Եվս մեկ շաբաթ, ևս մեկ ճակատամարտ. Ամիրյան փողոցի բնակիչները համալրում են վտարվածների ու զայրացածների շարքերը

52-ամյա Գագիկ Սարգսյանը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայի կառավարությունից, քանի որ նրան հարկադրում են ազատել իր բնակարանը Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրի շրջանակներում:

Սարգսյանի դիմումը դժվար թե բավարար համարվի քաղաքական ապաստան ստանալու համար, սակայն նա միակը չէ, ով զայրացած է կառավարության վրա, որին նրա նման քաղաքացիները մեղադրում են շարքային քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու համար:

Ամիրյան փողոցում գտնվող երկսենյականոց բնակարանի համար Սարգսյանին առաջարկում են 15000 դոլար: Քաղաքի այդ հատվածում շենքերը քանդում են «պետական կարիքների» անվան տակ, դրանց տեղում վեր են խոյանալու շքեղ կառույցներ:

Ըստ անշարժ գույքի գործակալների` Սարգսյանին պատկանող 60,8 քմ ընդհանուր մակերեսով տարածքի արժեքը (ներառյալ` մառանը, ցախատունը և փոքրիկ պատշգամբը) 60000-90000 դոլար է: Սակայն պետությունը որոշել է, որ այդ տարածքից Սարգսյանին պատկանում է միայն 36,5 քմ-ն, իսկ մնացածը պետության սեփականությունն է:

Այդ տարածքից վտարման ենթակա մյուս քաղաքացիների նման Սարգսյանը պնդում է, որ 15000 դոլարով հնարավոր է բնակարան գնել միայն քաղաքի ծայրամասում կամ մոտակա գյուղերում (Սարգսյանը կենտրոնում էլ աշխատում է. իրենց շենքի առաջին հարկում նա փեսայի հետ ինտերնետային հեռախոսի կետ է աշխատեցնում):

Սարգսյանի հարևաններից է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը: Նրան էլ է սպառնում վտարում Ամիրյան 4/16 հասցեում գտնվող իր տնից:

Մի քանի օր առաջ Հարությունյանն իր տանը կազմակերպել էր հավաք, որին մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ, ՀՀ կառավարության աշխատակազմի կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը, Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը, որի բողոքները ստիպեցին քաղաքապետարանին դադարեցնել համերգներին խանգարող սրճարանի շինարարությունը:

Ըստ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանի` քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի որոշմամբ այդ շենքերը պետք է քանդվեն և դրանց փոխարեն կառուցվի բնակելի շենք:

«Այս շենքերը պետք է քանդվեն: Այդպես է որոշված: Իսկ ինչ վերաբերում է փոխհատուցմանը, կարծում եմ, որ առարկություններ չպետք է լինեն»,- նշում է Դավթյանը:

Խնդրո առարկա շինություններն ընդգրկված չեն քաղաքապետարանի պատմական շինությունների ցուցակում, սակայն Հարությունյանը պնդում է, որ իրենց շենքը քաղաքում հնագույններից է, և այն քանդելով` կոչնչացվի նաև քաղաքի պատմության մի մասը:

«Մենք մեր ձեռքով վերացնում ենք կապն անցյալի հետ: Մենք ունենք հին քաղաք, բայց եթե վերացնենք դրա վկայությունը հանդիսացող շինությունները, կկորցնենք մեր պատմությունը»,- ասում է ազգագրագետ Խառատյանը:

Թեև պաշտոնապես չի նշվում, սակայն բնակիչները համոզված են, որ տարածքի գնորդը նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն է: Ներդրումներ են արել նաև պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), Գալուստ Սահակյանը և այլ պաշտոնյաներ:

Ու մինչ մտավորականները ահազանգում են, որ վտանգվում են մշակութային արժեքները, Գագիկը պայքարում է իր սեփականատիրական իրավունքների համար:

«Մարդու ապուշի տեղ են դնում,- ասում է Սարգսյանը: - Ի՞նչ է, իրենք չգիտե՞ն, որ էս տունն էդքան էժան չի»:

Նա ասում է, որ ութ տարի առաջ 100000 դոլար են առաջարկել տան համար, բայց նա չի վաճառել:

«Մարդիկ հոգնել են, էլ չեն ուզում պայքարել, քանի որ, մեկ է, արդյունքի չեն հասնում: Բայց ես չեմ ուզում դուրս գալ իմ տնից. դա իմ իրավունքն է»:

Սարգսյաններն ապրում են այդ տանը 50 տարի: Բնակարանը հատկացրել է Հայկոոպը (Հայկական կոոպերատիվների վարչությունը) քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակներում, քանի որ ընտանիքի հայրը` Գուրգեն Սարգսյանը, աշխատում էր ՀԿԿ Կենտկոմում` որպես վարորդ:

Հոր մահից հետո տան սեփականատերն է դարձել որդին` Գագիկը:

Համարժեք փոխհատուցման պահանջով Գագիկ Սարգսյանը դիմել է ԱԺ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին: Սակայն ոչինչ չի փոխվել:

Փորձելով պաշտպանել իրավունքները միջազգային ատյաններում` Սարգսյանը դիմել է Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ի պատասխան դիմումի` դատարանի իրավաբան քարտուղար Արա Շահզադեյանը Ստրասբուրգից գրել է. «Դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում…»:

Իսկ այդ ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ, որը մերժեց Սարգսյանի հայցը, պատկան մարմինները քանդում են շենքը: