Մայրաքաղաք. Երևանում աշխատանքներն է սկսել աղբահանության իրականացնող օպերատորը

Մայրաքաղաք. Երևանում աշխատանքներն է սկսել աղբահանության իրականացնող օպերատորը

Photo: www.yerevan.am

Քաղաքապետարանի հայտարարած միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան ընկերությունը մայրաքաղաքում տվել է համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:

Դեկտեմբերի 1-ին Շահումյան հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել են Sanitek s.a.r.l ընկերության աղբահեռացման մեքենասարքավորումները:

2012 թ. հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած աղբահանության և սանմաքրման ծառայություններ մատուցող մասնագիտացած ընկերություններից ընտրվել են երկուսը:

Լիբանանյան ընկերությունը պատասխանատու է Երևանի արևմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ), իսկ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը՝ արևելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ) ծառայությունների մատուցման համար:

«Աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար է լուրջ հիմնախնդիր, ու Երևանն էլ բացառություն չէ»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ: Նա հավելել է, որ երկու ընկերություններին 10 տարի ժամկետով վստահվել է Երևանում քաղաքում աղբահանությունը:

«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց և ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երևանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ»,- ասել է Մարգարյանը:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը մինչ այժմ շուրջ 10 մլն եվրո (մոտ 12,5 մլն դոլար) է ներդրել Հայաստանում ձեռնարկության մեջ: Այն ներկայումս ունի 150 աշխատակից, սակայն մտադիր է անձնակազմը հասցնել 300-ի, իսկ միջին աշխատավարձը սահմանված է 500 դոլար:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք որակյալ ծառայությունների մատուցման դիմաց բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի բարձրանա, քաղաքապետ Մարգարյանը նշել է. «Այս ծառայությունով պայմանավորված՝ աղբահանության վճարի չափը 2015 թ. չի փոխվելու, քանի որ կազմակերպությունների խոշորացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման հաշվին նախատեսում ենք նույն գումարով որակյալ ծառայության մատուցում»: