Բերձորի միջադեպ. Ղարաբաղի ոստիկանությունը կանխել է Հայաստանից «ընդդիմադիրների» մուտքը

Բերձորի միջադեպ. Ղարաբաղի ոստիկանությունը կանխել է Հայաստանից «ընդդիմադիրների» մուտքը

Photo: www.preparliament.com

Շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունն ասել է, որ իրենք կանգնեցրել են Հայաստանից մի խումբ արմատական ընդդիմադիրների մուտքը իրենց հանրապետություն` «հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով»:

Հունվարի 31-ին արմատական ընդդիմություն համարվող Հիմնադիր խորհրդարանի, որը ձգտում է Հայաստանում իշխանափոխության, անդամները փորձել են մոտ չորս տասնյակ ավտոմեքենաներով անցնել ԼՂՀ` այնտեղ քաղաքական նախաձեռնություն անցկացնելու:

Մասնակիցները, որոնց թվում են եղել նաև Ժիրայր Սեֆիլյանը և Ղարաբաղյան պատերազմի այլ ազատամարտիկներ, հայտարարել են, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Բերձորի հատվածում ծեծի են ենթարկվել Ղարաբաղի ոստիկանների և հատուկ ջոկատայինի համազգեստով երիտասարդների կողմից, որոնք արգելել են իրենց մտնել Լեռնային Ղարաբաղ:

Հիմնադիր խորհրդարանը, որը Նախախորհրդարանի ժառանգորդն է, ասել է, որ ավտոերթի ավելի քան մեկ տասնյակ մասնակիցներ վնասվածքներ են ստացել, որը նրանք որակել են ոստիկանության կողմից որպես առանց դրդապատճառի հարձակում: Նրանք նաև ասել են, որ ոստիկանությունը վնասել է շատ ավտոմեքենաներ և առգրավել տեսանկարահանող սարքավորումները: Ինչպես հաղորդվում է` առնվազն մեկ մարդ` վնասվածքներ ստացած լրագրողը, Գորիսի հիվանդանոցում բուժօգնություն է ստացել:

ԼՂՀ ոստիկանությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները կազմակերպել են ավտոերթ դեպի Արցախ, որը «բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում» և «նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։

Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո»,- ասել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունը:

«Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողությունների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- եզրափակել է ոստիկանությունը հաղորդագրությունը: