Հասարակության իրազեկման համար. կենտրոնն օգնում է քվեարկողներին ճիշտ որոշում կայացնելու սահմանադրության փոփոխությունների հարցում

Հայաստանի 6 բուհերի մի խումբ ուսանողներ ցանկանում են օգնել քաղաքացիներին հիմնավորված ընտրություն կատարելու նոյեմբերի 27-ի սահմանադրության բարեփոխումների հանրաքվեում:

Այդ նպատակով ուսանողները հոկտեմբերի 31-ից Երևանի կենտրոնում` Աբովյան 18 հասցեում, հիմնել են տեղեկատվական կենտրոն, որտեղ քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ այդ կարևոր որոշումը կայացնելուց առաջ:

Ընդունարանը գործում է ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 20:30-ը: Այցելուներին տրամադրվում են սահմանադրության նոր նախագիծն ու «10 հարց սահմանադրական փոփոխությունների մասին» գրքույկը, որը ներկայացնում է սահմանադրության 10 հիմնական բարեփոխումները: Բացի այդ, գործում է 0 8000 8000 անվճար հեռախոսահամարը և www.ayo.am ինտերնետային կայքը հարցերին պատասխանելու համար:

«Մենք աշխատում ենք կամավոր հիմունքներով,- ասում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Արտակ Ասատրյանը: - Մեր առջև խնդիր չի դրված «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզչությամբ զբաղվել: Մեր նպատակը միայն իրազեկումն է: Դրանից հետո թող յուրաքանչյուրը կողմնորոշվի, թե ինչպես կքվեարկի»:

Քաղաքացիներին սպասարկող ուսանողական անձնակազմը հանրապետության 6 բուհերի իրավաբանության ֆակուլտետներում սովորող 80 կամավորներ են, ովքեր քաջատեղյակ են նորացված սահմանադրության դրույթներին:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Գայանե Հակոբյանը կամավորներից մեկն է: Նա, ինչպես և մյուս կամավորները, բարեհամբույր ու պատրաստակամությամբ դիմավորում է այցելուներին, տրամադրում գրքույկները և հետաքրքրվում, թե ինչով կարող է օգնել:

«Մարդիկ իսկապես ինֆորմացիայի կարիք ունեն: Հետևաբար, մեր գործը ճիշտ ժամանակին է: Կարծում եմ` լավ կլիներ, որ նման մի քանի ընդունարաններ գործեին»,- ասում է Գայանեն:

Չնայած կամավորների` տեղեկացնելու պատրաստակամությանը, շատ երիտասարդներ լրիվ անտեղյակ են:

20-ամյա Շուշան Ղուկասյանը չգիտե, որ Հայաստանում սահմանադրության հանրաքվե է տեղի ունենալու: Եվ ինքն էլ հավաստում է, որ բացարձակ անտարբեր է: Այնպես որ, կամավորները պետք է պայքարեն նաև անտարբերության դեմ:

«Միևնույն է, եթե որոշված է, որ նոր տարբերակն ընդունվելու է, ուրեմն առանց մեր քվեարկության էլ կընդունվի` այնպես, ինչպես նախագահական ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Գևորգ Ասիլբեկյանը:

Երիտասարդների հետ զրույցներից ակնհայտ է դառնում, որ քչերն են պատրաստվում «ոչ» ասել նոր սահմանադրությանը:

«Ոչ» ասողները նշում են այն դրույթները, որոնք անընդունելի են համարում. դրանք են` նախագահի անձեռնմխելիությունը, երկքաղաքացիությունը, Երևանի քաղաքապետի անուղղակի ընտրությունը, բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և որոշ այլ արտոնություններ սահմանող դրույթներ:

«Անընդունելի է նախագահի անձեռնմխելիությունը սահմանող դրույթը. դրանով ամրապնդվում են նախագահի դիրքերը նաև պաշտոնավարման ավարտից հետո: Անտրամաբանական եմ համարում նաև երկքաղաքացիության մասին դրույթը»,- պարզաբանում է ԵՊՀ արհկոմիտեի ուսանողական միության նախագահ Արմեն Ավետիսյանը:

(Ըստ գործող սահմանադրության` ընտրված բարձրաստիճան պաշտոնյաներն անձեռնմխելիություն ունեն իրենց պաշտոնավարման ընթացքում: Ըստ առաջարկվող փոփոխությունների` նախագահը պաշտոնավարման ավարտից հետո էլ չի կարող պատասխանատվության ենթարկվել պաշտոնավարման ընթացքում գործած օրինախախտումների համար, բացառությամբ ծանր հանցագործությունների և հայրենիքի դավաճանության:)

Թեև փոփոխությունների կողմնակիցներն ավելի շատ են, քանի հակառակորդները, նրանք էլ իրենց քվեարկությանը վերապահումով են մոտենում:

«Ճիշտ է, հավանաբար «այո» կքվեարկեմ, բայց մեր խնդիրն այն չէ, որ ներկայիս սահմանադրությունը վատն է: Բանն այն է, որ մենք օրենք հարգել չգիտենք: Եթե անգամ Աստվածաշունչն ընդունենք որպես սահմանադրություն, որևէ բան չի փոխվի, եթե չհետևենք դրան»,- բացատրում է ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանող Համազասպ Դանիելյանը:

Չնայած թերահավատությանը` կողմնակիցները հիմնավորում են իրենց ընտրությունը մի շարք կարևոր դրույթների ներմուծմամբ` նախագահի լիազորությունների սահմանափակում, ԱԺ դերի ու կշռի ավելացում, դատարանների անկախության ապահովում, քաղաքացու` Սահմանադրական դատարան դիմելու իրավունք և, ընդհանրապես, մարդու իրավունքների շրջանակների ընդլայնում: