Սպառնալիք կանաչ տարածքներին. Կամերային երաժշտության տան կից սրճարանի շինարարությունը դադարեցվել է, բայց բողոքավորները հիշեցնում են, որ զբոսայգիների ոչնչացումը կորուստ է բոլորի համար

Երաժիշտների, արվեստասեր հասարակայնության և բնապահպանական կազմակերպությունների բողոքների շնորհիվ դադարեցվել է սրճարանի կառուցումը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող զբոսայգում:

Անցյալ շաբաթվա վերջում Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է սրճարանի շինարարությունը, քանի որ այն կարող էր խանգարել կամերային երաժշտության տան համերգներին:

Կամերային երաժշտության տան առնչությամբ բարձրացրած աղմուկը կրկին հասարակության ուշադրությունը բևեռեց վերջին տարիներին բնապահպանների խիստ մտահոգությունն առաջ բերած այն հանգամանքի վրա, որ Երևանի կանաչ տարածքները կրճատվում են, իսկ սրճարանների թիվը` գրեթե ամեն շաբաթ մեծանում: (Ըստ Սոցիալ-բնապահպանական ընկերակցության տվյալների` շինարարության, այդ թվում` սրճարանների, պատճառով 1995-2002 թվականներին քաղաքը կորցրել է մոտ 1000 հա հանրային կանաչ տարածք: 1986 թվականին քաղաքի տարածքի 30,6 տոկոսը կազմող կանաչ տարածքները նվազել են 3,6 տոկոսով:)

Անցյալ շաբաթ օրը մոտ 150 բողոքավորներ էին դուրս եկել փողոց` դատապարտելու Երևանի կենտրոնի կանաչ տարածքների ոչնչացումը: Երթն սկսվեց Կամերային երաժշտության տան մոտ և ավարտվեց Օպերայի շենքի մոտ:

«Սոս Շիկահողը» այսօր վերածվել է «Սոս Երևանի»,- ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: - 4 տարի է` բնապահպանական 30 ՀԿ-ներ պայքարում են Երևանի կանաչ տարածքների փրկության համար:

Մեր հաջողություններն աննշան են, այդ պատճառով էլ այսօր հայտարարել ենք «Սոս Երևան» շարժման սկիզբը, որի համար առիթ էին Կամերային երաժշտության տան հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքները»:

Երթի կանաչ ժապավեն կապած մասնակիցներին փողոցում միանում էին համակրող անցորդները:

«Շատ ուշ ենք կանչում «Սոս Երևան»,- ասում է Հելսինկյան ընկերակցության նախագահ և շրջակա միջավայրի պաշտպանության ջատագով Ավետիք Իշխանյանը: - Դա հարկավոր էր անել, երբ կտրվում էին առաջին ծառերը Օպերայի շրջակայքում, Հաղթանակի զբոսայգում ու հետո Հրազդանի կիրճում»:

Իշխանյանի կարծիքով` շարժումն այնքան ուժեղ չէ, որքան պետք է լիներ, որովհետև մարդիկ չեն բողոքում, մինչև խնդիրը չի վերաբերում անձամբ իրենց: Օրինակ` ինչո՞ւ երաժիշտները չէին բողոքում, երբ սրճարան սարքելու համար ծառ էին կտրում Երևանի մյուս զբոսայգիներում:

«Լավ է, որ գոնե ուշացած` բայց ոտքի ենք կանգնել: Միայն չխաբվենք փոքր հաջողություններով: Ասում են` Կամերայինի այդ կառույցն ապամոնտաժում են: Համոզված եմ, որ վաղը մի ուրիշ տարածքում վեր կխոյանա նմանատիպ մի ուրիշ «բունկեր»,- ասում է Իշխանյանը:

Ղարաբեկյանը, որը գլխավորում էր Կամերային երաժշտության տան մոտ կազմակերպված նախկին բողոքի ակցիաները, չէր մասնակցում հանրահավաքին, որը ծրագրվել էր մինչև սրճարանի շինարարության դադարեցումը քաղաքապետի միջամտության շնորհիվ:

Ղարաբեկյանն ասում է, որ իրեն էլ են մտահոգում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները, սակայն ավելացնում է, որ իր կողմից ճիշտ չէր լինի մասնակցել այդ երթին, քանի որ քաղաքապետարանում ընդառաջել էին իրենց պահանջներին:

«Մենք որոշել էինք երթ կազմակերպել, եթե իշխանությունները մեկ շաբաթվա ընթացքում միջոցներ չձեռնարկեին,- ասաց Ղարաբեկյանն «ԱրմենիաՆաուին»: - Սակայն Երևանի գլխավոր ճարտարապետը մեզ նույնիսկ ավելի շուտ ընդունեց, քան ակնկալում էինք, և մեզ հետ քննարկեց Երևանի կառուցապատման ծրագիրը: Բիլիարդանոցի տանիքն ապամոնտաժվել է: Երթին չմասնակցելուս պատճառը ոչ թե «Սոս Երևան» շարժումից հրաժարվելն է, այլ … որովհետև այսօր պետք է արձանագրել մեր հաջողությունը և հետո միայն զբաղվել ավելի մեծ հարցերով»:

«Ես միայն մի բան գիտեմ, որ պետական այրերը խոստացել են ապամոնտաժել և կարիք չկա այդ տարածքի համար «ղալմաղալը» շարունակել: Բայց մենք առանց Ղարաբեկյանի էլ այսօր կշարունակենք մեր երթը»,- ասում է «Հայաստանի կանաչ տարածքների պաշտպանություն» դաշինքի անդամ Սիլվա Ադամյանը:

Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի կարծիքով` պետք չէ մոռանալ ընդհանուր խնդիրների մասին, երբ լուծում են ստանում կոնկրետ խնդիրները (օրինակ` սրճարանի շինարարության դադարեցումը Կամերային երաժշտության տան մոտ):

Երթի նախորդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ֆորում, որին մասնակցում էին ՀԿ-ներ, մշակույթի և քաղաքական գործիչներ, գիտնականներ ու պետական պաշտոնյաներ:

Բողոք-երթի ժամանակ կատարվում էր ստորագրահավաք: Մարդիկ ստորագրում էին այն նամակի տակ, որում նշվում է, որ կանաչ տարածքների կառուցապատմամբ խախտվում են միջազգային կոնվենցիաների համաձայն ստանձնած պարտավորություններն ու բնապահպանական օրենսդրությունը:

«Մենք պահանջում ենք վերջ տալ կանաչ տարածքների ջարդին, կասեցնել այսօր ընթացող ամեն տեսակի շինարարություն կանաչ տարածքներում, ապամոնտաժել անօրինական բոլոր օբյեկտները` ապահովելով համապատասխան քաղաքաշինական նորմերը: Պահանջում ենք հետևել ՀՀ օրենսդրության պահանջներին` ապահովելով Երևան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի հրապարակայնությունը»,- ասում է Ադամյանը: