Քայլ առ քայլ. երևանյան հանդիպման ընթացքում Աբրահամյանը պատմում է Հայկական համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության ծրագրերի մասին

Անցյալ շաբաթը նշանավորվեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում երկու հեղինակավոր սփյուռքահայ կազմակերպությունների ավանդական օրերով, երբ Երևան և Ստեփանակերտ այցելեց Հայկական համաշխարհային կոնգրեսի (ՀՀԿ) և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) գրողների, գիտնականների, գործարարների և հասարակական գործիչների 500-անդամանոց պատվիրակությունը:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն անցած այս օրերի նախաձեռնողը ռուսաստանցի հայ գործարար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանն է, որը վերոհիշյալ երկու կազմակերպությունների հիմնադիր նախագահն է:

Ռուսաստանի հայերի միությունը հիմնադրվել է հինգ տարի առաջ և հայտնի է Ռուսաստանի և Հայաստանի սահմաններից դուրս ծավալած իր գործունեությամբ, իսկ Հայկական համաշխարհային կոնգրեսը հիմնադրվել է ավելի ուշ` 2003 թվականին` «նպաստելու աշխարհասփյուռ հայության միավորման ջանքերին` հանուն հայերի ազգային շահերի պաշտպանության»:

Հայաստանում երկու կազմակերպությունների իրականացրած միջոցառումների թվում էին Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» եռահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն ընդդեմ մոռացության» ամսագրի շնորհանդեսները: Կազմակերպությունների 50 հոգանոց պատվիրակությունն այցելեց Ղարաբաղ և Հայաստանի մարզեր:

Հայաստանում Աբրահամյանին ընդունեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը և արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Իր այցելության ընթացքում Աբրահամյանը նաև անդրադարձավ ՌՀՄ և Հայաստանի իշխանությունների համագործակցության մեխանիզմներին: Ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ առայժմ մշակված մեխանիզմներ չկան, սակայն հույս հայտնեց, որ նման համագործակցություն շուտով կսկսվի:

Աբրահամյանն ասաց, որ ՌՀՄ-ն հուսով է շուտով իր գրասենյակը բացել Երևանում, որը, սակայն, չի զբաղվի քաղաքականությամբ:

«Այստեղ քաղաքական գործիչներն առանց այդ էլ շատ են,- ասաց նա` միաժամանակ ավելացնելով. - Սակայն մենք չենք կարող չմասնակցել երկրի քաղաքական գործընթացներին, քանի որ այսօր Ռուսաստանում են ապրում Հայաստանի 400 հազարից ավելի քաղաքացիներ»: Աբրահամյանի հավաստմամբ` իր ղեկավարած կազմակերպությունները կաջակցեն Հայաստանում անցկացվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին` «առանց խախտելու Հայաստանի օրենքները»:

Այցը նաև հնարավորություն տվեց Աբրահամյանին բացահայտելու Հասարակածային Գվինեայում մեկ տարուց ավելի բանտարկված հայ օդաչուների ազատարձակման գործում` իր ունեցած մասնակցության քիչ ծանոթ մանրամասները:

Նա նշեց, որ օդաչուների ազատման համար իրենից պահանջվել է նկատելի «ներդրում» անել այդ աֆրիկյան պետության տնտեսության մեջ: «Ես 100 տոկոսով կատարել եմ Հասարակածային Գվինեայի նախագահին տված իմ խոստումը,- ասաց նա լրագրողներին: - Մենք 2 մլն դոլարից ավելի ներդրում ենք արել այդ երկրում ջրամատակարարման համակարգի կառուցման մեջ»:

Ներկայումս Աբրահամյանը նման առաքելություն է իրականացնում Նիգերիայում, որտեղ մաքսանենգության մեղադրանքով բանտարկված են մի խումբ ռուս նավաստիներ: Աբրահամյանն ասաց, որ կմեկնի Նիգերիա այս ամսվա վերջին, երբ կսկսվի նավաստիների դատավարությունը, և կփորձի ազատել նրանց:

Սակայն նա ավելացրեց. «Միայն փողը բանտարկյալներին ազատություն չի բերի: Անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել` ներգրավելով բազմաթիվ մարդկանց»:

Դիմելով Հայաստանի հասարակական, կուսակցական և պետական կազմակերպություններին` ՀՀԿ նախագահը կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխարհասփյուռ հայության և Հայաստանի ժողովրդի ջանքերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց այն պետություններին, որոնք իրենց լուման են ներդրել ի նպաստ Հայկական հարցի լուծման:

Հիմնադրելով սփյուռքահայ հասարակական կազմակերպություն և հասնելով նրա ճանաչմանը որպես ՄԱԿ-ում և նրա համապատասխան ստորաբաժանումներում գրանցված ոչ կառավարական կազմակերպության` ՀՀԿ-ն հույս ունի բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը:

«Մենք կարծում ենք, որ մեր պայքարի մակարդակի բարձրացման, այսինքն` միջազգային քաղաքական և իրավական մարմիններում Հայկական հարցի բարձրացման անհրաժեշտ հիմքերն արդեն դրվել են ՀՀԿ և սփյուռքի այլ հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ջանքերով»,- ասաց Աբրահամյանը:

ՀՀԿ-ն առաջարկում է հաջորդ տարվա մայիսին Երևանում կազմակերպել սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների համաժողով` այդ կազմակերպության խնդիրները, կառուցվածքը, կանոնակարգը և կանոնադրությունը մշակելու նպատակով:

Հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար վերոհիշյալ հարցերով ստույգ առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է նշանակվել 2005 թվականի նոյեմբերի 15-ը: