Բոյկոտում են բոյկո՞տը. ուրբաթ օրվա հանրահավաքը հեռու էր զանգվածային լինելուց

Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կոչով այս շաբաթվա վերջին Երևանում անցկացվում են հանրահավաքներ, որտեղ քաղաքացիներին քարոզում են բոյկոտել սահմանադրության բարեփոխումների կիրակի օրվա հանրաքվեն:

(Նույն կերպ իշխանությունները սեփական քարոզչության նպատակով օգտագործում են Հանրային հեռուստատեսությունը և այլ լրատվամիջոցներ ու նաև հովանավորում են այսօր` նոյեմբերի 25-ի երեկոյան, կայանալիք փոփ-երաժշտության համերգը:)

Այսօր, մինչ Օպերայի շենքի արևոտ կողմում գտնվող Ազատության հրապարակի մեծ մասում ընթանում էին այդ համերգի փորձերը, շենքի ստվերոտ կողմում` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ հավաքվել էր մի քանի հարյուր մարդ` լսելու, թե ինչպես է նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ անում «ստիպելու վարչակազմին վերադարձնել իշխանությունը ժողովրդին»:

(Շաբաթվա սկզբին Հովհաննիսյանն իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության աջակցությունը հայտնեց հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության կոչին: Տես` «Հովհաննիսյանի խարազանող խոսքը» հոդվածը:)

Հովհաննիսյանի ուղերձը արձագանք էր ավելի վաղ արտահայտված տեսակետների, որոնք հինգշաբթի բարձրաձայնվեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած բողոքի հանրահավաքում, որտեղ ընդդիմության ղեկավարներ Արամ Սարգսյանը, Արամ Կարապետյանը և (նախագահական ընտրություններում ընդդիմության նախկին թեկնածու) Ստեփան Դեմիրճյանը կոչ արեցին ընտրողներին բոյկոտելու հանրաքվեն:

Բոյկոտի քարոզարշավում նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ միավորվել են 18 ընդդիմադիր կուսակցություններ: Մանուկյանն ասում է, որ բոյկոտը ռազմավարական քայլ է, որի նպատակն է թույլ չտալ իշխանություններին կեղծելու հանրաքվեի արդյունքները (տես`«Այո», «ոչ», «ոչ… ոչ» հոդվածը):

«Ուզում եմ շեշտել, որ բոյկոտը հանրաքվեի դեմ բողոքի կամ դրանից հրաժարվելու նշան չէ,- մամուլի ասուլիսում ասաց Մանուկյանը: - Ճիշտ հակառակը, այն պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, ինչի մասին ասել ենք ամիսներ առաջ»:

Այս օրերի զանգվածային հանրահավաքներն ընդդիմության առաջին հանրային միջոցառումներն են 2004 թվականի ապրիլյան դեպքերից հետո, երբ ոստիկանությունը և հատուկ ստորաբաժանումները բիրտ ուժի կիրառմամբ ցրեցին հանրահավաքը նախագահի նստավայրի մոտ: Այդ ընթացքում կալանվեցին բազմաթիվ մարդիկ, հաղորդումներ եղան վնասվածքներ ստացած մարդկանց և ծեծված լրագրողների մասին: Միջազգային կառույցները դատապարտեցին Հայաստանի իշխանություններին անհարկի ուժ գործադրելու համար:

Հանրահավաքի մասին առկա տվյալները վկայում են, որ ընդդիմության կողմնակիցները բոյկոտում են ոչ միայն հանրաքվեն, այլև հանրահավաքը: Այդուհանդերձ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հորդորել իր քաղաքացիներին հեռու մնալ բողոքի հավաքներից:

Ըստ հաղորդագրությունների` հինգշաբթի օրվա բողոքի հանրահավաքում ընդդիմության կողմնակիցներից մեկը վնասվածք է ստացել ոստիկանության հետ բախման հետևանքով: Ոստիկանները պնդում են, որ նա դիմադրել է կալանքին (տես`http://www.armenialiberty.org/armeniareport/...3E.ASP):