Սևանը մեծանում է. շարունակվում է ջրի մակարդակի բարձրացումը Սևանա լճում

Հայաստանի բնության գոհար Սևանա լճի ջրի մակարդակը բարձրանում է` հուրախություն բնապահպանների, բնության սիրահարների և լճի մերձակա բնակավայրերի ձկնորսությամբ ապրող հազարավոր բնակիչների:

Աշխարհի բարձրադիր քաղցրահամ լճերից մեկի` Սևանա լճի ջրի մակարդակը շուրջ 70 տարի արդյունաբերական շահագործման հետևանքով իջեցրել են: Սակայն ձեռնարկված միջոցների շնորհիվ վերջին երեք տարում այն բարձրացել է 133 սանտիմետրով:

Այժմ լճի մակարդակը հասել է ծովի մակերևույթից 1898,22 մետր բարձրության: Այդպիսի ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է ավելի քան 20 տարի առաջ, երբ շահագործման հանձնված Արփա-Սևան թունելով տարեկան 200 մլն խորանարդ մետր ջուր էր հոսում լիճ:

Սակայն 1991-ին հաջորդած տասնամյակի ընթացքում էներգետիկական և գյուղատնտեսական նպատակներով լճից բաց թողնվեց ավելի քան 6,1 մլրդ խմ ջուր` գրեթե երկու անգամ ավելի, քան նախորդ տասնամյակում: Արդյունքում 2001 թվականին լճի մակարդակն իջավ կրիտիկական` 1896,46 մետր նիշի:

Թեև ջրի բացթողումը կտրուկ նվազեցվել է, լիճը դեռևս յոթ հարկանի շենքի չափ ցածր է 1933 թվականի մակարդակից, երբ սկսվեց էներգետիկական նպատակներով ջրի մակարդակի իջեցումը:

Այդ իսկ պատճառով այսօր յուրաքանչյուր սանտիմետրի բարձացումը նշանակում է մի նոր հույս լճի էկոհամակարգի վերականգնման համար:

Վերջին տարիների բարձրացումները կապված են «Սևանի էկոհամակարգի վերականգնման համալիր ծրագրի» հետ, որը մշակվել է դեռ 2001 թվականին Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի մասին» օրենքի շրջանակներում: Այդ թվականից առնվազն երկու անգամ նվազեցվել է ջրի բացթողումը Սևանից` հասցնելով այն տարեկան մոտ 150 մլն խորանարդ մետրի:

Վերականգնման ծրագիրը նախատեսում է 30 տարվա ընթացքում լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով (տարեկան 20 սանտիմետր)` այսպիսով այն հասցնելով ծովի մակերևույթից 1904 մետր բարձրության (վերջին անգամ լիճն այդ բարձրության է եղել 1957 թվականին):

Գիտնականների հավաստմամբ` հենց այս մակարդակում Սևանա լճի վտանգված էկոհամակարգը վերջնականապես կվերականգնվի:

Սակայն այսօր արդեն առաջացել է մի նոր էկոլոգիական խնդիր. Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով մոտ 450 հա ափամերձ տարածքներ հայտնվել են ջրի տակ: Դրանց գրեթե կեսը արհեստականորեն աճեցված անտառներ են, որոնք ջրի մեջ թողնելու դեպքում կարող են ծանծաղուտները վերածել ճահիճների:

«Սևանի այն ափերին, որոնք գտնվում են հարթության վրա, լճի մակարդակի անգամ 5 սմ բարձրացման դեպքում մեծ տարածքներ հայտնվում են ջրի տակ: Այսօր որոշ տեղերում ջուրը ծածկել է 100-120 մետր երկարությամբ ափամերձ հատվածներ»,- ասում է Սևան ազգային պարկի գլխավոր անտառապետ Սուրեն Աղաջանյանը:

Կառավարության որոշման համաձայն` սեպտեմբերի 15-ից սկսվել են ափամերձ հատվածների մաքրման փուլային աշխատանքները: Առաջիկա երկու ամիսների ընթացքում ծառերից և թփերից պետք է մաքրվի 92 հա տարածք, որի համար պետությունը հատկացրել է 47,1 մլն դրամ (մոտ 107 հազար դոլար):

Աղաջանյանի հավաստմամբ` արդեն մաքրվել է մոտ 50 հա: «Որոշ տեղերում ծառերը կարծես արդեն ճահճից հանեինք. այդպիսի տհաճ հոտ էր գալիս,- «ԱրմենիաՆաուի» թղթակցին ասաց Աղաջանյանը: - Տեղեր էլ կան, որ թփերն արդեն անցել են ջրի տակ, և պատկերացում չունեմ, թե ինչպես պետք է մաքրենք»:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ և 1993-94 թթ. Հայաստանի բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանը պնդում է, որ լճի բարձրացումը պիտի ուղեկցվեր նախապատրաստական աշխատանքներով:

«Իսկ այդ աշխատանքները ժամանակին չեն արվել և, փաստորեն, նոր են սկսվում,- ասում է Դանիելյանը: - Իհարկե, լավ է, որ գոնե այսօր դրանք արվում են, սակայն նախապես պետք էր մաքրել այդ տարածքները, որ ջրի տակ ոչ մի ծառ չմնար: Հիմա դժվար կլինի մաքրել, բայց անգամ այս պայմաններում պետք է շուտափույթ գործի անցնել»:

Այս ամառ Սևան այցելած հանգստացողները զարմանում էին` տեսնելով, որ նախորդ տարվա իրենց հավանած լողափերն այս տարի պարզապես անհետացել են:

«Այ, տեսնո±ւմ ես, ջրի միջից դուրս ցցված ծառերը: Սկզբում իմ տնակներն այդ ծառերի արանքում էին, իսկ քիչ հեռու մի տաղավար կար,- ասում է Ռազմիկ Մխիթարյանը: - Հիմա այդ ծառերը 50 մետր հեռու են ափից»:

65-ամյա Ռազմիկն այն տասնյակ ձեռներեցներից է, ովքեր Սևանում զբաղվում են լողափնյա բիզնեսով` վարձով տրամադրելով գիշերակաց տնակներ և տաղավարներ: Լողափնյա գործարարներից շատերը լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ մի քանի անգամ ափից հեռու են տեղափոխել իրենց ժամանակավոր կացարանները: Իսկ նրանցից ոմանք արդեն նահանջելու տեղ չունեն:

«Սկզբում մեր տնակները դրել էինք լճի ափին: Դե, հանգստացողներին դուր է գալիս, որ պատուհանը բացում ու լճով հիանում են: Բայց ո՞վ կմտածեր, որ ջուրն այդքան կբարձրանա: Արդեն երրորդ տարին է, տնակները ջրից հեռու եմ տանում, ջուրը բարձրանում, հասնում է տնակներին»,- ասում է Մխիթարյանը:

Հաշվարկել են, որ երբ լիճը հասնի 1904 մ բարձրության, ջրի տակ կանցնի նաև Սևանի հարակից մայրուղու մոտ 30 կիլոմետրը, ինչպես նաև հիմնական որոշ շինություններ:

«Կառավարությունը կփոխհատուցի այն անհատներին կամ ընկերություններին, ովքեր 1908 նիշից ցածր մակարդակի վրա ունեն հիմնական շինություններ, որի համար տրված է կառուցապատման համապատասխան իրավունք»,- ասում է բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանը:

Ըստ Դանիելյանի` ցանկացած հիմնական շինություն, որը կառուցվել է 1908 նիշից ցածր մակարդակի վրա, համարվում է անօրինական, քանի որ Սևանի մակարդակի վերականգնման ծրագիրը գոյություն ուներ դեր խորհրդային տարիներից:

«Միգուցե դրանք պաշտոնական թույլտվություններ լինեն, սակայն համաձայն բոլոր օրենքների` այդ կառույցներն անօրինական են: Եվ ոչ թե պետությունը պետք է փոխհատուցում տա, այլ նրանք, ովքեր թույլատրել են նման շինություններ»:

Սեպտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ թույլատրվեց լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել լճից (տարվա համար թույլատրված 120 մլն խորանարդ մետրից բացի): Բնապահպանները հայտարարեցին, թե կառավարությունը փորձում է պաշտպանել մի շարք պաշտոնյաների շահերը, որոնք պաշտոնական գծից ցածր գտնվող սեփականություն ունեն:

Փոխնախարարի պատասխանը հետևյալն էր. «Սևանա լճի մակարդակի վերականգնման նպատակով կա ռազմավարական որոշում, որն ընդունվել է կառավարության կողմից, և մենք այդ որոշմամբ էլ առաջնորդվելու ենք» (ինչը ենթադրում է, որ կառավարությունը պետք է ի վիճակի լինի վերահսկել ջրի բարձրացման մակարդակը):

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը կարծում է, որ ոչինչ չպետք է խոչընդոտի լճի մակարդակի բարձրացմանը:

«Եթե անգամ կառավարությունը գումարներ չունենա տարածքների մաքրման համար, ապա գյուղացիները սիրով անվճար կհանեն այդ ծառերը և կօգտագործեն որպես վառելիք: Թող միայն թույլ տան»,- ասում է Համբարձումյանը:

Չկալովկա գյուղի բնակիչ 66-ամյա Կիմ Սարգսյանը, նախկինում` ձկնորս, իսկ այժմ` անասնապահ, գյուղ տանող արահետի կողքի քարին նստած, սպասում էր արոտից վերադարձող կովերին: Նայելով Սևանա լճին` Կիմն ասում է.

«Թող բարձրանա, որ ավելի գեղեցկանա»:

Ասում են, թե այն տեղը, որտեղ Կիմը սպասում էր կովերին, 1940 թվականին ջրի տակ էր: Այսօր ջուրը 700 մետր հեռու է: Բայց մոտենում է...