Փոխե՞լ, թե՞ չփոխել. կիրակնօրյա հանրաքվեն հավասարակշռում է սահմանադրության 109 հոդվածները

Կիրակի օրը հանրապետության ամբողջ տարածքում ընտրական տեղամասեր եկած քաղաքացիներն «այո» կամ «ոչ» կասեն 117 հոդվածից կազմված Հայաստանի սահմանադրության 109 հոդվածների փոփոխությանը:

Հաստատվելու համար բարեփոխումների ծրագիրը պետք է հավաքի առնվազն 750000 ձայն (բոլոր գրանցված ընտրողների մեկ երրորդը): Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում բոյկոտելու հանրաքվեն` հուսալով, որ նոր սահմանադրությունը կտապալվի (տես` հարակից հոդվածը):

Գործող սահմանադրության բոլոր ինը գլուխները ենթակա են փոփոխության:

Ամենաքիչ փոփոխության է ենթարկվել «Սահմանադրական կարգի հիմունքներ» գլուխը. փոփոխություններ են առաջարկվել 13 հոդվածներից ընդամենը 8-ում: Գլուխ 2-ի («Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները») բոլոր 35 հոդվածները առաջարկվող նախագծով ենթակա են փոփոխության:  Գլուխ 3-ի (Հայաստանի Հանրապետության նախագահը) 13 հոդվածից անփոփոխ է մնում միայն մեկը: Ազգային ժողովին վերաբերող գլուխ 4-ը պարունակում է 22 փոփոխված հոդված, անփոփոխ է մնում միայն մեկը: Կառավարությանը վերաբերող գլուխ 5-ի բոլոր 6 հոդվածները նույնպես առաջարկվում է փոփոխել: Նախատեսվում է փոփոխել դատական իշխանությանը վերաբերող գլուխ 6-ի բոլոր 13 հոդվածները, ինչպես նաև տեղական ինքնակառավարմանը վերաբերող գլուխ 7-ի բոլոր 7 հոդվածները: Փոփոխության են ենթակա գլուխ 8-ի («Սահմանադրության ընդունումը, փոփոխումը և հանրաքվեն») չորս հոդվածներից երեքը: Եվ, վերջապես, առաջարկվող նախագծով նախատեսվում է փոփոխել անցումային դրույթներին վերաբերող գլուխ 9-ի բոլոր երեք հոդվածները:

Ընդհանուր առմամբ, առաջարկվող նախագծի հեղինակները պնդում են, որ առաջարկվող փոփոխությունները ստեղծում են զսպման ու հակակշռի համակարգ իշխանության ճյուղերի միջև և ստեղծում են մի իրավիճակ, երբ իշխանության յուրաքանչյուր ճյուղ պետք է հաշվի նստի մյուսների կարծիքի հետ: Բացի այդ, նրանց կարծիքով, փոփոխությունները նպաստում են անկախ դատական համակարգի ստեղծմանը:

Փոփոխությունների առաջարկվող նախագիծը ենթադրում է նախագահական լիազորությունների որոշակի սահմանափակում` հօգուտ խորհրդարանի, կառավարության և դատական համակարգի: Այսպես` հանրության դատին ներկայացված նախագծում օրենսդիրները վճռական դեր են ստանում կառավարության ստեղծման հարցում` նախագահը նշանակում է վարչապետ միայն խորհրդարանական մեծամասնության հավանության դեպքում, մինչդեռ գործող սահմանադրությամբ` նախագահը նշանակում է վարչապետ սեփական հայեցողությամբ: Բացի այդ, մտցվում է հարցապնդումների ինստիտուտ, ինչը նշանակում է, որ խորհրդարանի անդամները իրավունք են ստանում հարցապնդումներ անելու և որոշումներ ընդունելու կառավարության գործողությունների վերաբերյալ (ինչպես հարց ու պատասխանի նիստերում):

Որոշ սահմանափակումներ վերաբերում են գործադիր իշխանության հետ նախագահի հարաբերություններին և զգալիորեն կրճատում են նրա լիազորությունները: Առաջարկվող փոփոխություններով կառավարության նիստերում նախագահելու լիազորությունը նախագահից փոխանցվում է վարչապետին, և նախագահն այլևս չի հաստատում կառավարության որոշումները:

Ըստ գործող սահմանադրության` ՀՀ նախագահը նաև արդարադատության խորհրդի նախագահն է: Իսկ փոփոխություններով նախատեսվում է այդ պաշտոնը հանձնել վճռաբեկ դատարանի նախագահին և դատավորների անկախությունը երաշխավորել օրենքով (գործող սահմանադրությամբ դատավորների անկախության երաշխավորը նախագահն է): Բարեփոխումների հեղինակներն ու դրանց մշակմանը մասնակցած եվրոպական կառույցների փորձագետները պնդում են, որ այս կերպ նվազագույնի կհասցվի նախագահի ազդեցությունը դատական համակարգի վրա:

Տեղական ինքնակառավարման ոլորտում առաջարկվող ամենաէական փոփոխություններից մեկն այն է, որ Երևանը կստանա համայնքի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ քաղաքապետը կընտրվի կամ ուղղակիորեն (ուղղակի ընտրությամբ), կամ անուղղակիորեն (քաղաքային իշխանությունների ընտրված պաշտոնյաների կողմից): Ներկայումս Երևանի քաղաքապետին նշանակում է (և պաշտոնանկ է անում) նախագահը:

Քաղաքացիների իրավունքներին վերաբերող գլխավոր փոփոխություններից են երկքաղաքացիության արգելքի վերացումը և Հայաստանի քաղաքացիներին Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի շնորհումը բոլոր երեք դատական ատյաններին դիմելուց հետո: Ներկայումս քաղաքացիները Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեն: Այդ իրավունքը վերապահված է միայն նախագահին, կառավարությանը, խորհրդարանի անդամների մեկ երրորդի համատեղ կամքին, ինչպես նաև խորհրդարանական և նախագահական ընտրությունների թեկնածուներին ընտրությունների ընթացքում:

Թեև նախագահի լիազորությունները սահմանափակվում են, փոփոխությունների նախագծում կա մի քանի դրույթ, որոնք առաջ են բերում հանրապետության քաղաքական ընդդիմության հակազդեցությունը:

Մասնավորապես, հոդված 56-ում գրված է. «Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»:

Փոփոխված սահմանադրության հոդված 81-ը լիազորում է նախագահին` խորհրդարանի հավանությամբ Հայաստանի սահմանները փոփոխելու իրավունքով:

Եվ, վերջապես, չնայած այն դրույթին, որ նախագահը չի կարող վերընտրվել երկու հաջորդական ժամկետից հետո, հոդված 53.1-ում գրված է, որ «ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այդ դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` քառասուներորդ օրը, անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրություն»:

Որոշ փորձագետների կարծիքով` այս հանգամանքը կարող է լուրջ հարց դառնալ մոտ ապագայում: Մասնավորապես, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը պնդում է, որ համաձայն միջազգային օրենքների, Հայաստանը շարունակում է ռազմական դրության մեջ մնալ, քանի դեռ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր չի ստորագրել: Հիմնավորելով իր դիրքորոշումը` նա մատնանշում է 2001 թվականին ընդունված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 5-րդ կետը, որը բացառում է հանրաքվեի անցկացումը նման պայմաններում:

«Մեր կազմակերպությունը նամակով դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին` տեղեկացնելով նրան, որ նոյեմբերի 27-ին նախատեսված հանրաքվեն անօրինական է, և որ սահմանադրության փոփոխության ցանկացած միջոցառում կարող է անցկացվել միայն հաշտության պայմանագիր կնքելուց հետո»,- ասում է Կամսարականը:

Ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը կտրականապես դեմ է նախագահական լիազորությունների սահմանափակմանը` պնդելով, որ դրանով փաստացիորեն պատերազմական վիճակում գտնվող երկիրը խոցելի կդառնա արտաքին թշնամիների առջև:

«Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի նախագահը նաև երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, և նրա լիազորությունների սահմանափակումը հղի է իրական վտանգով, հատկապես այսօր, երբ շատ միջազգային դիտորդներ ու կազմակերպություններ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- ասում է Հարությունովը:

Իսկ քաղաքական վերլուծաբան Արմեն Պողոսյանը վտանգ է տեսնում այն բանի մեջ, որ երկիրը շարժվում է դեպի պառլամենտարիզմ:

«Փոփոխված սահմանադրությունը քայլ է դեպի խորհրդարանական հանրապետության ստեղծումը: Իսկ այսօր ընդհանուր Հարավկովկասյան խորհրդարան ստեղծելու գաղափարն ավելի ու ավելի հաճախ է բարձրաձայնվում,- ասում է նա: - Իմ կարծիքով, դա վտանգավոր միտում է: Այն չի բխում Հայաստանի ազգային շահերից, քանի որ անցյալում մենք այդպիսի նախադեպեր ունեցել ենք` նախ 1917-1918 թվականներին, երբ Հարավային Կովկասը միասնական խորհրդարանական հանրապետություն էր, և ապա 1922-1936 թվականներին, երբ ստեղծվեց այսպես կոչված Անդրկովկասյան Ֆեդերացիան: Երկու դեպքում էլ Հայաստանը ծանր կորուստներ ունեցավ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը 1923 թվականին»:

Քաղաքագիտության դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Արմեն Այվազյանն ասում է, որ սահմանադրական փոփոխությունները պետք են Հայաստանին, սակայն իրավիճակն իրապես չի փոփոխվի, մինչև այդ բարեփոխումները չուղեկցվեն առաջընթացով պետական կառավարման ոլորտում:

«Բարեփոխված սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք այս կամ այն ձևով դրական դեր կխաղան պետության զարգացման մեջ: Օրինակ` նման դրույթներից է երկքաղաքացիությունն արգելող անհեթեթ հոդվածի վերացումը: Երևանի քաղաքապետի ընտրովի լինելը նույնպես դրական քայլ է»,- ասում է Այվազյանը:

Բարեփոխված սահմանադրությունը «մեկ քայլ առաջ» համարողների շարքում է նաև հակամարտությունների մասնագետ Վիկտոր Սոլախյանը:

Սակայն. «Իհարկե, նախորդի համեմատությամբ սա մեկ քայլ առաջ է: Բայց ինչո՞ւ պիտի մեկ քայլ անենք առաջ և ոչ թե, ասենք, տասը»,- հարցնում է նա:

Որպես Երևան քաղաքի վերջին խորհրդի անդամ` Սոլախյանը 1995 թվականին դեմ էր, որ քաղաքը զրկվի համայնքի կարգավիճակից, իսկ քաղաքապետին նշանակի նախագահը:

«Երևանի կարգավիճակին վերաբերող հոդվածում պետք է հստակորեն արձանագրվի, որ քաղաքապետն ընտրվում է ուղղակի ընդհանուր ընտրություններով»,- պնդում է նա:

Երևանում է ապրում Հայաստանի բնակչության գրեթե կեսը: Մայրաքաղաքում է կենտրոնացված հանրապետության արտադրական ներուժի 60-70 տոկոսը: Փորձագետի կարծիքով` հենց այդ հանգամանքն է վախեցնում իշխանություններին, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները կարող են ընկալվել հավասար հանրապետության նախագահի ընտրությանը:

Առավել վիճահարույց հոդվածներից է ընտանիքի հարցերին վերաբերող հոդված 35-ը:

Կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության նախագահ Հրանուշ Խառատյանի կարծիքով` սահմանադրության նախագծի որոշ ձևակերպումներ ճշտման կարիք ունեն:

«Իմ կարծիքով` բարեփոխված սահմանադրությունը շատ հստակ կարգավորում է հարաբերություններն իշխանության ճյուղերի միջև և հստակ սահմանումներ է ներմուծում մարդու իրավունքների ոլորտ,- ասում նա: - Սակայն ընտանիքին վերաբերող հոդվածում կան պրոբլեմներ: Ինչ վերաբերում է կրոնի և ազգային փոքրամասնությունների հարցերին, ապա տերմինաբանական առումով հոդվածներն ավելի լավ են ձևակերպված և համապատասխանում են ժամանակի ոգուն»:

«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» ՀԿ խորհրդի անդամ Խաչիկ Ստամբոլցյանը պնդում է, որ հոդված 35-ի ձևակերպման մեջ երկիմաստություն կա:

«Առաջարկված նախագծում կան մի քանի դրույթներ, որոնք ամբողջ սահմանադրությունը հանգեցնում են զրոյի: Այսպես` հոդված 35-ը, իմ կարծիքով, պարունակում է անբարոյական ենթատեքստ, քանի որ, փաստորեն, օրենսդրորեն չի բացառում նույն սեռի մարդկանց ամուսնությունը»,- պնդում է նա:

Մասնավորապես, հոդվածի այն մասը, որը, նրա կարծիքով, մեկնաբանությունների տեղ է թողնում, ձևակերպված է այսպես. «... Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից»:

Մոլի հակամիասեռականները պնդում են, որ հոդվածը պետք է ավելի հստակ ձևակերպեր, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև է:

Բարեփոխումների ջատագովները մերժում են այդ մեղադրանքները որպես անհիմն, իսկ ոմանք նույնիսկ վկայակոչում են հոդվածի առաջին նախադասությունը, որը բացատրում է ընտանիքի էությունը` «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է»` ընդգծելով «բնական» բառը: