը, որ դա կվերածվի անդառնալի գործընթացի: Իրականությունը սա է, իսկ մնացածը պատրանքներ են և «խմբային մտածողության» արգասիք»:

Ինչպես նշում են եվրոպական թերթերի խմբագրականները` երկուշաբթի սկսվող անդամակցության բանակցությունները կանցնեն զգուշավորության, թերահավատության և վճռականորեն տրամադրված որոշ երկրների բացահայտ ընդդիմության մթնոլորտում (http://newsvote.bbc.co.uk):

Հայկական շրջանակներից դուրս գրեթե ոչ ոք ցեղասպանության հարցը Թուրքիայի անդամակցության հիմնական նախապայման չի համարում: Օրինակ` Գերմանիային (ըստ «Ֆրանկֆուրտեր ռունդշաու» թերթի) վշտացնում է, որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսը: Թերթը գրում է, որ «բանակցությունները դեռ չսկսված` հայտնվել են ձախողման եզրին»:

Ֆրանսիական «Լո տամը» նման մտահոգություններ է բարձրաձայնում անդամակցության բանակցություններում տիրող ընդհանուր մթնոլորտի առնչությամբ:

Փարիզյան օրաթերթը գրում է. «Եվրոպան շարժվում է դեպի բանակցություններ առավելագույն անվստահության մթնոլորտում»:

Եվս մեկ ուշագրավ հրապարակում. Լոնդոնի «Թայմզը» այսօր սկսել է տպագրել Թուրքիային նվիրված երկմասանոց հոդվածաշար: Առաջին մասում կարծիք է հայտնվում, որ Թուրքիան չպետք է ընդունվի Եվրամիություն: Վաղը դրան կհաջորդի հոդված` հօգուտ Թուրքիայի անդամակցության:

Մի հատված այսօրվա հոդվածից (www.timesonline.co.uk).

Թուրքիայի ոչ մի շրջան այնքան ոչ եվրոպական տեսք չունի, որքան Վանը` երկրի ծայր արևելքում, լեռներում ծվարած շլացուցիչ կապույտ լիճը: Մթնշաղին մոլլան հավատացյալներին նամազի է կանչում, բոկոտն քուրդ երեխաները ոչխար են արածեցնում, երկու կին` անտարիք ու անդեմ, ոտքից գլուխ չադրայի մեջ փաթաթված, փոշու միջով քարշ են գալիս դեպի իրենց հողե հյուղակը:

Մեկ ժամ դեպի արևելք Իրանն է, հարավում` արնաթաթախ Իրաքը, իսկ հյուսիսում` Արարատ սարից այն կողմ` ընկած են Հայաստանը և Վրաստանը: Հինավուրց, բիբլիական ու արևելյան` սա Նոյի երկիրն է, սակայն եթե Թուրքիային ընդունեն Եվրամիություն, կդառնա Եվրոպայի արևելյան սահմանը...