Նոր սահմանադրություն, հին խաղեր. հանրաքվեն կայացավ, սակայն թվերը կասկածի տեղիք են տալիս

Հայաստանում անցկացվեց ևս մեկ քվեարկություն: Այն ուղեկցվեց վիճաբանություններով, քննադատությամբ և արդեն սովորական դարձած հեղափոխության կոչերով: Այդուհանդերձ, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, նոր սահմանադրություն կունենա:

Կիրակի կայացած հանրաքվեի պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 64 տոկոսը, իսկ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ ելքի հարցման (ընտրողների հարցում քվեարկելուց անմիջապես հետո` ընտրատեղամասի ելքի մոտ) արդյունքներով` ընտրողների 88 տոկոսն «այո» է ասել նոր սահմանադրությանը:  Այնպես որ, հանրաքվեն ևս մեկ հաղթանակ է նախագան Ռոբերտ Քոչարյանի համար:

Սակայն ընդդիմությունը այդ ցուցանիշներն արժանահավատ չի համարում :

Նախ` Քոչարյանի հակառակորդ դիտորդները նշում են, որ ընտրական տեղամասերը նկատելիորեն սակավամարդ էին: 

Երկրորդ` Հանրային հեռուստատեսությունը իրականում վերահսկվում է իշխանությունների կողմից և չի համարվում տեղեկատվության անկողմնակալ աղբյուր:

Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա եթե նրա տվյալները ճիշտ են, ապա դա նշանակում է, որ հանրաքվեին ավելի շատ մարդ է մասնակցել, քան 2003 թվականի նախագահական ընտրությունների անչափ լարված երկրորդ փուլին, երբ Քոչարյանը հաղթեց Ստեփան Դեմիրճյանին կեղծիքներով արատավորված ընտրություններում, որոնք արժանացան միջազգային հանրության դատապարտմանը` ժողովրդավարական պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

Կիրակի երեկոյան ընտրատեղամասերի դռները փակվելու հետ մեկնարկեց հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների մեղադրանքների հերթական փուլը: Պետք է նշել, որ հանրության արձագանքը ընդդիմության կոչերին վերջին շրջանում զգալիորեն թուլացել է:

Ընդդիմությունը կոչ էր արել իր կողմնակիցներին բոյկոտելու հանրաքվեն` հիմնավորելով, որ իշխանությունների համար ավելի դժվար կլինի կեղծել քվեարկության մասնակիցների թիվը, քան քվեների քանակը:

Այստեղ ոչ մեկին չի զարմացնում, որ «այո»-ականները հասել են ակնկալվող հաղթանակին: Սակայն հանրաքվեի օրը հանրության ուշադրությունը սևեռված չէր քվեարկության ընթացքի վրա, ինչպես 2003-ի ընտրությունների ժամանակ: Այնպես որ, ԿԸՀ թվերը, անշուշտ, կարող էին ուռճացված թվալ ոչ իշխանամետ դիտորդներին:

Եվրախորհրդի` ընտրատեղամասերն այցելած մոնիտորների զեկույցը հանրաքվեի քվեարկության մասին ակնկալվում է ավելի ուշ` այսօր` նոյեմբերի 28-ին:

Իսկ ընդդիմության ղեկավարներն այսօր ժամը 3-ին քաղաքացիներին հրավիրել են հանրահավաքի: Սակայն նման կոչով նրանք հանդես էին եկել նաև կիրակի, ինչին արձագանքեց ընդամենը մի քանի հարյուր մարդ` մոտավորապես այնքան, որքան հավաքվել էին ուրբաթ օրվա բողոքի ակցիային:

Այդուհանդերձ, ընդդիմության ղեկավարներից Արամ Սարգսյանն առաջ էր տանում ընդդիմության գիծը` պնդելով, որ մասնակցության ցածր ցուցանիշի պատճառն այն է, որ ԶԼՄ-ները չեն կատարել հանրությանը նախատեսված ակցիայի մասին իրազեկելու իրենց պարտականությունը:

«Մի ձևացրեք, թե երկրում ընդդիմություն չկա,- ասաց Սարգսյանը կիրակի օրը: - Այս անգամ մարդիկ կհավաքվեն անկախ նրանից` կտեղեկացնեք նրանց, թե ոչ»: