Վստահության վերականգնում. Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ բնակիչները երկմտանքի մեջ են

Այս շաբաթ Էջմիածնում մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, և կրքերն արդեն բորբոքվում են: Քաղաքային տարածքների հետ կապված հարցերը կարող են ուղղակիորեն անդրադառնալ հոկտեմբերի 16-ին տեղի ունենալիք ընտրությունների արդյունքների վրա:

Որպես Հայ առաքելական եկեղեցու աթոռանիստ` տեղացիներն ու սփյուռքահայերն Էջմիածինը համարում են մի տեսակ «երկրորդ մայրաքաղաք», և հենց այդ հանգամանքն էլ առանձնահատուկ նշանակություն է տալիս քաղաքին: Սակայն այն նաև մոտ 65000 բնակչի «տունն» է, ինչն իրավունք է տալիս այդ ընտրողներին անհանգստանալու իրենց քաղաքի արտաքին տեսքով:

Մասնավորապես, վերջին 5 տարվա ընթացքում սեփականաշնորհվել են 10 մշակութային նշանակություն ունեցող շինություններ, և, ինչպես պնդում են, քաղաքապետարանի պաշտոնյաները որոշակի շահ են ունեցել այդ վաճառքներից (տես` հարակից հոդվածը):

Հենց սա էլ, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա քվեարկության արդյունքների վրա, քանի որ շատ բնակիչներ գոհ չեն գործող քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի պաշտոնավարումից (Աբգարյանը զբաղեցնում է այդ պաշտոնը 2002 թվականից և 1991 թվականի անկախացումից հետո Էջմիածնի ընդամենը երկու քաղաքապետներից մեկն է):

«Երկու քաղաքապետներն էլ Էջմիածնի համար ոչինչ չարեցին,- ասում է Էջմիածնի Ներսիսյան վարժարանի տնօրեն Համլետ Նահատակյանը: - Ընդհակառակը` վաճառեցին ով որքան կարողացավ ու հասցրեց: Չունեն ոչ մի մնայուն գործ, որով կարողանան հպարտանալ: Օր օրի վեր են խոյանում անթույլատրելի ու անճաշակ կառույցներ, որոնք այլանդակում են քաղաքի ճարտարապետական դեմքը»:

Նոր կառույցների կողքին շրջանառվում են նաև վաճառվող նոր տարածքների մասին խոսակցությունները: Վերջին ամիսների ընթացքում վաճառվել են քաղաքի հրապարակի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին հարող տարածքը և թիվ 2 երաժշտական դպրոցի դահլիճը:

Ընտրողներն ասում են, թե չգիտեն` ո՞ւմ ընտրել, ո՞ւմ հավատալ:

Թեկնածուները չորսն են, ներառյալ` նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը: Աբգարյանն իր թեկնածությունի չի առաջադրել:

Թեկնածուների թվում է նաև Սուսաննա Հարությունյանը, որն Աբգարյանի հետ վիճելու հետևանքով զրկվել է քաղաքապետարանի բաժնի վարիչի իր պաշտոնից: (Անցյալ շաբաթ նախատեսված էր Հարությունյանի հեռուստատեսային ելույթը, նա կոչ էր արել ընտրողներին զանգահարել և քննարկման համար հարցեր առաջարկել: Հաղորդման ժամանակ Էջմիածնում էլեկտրականությունը 30 րոպեով անջատվեց (հաղորդումը հենց այդքան էլ պետք է տևեր) և միացվեց հաղորդման ավարտից անմիջապես հետո):

«Երբ ձայն բարձրացրի գրադարանների վաճառքի դեմ, ոչ ոք չպատժվեց: Եթե դրա առաջն առնեին, այսօր վաճառված չէին լինի գավառագիտական թանգարանի շենքը, թիվ 2 երաժշտական դպրոցի դահլիճը, Կոմիտասի արձանի հարակից տարածքը: Բայց ես խոստանում եմ էջմիածնեցիներին, որ բոլորը հետ եմ բերելու»,- ասում է Հարությունյանը:

Քաղաքապետի տեղակալ Արտաշես Բաղդասարյանը հերքում է այդ տարածքների վաճառքի մասին Հարությունյանի պնդումները:

«Երաժշտական դպրոցի դահլիճը չի վաճառվել: Այժմ քաղաքապետարանի ուժերով վերանորոգվում է: Կոմիտասի արձանի հարակից տարածքի մասին առաջարկ իսկապես ստացել ենք, որը մերժել ենք: Անգամ հարցը քննարկվել է քաղաքի մտավորականության հետ: Արձանի տարածքն անձեռնմխելի է»,- ասում է նա:

Անցյալ տարի Էջմիածնի քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը պաշտոնապես հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ գավառագիտական թանգարանի շենքը չի վաճառվել: Սակայն որոշ ժամանակ անց այն վաճառվեց:

Թեկնածուներից մեկը` Էջմիածնի 1996-2002 թթ. քաղաքապետ, իսկ դրանից առաջ` քաղխորհրդի նախագահ Երվանդ Աղվանյանն ասում է. «Այն, ինչ այսօր կատարվում է Էջմիածնում, այս երկրում կատարվող իրադարձությունների մի մասն է միայն: Այս ամենը շատ ավելի վերևներում պետք է գիտակցեն, սկսած նախագահից»:

Ըստ Հարությունյանի` չնչին գումարներով վաճառվում են շենքերի բակերը, երեխաներին զրկում են խաղահրապարակներից, օր օրի զավթում են փողոցների մայթերը:

Քաղաքապետի տեղակալն ասում է, թե իրենք տարածք են տրամադրում, որտեղ մարդիկ դնում են իրենց փոքրիկ բիզնեսը: Տարածքը տրամադրում են առանց քաղաքաշինական նորմերի խախտման:

Քաղաքի կենտրոնական հանրախանութի դիմացի տարածքը, որը հարակից է հրապարակին, այսօր շրջափակված է բետոնե պատով:

Բաղդասարյանը բացատրում է, որ հանրախանութի դիմացի տարածքն ապօրինի է զավթված: Այն տրամադրվել է սեփականատիրոջը կառավարության որոշմամբ: Քաղաքապետարանը մինչև օրս համաձայնություն չի տվել:

Քաղաքի թիվ 3 դպրոցի բակի մի մեծ հատվածում երկհարկանի նոր օբյեկտ է կառուցվում:

Էջմիածնի 16 մանկապարտեզից մնացել է ուղիղ կեսը: Փոխքաղաքապետ Բաղդասարյանն ասում է, որ դրանց մի մասը վաճառվել է դեռևս նախկին քաղաքապետի օրոք: Ութ գրադարանից մնացել է վեցը:

«Ընդամենն ուզում ենք բարեկարգված բակեր տեսնել, ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ ունենալ, պաշտպանված լինել: Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, բայց մարդիկ չեն կարողանում կողմնորոշվել: Ի՞նչ պետք է անեն այս իշխանությունները, որ մարդիկ վերստին սկսեն հավատալ նրանց»,- ասում է Նահատակյանը:

Չնայած տարածքների հարցերին`Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ընտրություններն Էջմիածնում բավական պասիվ կանցնեն:

«Էջմիածինը Հայաստանի յուրահատուկ շրջաններից է, և բոլորն էլ գիտեն, թե դա ում տարածքն է [անունը չի տրվում, բայց դա Մանվել Գրիգորյանն է, որը համարվում է քաղաքի առաջին «օլիգարխը»],- ասում է Սաֆարյանը: - Կարծում եմ, որ ընտրողների 70 տոկոսը չի գնա քվեարկելու, քանի որ չի վստահում տեղական իշխանություններին և դժգոհ է նրանցից»:

Նրա կարծիքով`ընտրություններին կներկայանա ընտրողների 30 տոկոսը, որոնցից 15-ը կքվեարկի «բոլորին դեմ», իսկ մնացած 15-ը կլինեն այն մարդիկ, ովքեր քվեարկում են իշխանությունների ճնշման տակ: