Ձերբակալվել է արդարությունը պաշտպանելու համար. Բուզանդի փողոցի բնակիչների պաշտպանը ճաղերի հետևում` կասկածելի մեղադրանքով

Երևանի Բուզանդի փողոցի բնակիչները, որոնք փորձում են դիմադրել (ինչպես իրենք են համարում) իրենց սահմանադրական իրավունքների ոտնահարմանը, ստացան ևս մեկ հարված. ձերբակալվեց նրանց շահերը պաշտպանող փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանը որպես խափանման միջոց ընտրեց երկու ամսվա կալանքը:

Նա մեղադրվում է դրամաշորթության և փաստաթղթեր կեղծելու մեջ (ոչ Բուզանդի փողոցի գործով): Բուզանդի փողոցի բնակիչներին համակրող հասարակական գործիչները, փաստաբանները, Գրիգորյանի պաշտպանյալները վստահ են, որ նրա դեմ գործ է սարքվել, որպեսզի խոչընդոտեն Բուզանդի փողոցի բնակիչների պաշտպանությունը (տես` հարակից հոդվածները):

30-ամյա Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ծառայել է բանակում, քննիչ է աշխատել Ղարաբաղի զինվորական դատախազությունում: Եղել է Ասկերանի շրջանի դատախազի պաշտոնակատար:

Այս տարվա գարնանից նա ներկայացնում է Բուզանդի փողոցի չորս ընտանիքի շահերը, որոնք հրաժարվում են վաճառել իրենց սեփականությունը` հակառակ կառավարության որոշմանը, որ այդ տարածքում պետք է իրականացվի կառուցապատում «պետական կարիքների» անվան տակ:

Դատարանները պարբերաբար որոշում են կայացրել բնակիչների դեմ, և պաշտոնական մարմիններից միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է պաշտպանել բնակիչներին ու պատրաստել հատուկ զեկույց կառավարության կողմից սահմանադրության խախտումների մասին:

Բուզանդի փողոցի բնակիչների մի մասը համաձայն չէ առաջարկվող փոխհատուցմանը և ասում է, որ կվաճառի սեփականությունը միայն համապատասխան գնով: Մի մասն էլ ընդհանրապես հրաժարվում է վաճառել սեփականությունը` հայտարարելով, որ սահմանադրությամբ իրենց տրված է սեփականության իրավունք, և կառավարությունը խախտել է սահմանադրությունը` իրենց զրկելով սեփականությունից:

Վահե Գրիգորյանի հաճախորդները երկրորդ խմբից են:

Գրիգորյանի պաշտպանությունը չի սահմանափակվում միայն դատարաններում միջնորդություններ անելով: Նա իր հաճախորդներին պաշտպանում էր նաև նրանց տների մուտքերի մոտ` ԴԱՀԿ աշխատակիցների ներխուժումներից, երբ վերջիններս բռնությամբ վտարում էին բնակիչներին:

Այս տարվա մարտի 1-ին Գրիգորյանը կանխեց ԴԱՀԿ աշխատակիցների մուտքը Բուզանդի 15/9 տուն, որտեղ նրանք դատարանի որոշմամբ հարկադրաբար ցանկանում էին գնահատել տունը: Փաստաբանը պնդում էր, որ հարկադիր կատարողներն իրավունք չունեն փորձագետ մտցնելու ուրիշի սեփականություն:

2 օր անց ԴԱՀԿ աշխատակիցները ծեծում են տան տիրոջը և Գրիգորյանին: Տուժում է հատկապես Գրիգորյանը: «Երկիր-մեդիա» հեռուստատեսությունը ծեծից հետո նկարահանել է Գրիգորյանին արյունոտ դեմքով:

«Նրանք հիմնականում ծեծում էին Վահեին: Եթե մեզ մեկ հարված էր հասնում, ապա Վահեին` տասնհինգ»,- ասում է տան բնակիչ Զորիկ Վահանյանը:

Գրիգորյանը նաև ենթարկվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ` նախկին ԿԳԲ) հետապնդմանը:

Մայիսի 31-ին ԱԱԾ երկու աշխատակից մտել են Գրիգորյանի փաստաբանական գրասենյակ և, ներկայանալով մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից, պահանջել տվյալներ բողոքատուների վերաբերյալ:

«Գործակալները» հիմնվել են նախօրեին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ներխուժման ժամանակ ԱԱԾ առգրաված համակարգչի տվյալների վրա (տես` Ճիշտն ու սխալը հոդվածը):

Հունիսի 10-ին Վահե Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվում: Սակայն փաստաբանը շարունակում է նույն ոգով պաշտպանել իր պաշտպանյալներին նաև դատարանից դուրս` տներում ու փողոցում:

Սաշիկ Սաֆյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ Գրիգորյանն իրենց շահերը պաշտպանում է անվճար, քանի որ նրա համար սկզբունքային հարց է, երբ խախտվում է սահմանադրությունը: Սաֆյանների գործը փաստաբանն ուղարկել է Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան:

Ձերբակալությունից հետո հոկտեմբերի 12-ին չորս ընտանիքները մամուլի ասուլիս տվեցին Բուզանդի փողոցում:

«Մեր հասցեները մնացել են նույնը, բայց այդ հասցեների տեղում հիմա մեծ փոս է: Մենք ոչ միայն վտարված ենք, այլև վթարված,- ասում է Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Գոհար Գալստյանը: - Մենք զրկված ենք նաև մեր վերջին հույսից, քանի որ Վահեն պատրաստվում էր մեր գործն ուղարկել Ստրասբուրգ, իսկ նրան ձերբակալեցին»:

Գրիգորյանին պաշտպանում է տասը փաստաբան: Նրանք հայտարարում են, որ Գրիգորյանի ձերբակալությունը մարտահրավեր է փաստաբանությանը և սպառնում է փաստաբանական ինստիտուտին, և որ այսպես յուրաքանչյուր փաստաբան պոտենցիալ հանցագործ կարող է դիտվել և հայտնվել Գրիգորյանի տեղում:

Գրիգորյանի դեմ մեղադրանքները կապված են ռուսական «Կրեյն» ՍՊԸ-ի հայկական մասնաճյուղի հետ, որը Գրիգորյանը ներկայացրել է երկու տարի առաջ:

Ըստ Գրիգորյանի կողմնակիցների` «Կրեյնը» մոտ 23 միլիոն դրամ (մոտ 41 հազար դոլար) գերավճար հարկ է վճարել պետությանը: Գրիգորյանը դատական կարգով հետ է բերել այդ գումարը, որը, ըստ հաճախորդի հետ նախնական պայմանավորվածության, փոխանցվել է իր ընկերության հաշվեհամարին:

Բուզանդի փողոցի բնակիչների պաշտպանության ամենաբուռն շրջանում դատախազությունը հարցաքննության է կանչում Գրիգորյանին և պահանջում տեղեկություններ տալ «Կրեյն» ՍՊԸ մասին: Գրիգորյանը հրաժարվում է` վկայակոչելով փաստաբանության մասին օրենքը, որն արգելում է հաճախորդների մասին տեղեկություն տալ:

Նրան ձերբակալում են մի մարդու` մեկ օր առաջ տրված ցուցմունքների հիման վրա, իբր Գրիգորյանն իր հետ կեղծել է «Կրեյնի» լիազորագրերն ու հայցադիմումը:

Ըստ դատախազության տվյալների` «Կրեյն» ՍՊԸ տնօրենի հայրը` Ալեքսանդր Հակոբյանը, ստորագրել է հարկային փաստաթղթերը որդու փոխարեն (տնօրենն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր): Այդ մեղադրանքով Գրիգորյանին ձերբակալել են, իսկ Հակոբյանին, որը ցուցմունք է տվել քննիչներին` ոչ:

Մեկ օր անց Հակոբյանը դիմում է գրել մարդու իրավունքների պաշտպանին, որ իրեն դատախազությունում 10 ժամ ճնշել են ու ստիպել ցուցմունք տալ Վահե Գրիգորյանի դեմ: 65-ամյա Հակոբյանն անառողջ է և սրտի վիրահատություն է տարել:

Դիմումն ուղարկվել է դատախազություն, որից հետո Հակոբյանը պաշտպանի գրասենյակից հետ է վերցրել այն:

(Հակոբյանը հրաժարվեց հարցազրույց տալ «ԱրմենիաՆաուին», միայն ասաց, որ ապահովության միակ երաշխիքը «սուս մնալն է»:)