Քաղաքի մաքրության ծանր գործը. Երևանի քաղաքապետարանը քննում է աղբից ազատվելու առաջարկները

Երևանի քաղաքապետարանում ներկայումս քննարկվում են նոր առաջարկներ, որոնք կօգնեն լուծելու քաղաքի ամենալուրջ խնդիրներից մեկի` աղբի հարցը:

Քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման ու կոմունալ ծառայությունների բաժնի վարիչ Ֆրունզե Բասենցյանի հավաստմամբ` աղբի խնդիրը քաղաքապետ Երվանդ Զախարյանի ամենօրյա մտահոգություններից է:

«Քաղաքապետն ամեն օր կարգադրություններ է անում աղբահավաքման մասին, սակայն ամբողջ համակարգը քայքայված է և արմատական բարեփոխումների կարիք ունի»,- ասում է Բասենցյանը:

Քաղաքապետարանում բանակցություններ են ընթանում ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ էլեկտրակայան կառուցելու ուղղությամբ, որը կաշխատի ավելի քան 20 տարի կուտակված օրգանական աղբից ստացվող կենսագազով: Առաջարկը քննարկվում է և, ամենայն հավանականությամբ, կընդունվի առաջիկայում:

Մեկ այլ նախագիծ ուղղված է աղբի վերամշակման համակարգի բարելավմանը:

«Ալֆապլյուս» խորհրդատվական ընկերության նախագահ Ալեքսանդր Պողոսյանի հավաստմամբ` ռուսական «Ավտոբանկինվեստ-ցենտր» ընկերությունը, որը հետաքրքրվում է Հայաստանում աղբի վերամշակման բնագավառում ներդրումների հնարավորությամբ, հետազոտություններ է անցկացրել, որոնք ցույց են տվել, որ Հայաստանում անհրաժեշտ են «լուրջ օրենսդրական և տեխնիկական բարեփոխումներ»: «Դրանք ցույց են տվել, որ համակարգը ներկայումս աշխատում է վնասով` վարձավճարը հավաքվում է ընդամենը 46,6 տոկոսով: Վարձավճարը հաշվարկվել է 10 տարի առաջ, երբ վառելիքի գները կրկնակի ցածր էին: Աղբատար մեքենաները միջինը 20 տարվա են»:

Բասենցյանի հավաստմամբ` ծրագրի արժեքը մոտ 25 միլիոն դոլար է: «Բայց միևնույն է, եթե անգամ ամեն ինչ ոսկուց սարքենք, համակարգը չի գորշի, մինչև բնակչությունը չգիտակցի դրա կարևորությունը»:

Իսկ բնակիչները շատ լավ են գիտակցում դա:

«Աղբի խնդիրն իսկական աղետ է մեր երկրի համար,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը: - Ամբողջ ամառ իմ տանը հնարավոր չէ բացել պատուհանները` գարշահոտության ու ճանճերի պատճառով»:

Ինչքան էլ խնդիրը լուրջ լինի մայրաքաղաքում, գյուղերում վիճակն ավելի վատ է. այնտեղ աղբը թափում են գետերը կամ վառում այգիներում:

Մանվելյանն ասում է, որ Երևանում վիճակը վատթարանում է կանաչ տարածքների պակասի պատճառով, որոնք զգալիորեն չեզոքացնում են չհավաքված աղբի վտանգավոր հետևանքները:

Մանվելյանը «զրոյական աղբ» շարժման ջատագովներից է, որոնք ձգտում են հասնել այն վիճակին, երբ ապրանքներն ավելի նպատակահարմար են նախագծվում, վերաօգտագործվում, նորոգվում, կիրառվում են որպես պարարտանյութ և այնպես են վերամշակվում, որ դառնում են անվնաս: ՀԿ-ն աշխարհի ավելի քան 50 երկրներում անդամներ ունեցող «Աղբի այրման դեմ ուղղված համաշխարհային ակցիա» կազմակերպության անդամ է:

Հայաստանի համար աղբի ժամանակակից մեթոդներով վերամշակումը` աղբի առանձնացման և վերամշակման գործարանի կառուցումը, հեռավոր երազանք է: Քաղաքաշինության նախարարությունում վերջերս ստեղծվել է կարծր թափոնների կառավարման հանձնաժողով, որը ներկայումս աշխատում է բարեփոխումների ծրագրի վրա:

Քաղաքապետարանի ծրագրով նաև նախատեսվում է գումար հատկացնել և ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվական քարոզարշավ իրականացնել` կոչ անելով բնակչությանը մաքուր պահելու քաղաքը:

«Բնակչության վերաբերմունքը նույնքան կարևոր է, որքան բարեփոխումները համակարգում»,- ասում է Բասենցյանը: