Ինքնավարություն ընդդեմ ինքնությա՞ն. վիրահայերը փորձում են ինքնավարություն ստանալ , սակայն առայժմ ապարդյուն

Հաջորդ երեքշաբթի` հոկտեմբերի 12-ին, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների` Թբիլիսիում կայանալիք հանդիպման ընթացքում, ինչպես սպասվում է, հիմնական ուշադրությունը կբևեռվի վրաց-թուրքական սահմանին կից հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիի շրջանի վրա:

Եռակողմ բանակցությունների առարկան կլինեն այդ տարածքում իրականացվող ծրագրերը, որոնցից երեք պետությունները կշահեն, իսկ Հայաստանը կտուժի, իսկ հեռանկարում` լիովին կմեկուսացվի: Մասնավորապես, օրակարգում են Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրացական հատվածի շինարարության հարցերը:

Վրաստանի ծայր հարավ-արևմուտքում գտնվող Սամցխե-Ջավախեթիի նահանգը Հարավային Կովկասի ռազմավարական շրջաններից մեկն է, որտեղ բախվում են Թուրքիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շահերը:

Նաև այստեղ են իրականացվում հաղորդակցման երկարաժամկետ ծրագրեր, ինչպիսիք են Կարս (Թուրքիա)-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությունը: Այս նահանգում` Ախալքալաք քաղաքում է տեղակայված նաև ռուսական 62-րդ ռազմակայանը:

Սամցխե-Ջավախեթիի 240000 բնակչության գրեթե կեսը հայ է: Վրաստանի անկախացումից սկսած (1991 թ.) Ջավախքի (շրջանի հայկական անվանումը) հայ բնակչությունը բազմիցս դիմել է Թբիլիսիին ինքնավարության պահանջով:

Պարզ ասած` հայերն ինքնավարության իրավունք են խնդրել տեղական նշանակության հարցերում:

Այդ դիմումները դրվել են Վրաստանի երեք նախագահների սեղանին` Զվիադ Գամսախուրդիայից մինչև Միխայիլ Սաակաշվիլի` խնդրելով այսպիսի թվացյալ անջատում Ջավախքի համար:

Ու թեև պաշտոնավարող նախագահների անձերն ու վարած քաղաքականությունը շատ տարբեր էին, պատասխանը նույնն էր` մերժում:

Հետևանքը վրացիների ու հայերի միջև խորթության զգացման խորացումն ու լարվածության աճն էր, քանի որ հանրապետության ազգային փոքրամասնությունների «վրացականացման» միտումը թշնամանքով էր ընդունվում Վրաստանի ամենամեծ փոքրամասնության` հայերի կողմից:

Հենց այս մթնոլորտում էր, որ սեպտեմբերի վերջին Վրաստանի հայերն անցկացրին մեկ տարուց էլ պակաս ժամանահատվածում երրորդ համաժողովը`
«Ինտեգրում, բայց ոչ ձուլում» խորագրով: Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի նահանգի հասարակական-քաղաքական կազմակերպությունների խորհրդի կազմակերպած համաժողովն ընդունեց բանաձև, որը կրկին կոչ է անում Վրաստանի ղեկավարությանն ինքնավարություն շնորհել նահանգին:

Բանաձևում, մասնավորապես, կոչ է արվում Վրաստանի իշխանություններին ճանաչելու նահանգի ինքնավար կարգավիճակը, որը «ենթադրում է Վրաստանի տարածքում ձևավորել նոր դաշնային միավոր, որի բնակչությունը ստանում է ինքնավարության լայն լիազորություններ, ներառյալ` տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ընտրության իրավունքը և շրջանում հայերենին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակի շնորհումը»:

Թբիլիսիի պաշտոնական պատասխանը բարձրաձայնվեց անցյալ շաբաթ Երևանում, երբ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Վրաստանում կլինի (և կա) երեք ինքնավարություն` Աջարիա, Աբխազիա և Ցխինվալ: Հասարակական կազմակերպությունների այն մասը, որն ինքնավար կարգավիճակ է պահանջել Ջավախեթիի համար, բնակչության մի փոքր մասն է միայն և չի կարող ներկայացնել ամբողջ շրջանի բնակչության կարծիքը»:

Իր կողմից Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հավանաբար առաջ բերելով իր վրացահայ հայրենակիցների վրդովմունքը, աջակցություն ցույց տվեց Նողաիդելիին` ասելով. «Կարծում եմ, այդպիսի հարց չկա: Այդպիսի հարց բարձրացվում է ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին պետք է լինում»:

Երևանից աջակցություն ակնկալող վրացահայերը բղավում են դավաճանության մասին, իսկ երեք ինքնավարությունների ընդունումը Նողաիդելիի կողմից շատերը դիտում են որպես վերադարձ Վրաստանի սոցիալիստական անցյալին:

(Խորհրդային շրջանում Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում կար երեք ինքնավար միավորում` Աբխազիայի և Աջարիայի Ինքնավար Հանրապետությունները և Հարավ-Օսական (Ցխինվալի) Ինքնավար Մարզը: Վրաստանի ինքնավար միավորումների ընդհանուր տարածքը 15500 քառակուսի կիլոմետր է և կազմում է երկրի տարածքի 22 տոկոսը: Ադրբեջանի կազմի մեջ էին մտնում Հարավային Կովկասի մյուս երկու ինքնավար միավորումները` Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը:)

Մինչ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանները մեղադրում են Ռուսաստանին (դաշնակցականների հետ միասին) հայկական բանաձևը հրահրելու մեջ, նրանց հայ գործընկերների կարծիքով` ինքնավարություն շնորհելու Վրաստանի մերժումը վկայում է Վրաստանի համակրանքն Անկարայի նկատմամբ և վրացիների ցանկությունը, որ թուրքերը տեղափոխվեն Վրաստան, իսկ հայերը հեռանան: Հայ վերլուծաբանների կարծիքով` Թբիլիսին նախատեսում է այս շրջանում վերաբնակեցնել թուրք-մեսխեթցիներին և հանել այդտեղից հայերին:

«Հայաստանն այսօր շրջապատված է թուրքական օղակով,- ասում է ժողովրդագրագետ Հրաչյա Խաչատրյանը: - Ճանապարհը հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիով Հայաստանի միակ ելքն է, որը չի անցնում թուրքական տարածքով: Այժմ իրականացվում է այս տարածք թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման և հայ բնակչության արտահոսքի ծրագիր, որի նպատակը հայկական պետականության շուրջը «թուրքական օղակի» փակումն է»:

Սամցխե-Ջավախեթիի նահանգը կազմավորվել է 1990-ականների կեսերին և բաղկացած է երկու պատմական շրջաններից` Սամցխեից և Ջավախեթիից: Վերլուծաբան Վիկտոր Սոլախյանի կարծիքով` աշխարհագրական և ազգամշակութային առումով խիստ տարբեր երկու շրջանների ձուլումը նպատակ էր հետապնդում «բարեփոխելու» տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, որտեղ հայերը միշտ կազմել են բնակչության ճնշող մեծամասնությունը:

«Այսպիսով` իրականացվեց վարչական բարեփոխում, որի հետևանքով ստեղծվեց Վրաստանի նոր նահանգային միավոր` միացնելով երկու զուտ հայկական (Նինոծմինդայի և Ախալքալաքի), երեք խառը (Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենի) և մեկ գերազանցապես վրացական (Բորժոմի) շրջան»,- ասում է Խաչատրյանը:

Նորաստեղծ նահանգի ժողովրդագրական պատկերը (ըստ 1997 թվականի տվյալների) ցույց է տալիս, որ հայերը կազմում են նահանգի բնակչության 52,5 տոկոսը: Մինչդեռ Ախալքալաքի շրջանում հայերը կազմում էին բնակչության 91,3 տոկոսը (62814 մարդ) վրացիների 4,4 տոկոսի դիմաց (3027 մարդ), Նինոծմինդայում` 89,6 տոկոսը (34697)` 1,2 տոկոսի դիմաց (451), Ախալցխայում` 42,8 տոկոսը (23644)` 46,8 տոկոսի դիմաց (25688):

«Չնայած այս ամենին, Ախալցխայում գտնվող նահանգային ղեկավար մարմնում, որը տարբեր տարիներին ունեցել է միջինը 30-35 անդամ, հայեր չկան, լավագույն դեպքում` մեկ-երկու խորհրդանշական ներկայացուցիչ,- ասում է Սամցխե-Ջավախեթիում գործող Հայկական ազգային հասարակական միության նախագահ Լյուդվիգ Պետրոսյանը: - Նահանգում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչները նույնպես բացառապես վրացի են: Նահանգի հայ բնակչությունն ի վիճակի չէ լուծելու իր խնդիրները` աջակցելու դպրոցների գործունեությանը, պահպանելու հայկական ճարտարապետության հուշարձանները, որոնք այսօր թափով ոչնչացվում են»: