Սահմանազատում. քարտեզներն ու սկզբունքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումներում

Այսօր՝ փետրվարի 10-ին, Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ բանակցելու ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման սկզբունքների շուրջ:

Այդ կարևոր հանդիպման նախաշեմին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիները» խորհրդարանական լսումների եզրակացությունը: Լսումները տեղի են ունեցել անցյալ տարվա մարտին, իսկ զեկույցը հրատարակվել է միայն այժմ, չնայած հանձնաժողովը խոստացել էր պատրաստել փաստաթուղթը երկու ամսվա ընթացքում:

Փաստաթղթում, մասնավորապես, արձանագրված է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և հակամարտության կարգավորման հիմքը պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ինքնորոշման իրավունքի՝ որպես սկզբունքի անվերապահ և առանց սահմանափակումների կիրառումը: Ինքնորոշման իրավունքի այդպիսի կիրառելիությունը ամրապնդվում և ապահովվում է հետևյալ փաստարկներով.

  1. Ինքնորոշման բաղադրիչով. Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է օրինականորեն՝ միջազգային չափանիշներին և տվյալ պահին գործող օրենքներին լիովին համապատասխան:
  2. Տարածքային բաղադրիչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշվել է սեփական տարածքների վրա, որոնք երբևէ անկախ Ադրբեջանի իրավասության տակ չեն եղել:

Փաստաթուղթն ամբողջությամբ կարելի է կարդալ հետևյալ կայքում. http://www.regnum.ru/english/584766.html.

Նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին շահարկվում է «տարածք՝ կարգավիճակի դիմաց» բանաձևով հակամարտության կարգավորման հարցը: Մասնավորապես, դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր վերադարձին՝ դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կարգավիճակի միջազգային ճանաչման դիմաց:

Առայժմ Ֆրանսիայում կայանալիք բանակցությունների օրակարգի և, բնականաբար, ԼՂՀ կարգավիճակին վերաբերող առաջարկների մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել:

Սակայն ակնհայտ է, որ բանակցությունների առարկան կլինեն այն տարածքները, որոնք հայտնի են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին հետևյալ անուններով՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի և Լաչինի շրջաններ: Այս շրջանների անունները ներկայացված են դեռ խորհրդային վարչատարածքային բաժանման սխեմայով, որն ուժի մեջ էր հակամարտության ծագման պահին:

Այս շրջանների ընդհանուր տարածքը 8810 քառակուսի կիլոմետր է, որը մի քիչ ավելի է նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքի (86600 քառակուսի կմ) 10 տոկոսից: Այս հաշվարկը, իր հերթին, հիմնված է հակամարտությանը նախորդող շրջանի վիճակագրության վրա, որն անփոփոխ էր մինչև 1994 թ. աշունը, երբ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը շրջանառության մեջ դրեց «Ադրբեջանական ԽՍՀ. վարչատարածքային բաժանում» գիրքը, որում նշված էին «հայկական ուժերի գրաված ադրբեջանական տարածքները»:

Ըստ այդ աղբյուրի՝ գրավյալ տարածքները հետևյալն էին. Քելբաջար՝ 1936 քառ. կմ, Լաչին՝ 1835 քառ. կմ, Ղուբաթլի՝ 802 քառ. կմ, Ջեբրայիլ՝ 1050 քառ. կմ, Զանգելան՝ 707 քառ. կմ, Աղդամ՝ 1094 քառ. կմ, Ֆիզուլի՝ 1386 քառ. կմ: Հաշվի առնելով, որ Աղդամը և Ֆիզուլին ամբողջությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի վերահսկողության տակ չեն (միայն 35 և 25 տոկոսը, համապատասխանաբար՝ 383 և 347 քառ. կմ), ապա Լեռնային Ղարաբաղի ընդհանուր տարածքը կազմում է 7060 քառ. կմ: Դա Ադրբեջանի ընդհանուր տարածքի 10 տոկոսից պակաս է:

Սակայն պաշտոնական Բաքուն պնդում է, որը գրավյալ է իր տարածքի «20 տոկոսը»: Ինչո՞ւ:

Անկախ Ադրբեջանի առաջին մարդահամարն անցկացվել է 1999 թվականին, և կազմավորվել են հանրապետության նոր շրջաններ: Պաշտոնապես երկիրը բաժանված է 78 շրջանի՝ 65 գյուղական և 13 քաղաքային: 2000 թվականին հրապարակված տվյալներով՝ Քելբաջարի տարածքն արդեն 3054 քառակուսի կմ է, ինչը գերազանցում է շրջանի նախկին տարածքը 1118 քառ. կիլոմետրով:

Ակնհայտորեն, Քելբաջարի շրջանի գրավյալ լինելու փաստը մատնանշելիս՝ պաշտոնական Բաքուն այսօր ելնում է վարչատարածքային նոր բաժանումից, որպեսզի կարողանա ապացուցել, թե գրավյալ է իր տարածքի մեկ հինգերորդ մասը:

«Պետք է հաշվի առնել, որ այս տարածքների մի մասը՝ Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ, պատճառ դարձան, որ Ազգերի լիգան չճանաչի 1920 թվականին հռչակված Ադրբեջանի ժողովրդական Հանրապետությունը (ԱԺՀ) որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- ասում է քաղաքագետ Արմեն Այվազյանը:

«Ազգերի լիգան, մասնավորապես, չճանաչեց ԱԺՀ սահմաններն այն տեսքով, ինչպես քարտեզի վրա գծել էին իրենք՝ մահմեդականները: Այդ չճանաչված պետության իրավահաջորդ է իրեն հռչակել անկախ Ադրբեջանը: 1991 թվականի օգոստոսի 28-ին պաշտոնապես հրաժարվելով խորհրդային ժառանգությունից՝ Բաքուն կորցրել է բոլոր իրավունքները այդ տարածքների մի մասի՝ Նախիջևանի և Ղարաբաղի նկատմամբ:

Ղարաբաղյան հակամարտության փորձագետ և Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն ասում է. «1923 թվականին Լաչինի, Քելբաջարի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի, Շահումյանի, Խանլարի, Գետաբեկի շրջաններն ու մի շարք այլ տարածքներ օտարվեցին Ղարաբաղից, ինչպիսին այն ընկալվում էր նույնիսկ 1921 թ. հուլիսի 21-ի Կովկասյան բյուրոյի ստալինյան որոշումը կիրառելիս: Հենց մնացած տարածքում էլ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը»:

Հայ քաղաքագետների կարծիքով՝ տարածքների հարցը պետք է քննարկվի առանձին և չշաղկապվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Մասնավորապես, Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ Ադրբեջանին է հանձնվել 4739 քառակուսի կիլոմետր տարածք, որը պատկանում էր Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը (որի տարածքը 34539 քառ. կմ էր):

1926-1928 թթ. հրատարակված քարտեզները (ԽՍՀՄ քարտեզ, Մոսկվա, 1926 թ., Մեծ խորհրդային հանրագիտարան, Մոսկվա, 1926 թ., Կարմիր բանակի ռազմատեխնիկական վարչության քարտեզներ, Դոնի Ռոստով, 1926-1928 թթ.) ցույց են տալիս, որ Հայկական ԽՍՀ-ն և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ունեն ընդհանուր ու բավական երկար սահման, որը ձգվում է հենց Քելբաջարի ու Լաչինի տարածքով:

«Ակնհայտ է, որ այսօր ԼՂՀ-ն ու Հայաստանն իրար կապող Լաչինի և Քելբաջարի հարցը քննարկելիս անհրաժեշտ է հատուկ շեշտել դրանք Հայկական ԽՍՀ-ից անջատելու փաստը: Որպես անկլավ ԼՂՀ գոյության մերժումը Հայաստանի կողմից պետք է հիմնվի, ի թիվս այլ փաստարկների նաև այս փաստի վրա, որն ապացուցվում է փաստաթղթերով»,- ասում է Մանասյանը: