Կեղծ մեղադրանքնե՞ր. փաստաթղթերը հիմք են տալիս ենթադրելու, որ Բուզանդի փողոցի բնակիչներին պաշտպանող փաստաբանին շինծու մեղադրանք է հարուցված

Ձերբակալված փաստաբան Վահե Գրիգորյանի փաստաբանները երկուշաբթի հրապարակեցին մի շարք փաստաթղթեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ նրա դեմ հարուցված գործը սարքել են իշխանությունները` փորձելով լռեցնել Բուզանդի փողոցի` վտարմանը դիմադրող բնակիչներին ներկայացնող փաստաբանին:

Ինչպես հաղորդել ենք մեր նախորդ նյութերում, Գրիգորյանը զբաղվում էր Երևանի կենտրոնի կառուցապատման առնչությամբ բնակիչների ներկայացրած հայցերով, որոնք պնդում են, որ իրենց անօրինական են վտարում կամ ոչ բավարար փոխհատուցում են տալիս (տես` Ձերբակալվել է արդարությունը պաշտպանելու համար հարակից հոդվածը):

Գրիգորյանը կալանքի տակ է սեպտեմբերի 7-ից փաստաթղթերի կեղծման և դրամաշորթության մեղադրանքով:

Գլխավոր դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Գրիգորյանին երկու տարի առաջ վարած գործի առնչությամբ. Գրիգորյանը ներկայացրել է ռուսական «Կրեյն» ընկերությունը և դատական կարգով հետ է բերել պետությանը տված գերավճարը:

Գրիգորյանին մեղադրում են դրամաշորթության մեջ, սակայն նրա պաշտպանների ներկայացրած փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա գործել է ԱՄՆ-ում բնակվող «Կրեյնի» տնօրեն Գևորգ Հակոբյանի անունից:

Սույն տարվա հուլիսի 18-ին Կալիֆոռնիայի նահանգի պետքարտուղարի վավերացրած փաստաթուղթը վկայում է, որ Հակոբյանը Գրիգորյանի պահանջով Երևան է ուղարկել իր ստորագրությամբ կնքված համապատասխան փաստաթղթեր, որոնք լիազորում են Գրիգորյանին ստանալ գումարը:

Կալիֆոռնիայից ուղարկված նոտարական հաստատմամբ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գրիգորյանը փոխանցել է գումարն ԱՄՆ` Հակոբյանի նշած հաշվեհամարին` պահելով իր հոնորարը:

Հակոբյանի լիազորագրով Գրիգորյանը ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից Հակոբյանի համար ստացել է մոտ 41 հազար դոլար, որից գանձել է իր վճարած պետական տուրքի գումարը (100000 դրամ` մոտ 180 դոլար) և պայմանագրով նախատեսված իր հոնորարը` 400000 դրամ (մոտ 730 դոլար):

Գրիգորյանին նաև մեղադրում են Հակոբյանի ստորագրությունը կեղծելու մեջ, սակայն ինքը` Հակոբյանը, հայտարարում է, որ այդ մեղադրանքն անհիմն է:

Գրիգորյանի անմեղությունը հաստատող փաստաթղթերը հանձնվել են գլխավոր դատախազությանը:

«ԱրմենիաՆաուն» փորձեց գլխավոր դատախազությունից պարզել` արդյոք այդ փաստաթղթերը կցվել են գործին: Դատախազության մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ հայտարարության մասին` ասելով, որ նախաքննություն է ընթանում, և տվյալները հրապարակման ենթակա չեն:

Գրիգորյանին կալանելու դատարանի վճիռը բողոքարկել էին վերաքննիչ դատարան, որն անփոփոխ է թողել այն: Այժմ նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Գրիգորյանի փաստաբանների վկայությամբ` դատավորն ու դատախազը մերժել են Կալիֆոռնիայից ուղարկված հայտարարությունը` համարելով կեղծ:

«Եթե կեղծ է, ապա պիտի պատասխանատվության կանչեն Կալիֆոռնիայի պետքարտուղարին և վկա հրավիրեն նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերին, թե ինչպես է նահանգապետարանը փաստաթուղթ կեղծել»,- ասում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Փաստաբանները` փաստաբանների համար» միջազգային կազմակերպությունը (Ամստերդամ) դիմել է հանրապետության գլխավոր դատախազին` խնդրելով դադարեցնել Գրիգորյանի դեմ քրեական մեղադրանքը և ազատել նրան կալանքից: Նամակում ասվում է, որ հիմքեր կան ենթադրելու, թե Գրիգորյանի դեմ մեղադրանքը ստացվել է ապօրինի ճանապարհով, հիմնական վկայությունը սուտ է և ստացվել է ճնշումներով:

Նամակի երկրորդ մասը վերաբերում է Հակոբյանի հոր` Ալեքսանդր Հակոբյանի տված ցուցմունքին, իբր Գրիգորյանը կեղծել է Գևորգ Հակոբյանի ստորագրությունը: Հետաքննությանը մասնակցած մարդիկ հայտնեցին «ԱրմենիաՆաուին», որ Ալեքսանդր Հակոբյանը ստորագրել է ճնշման տակ:

Հարկ է նշել, որ Ալեքսանդր Հակոբյանը մեղադրվում է նույն հանցանքի մեջ, սակայն կալանավորված չէ:

Գործում նշվում է, որ Գրիգորյանին մեղադրող ցուցմունք է տվել նաև Գևորգ Հակոբյանի քրոջ ամուսինը` Տիգրան Առաքելյանը:

Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում փաստաբանները ներկայացրին Ալեքսանդր Հակոբյանի և Տիգրան Առաքելյանի դիմումները` ուղղված մարդու իրավունքների պաշտպանին: Դիմումներում ասված է, որ իրենք ցուցմունք են տվել ճնշումների ու սպառնալիքների ազդեցության տակ:

«ԱրմենիաՆաուի» լրագրողի հետ հեռախոսազրույցում Ալեքսանդր Հակոբյանը չպատասխանեց հետաքննության մասին հարցերին, սակայն չհերքեց, որ նման դիմում գրել է:

Այս ամենի հետևանքով Բուզանդի փողոցի ընտանիքները զրկվել են իրենց շահերը պաշտպանող փաստաբանից:

Բուզանդի փողոցի չորս ընտանիք դիմել է արդարադատության նախարարությանը` խնդրելով հնարավորություն տալ Գրիգորյանին շարունակել պաշտպանել իրենց շահերը: Նախարարությունը մերժել է դիմումը: