Օդերևութաբանական խելահեղություն. վերջին 28 տարվա ամենաձնառատ ձմռանը Հայաստանում տրանսպորտի բոլոր տեսակները վտանգավոր են դարձել

Գրեթե երկու շաբաթ Հայաստանում տեղացած առատ ձյունը իսկական պատուհաս է դարձել վարորդների ու անցորդների համար՝ ավելացնելով բժիշկների աշխատանքը:

Երևանում ձյան ծածկույթի հաստությունը հասել է մոտ 60 սմ-ի, իսկ հանրապետության որոշ մարզերում գերազանցել է 1 մետրը: Օդերևութաբաններն ակնկալում են, որ ձյունը կշարունակվի առնվազն մինչև ուրբաթ՝ փետրվարի 10-ը:

Հայհիդրոմետծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանն ասում է, որ այս տարվա ձմեռն «անսպասելիորեն ձնառատ է»:

Նրա հավաստմամբ՝ նման տեղումներ արձանագրվել են մեկ էլ 1942 և 1978 թվականներին:

«Ջերմաստիճանի անսովոր փոփոխություն անցալ տարիների համեմատությամբ չի գրանցվել, սակայն ձյան առատ տեղումներն ու հաստ ծածկույթն իսկապես անսպասելի են Հայաստանի համար»,- ասում է Պետրոսյանը:

Նման եղանակն իսկական երջանկություն է երեխաների համար, որոնք ամենուր ձնագնդիկ են խաղում: Իսկ այ նկարիչների Վերնիսաժը փակ էր, բայց գնալուց առաջ նրանք հասցրել էին Սարյանի արձանից ոչ հեռու մի տպավորիչ ձյունե կին քանդակել:

Միաժամանակ ձյունը զգալի դժվարություններ է ստեղծել քաղաքի փողոցների մաքրությունն ու անվտանգությունն ապահովողների համար, որոնք արժանանում են համաքաղաքացիների նախատինքին՝ ձյան դեմ պայքարը տանուլ տալու համար:

«Մեր ժողովուրդը միայն պահանջատիրոջ վերաբերմունք չպետք է ունենա: Ամեն մարդ պիտի մտածի, որ ինքն էլ ինչ-որ բանով օգնի իշխանություններին»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:

Նա երանությամբ է հիշում հին ժամանակները, երբ նման իրավիճակում հիմնարկ-ձեռնարկությունները, բուհերն ու դպրոցները մասնակցում էին մաքրման աշխատանքներին:

«Այս տարի արտակարգ իրավիճակ է: Թաղապետարաններն աշխատում են ուժերի ներածի չափով,- ասում է նա: - Սակայն մեր հնարավորությունները թույլ չեն տալիս ամբողջ քաղաքը մաքրել: Մեկ-մեկուկես օրվա ընթացքում գործ ենք ունենում 60 սանտիմետրանոց ձյան ծածկույթի հետ»:

Իսկ «60 սանտիմետրանոց» ձյան դեմ պայքարելու համար, ըստ Բասենցյանի, անհրաժեշտ են շուրջ 350 մեքենա-մեխանիզմներ, մինչդեռ քաղաքն ունի ընդամենը 100 մեքենա:

Ձյան ու սառույցի հաստ ծածկույթը անանցանելի է դարձրել ճանապարհները, քիվերից կախված մահացու սրածայր սառցալուլաներն իսկական փորձանք են դարձել անցորդների համար, հատկապես վերջին 10 օրում:

Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ միայն անցած մի քանի օրերի ընթացքում Երևանում արմատախիլ է եղել 11 ծառ, ավելի քան 110 ծառ ջարդվել է ճյուղերին նստած թաց, ծանր ձյան հետևանքով: Փլվել է 5 տան և մեկ բենզալցակայանի տանիք:

Ձյան «արձագանքները» իրենց մասին զգալ են տալիս նաև քաղաքի բուժհաստատություններում. կոտրվածքներ ու վնասվածքներ, որոնք ընկնելու կամ էլ տանիքներից պոկված սառցալուլաների հետևանք են:

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի հավաստմամբ՝ օրական 10-15 մարդ է դիմում հիվանդանոց, որոնց մոտ 30 տոկոսը ձմեռային եղանակի զոհ են:

Բժիշկ Պետրոսյանն ասում է, որ անցորդները պետք է խուսափեն շենքերի կողքով քայլելուց, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ վնասվածքների և անգամ մահվան:

Ու չնայած օդերևութաբանները չեն կանխատեսում, թե ինչ կլինի եղանակների տաքացման հետևանքը, քաղաքապետարանը նոր հանձնաժողով է ձևավորում, որը պայքարելու է ձնառատ ձմռան հետևանքների` գարնանային հեղեղումների դեմ:

«Եթե տեսնեք, որ եղանակը տաքանալուն պես փողոցներով առուներ են հոսում, չզարմանաք»,- ասում է Բասենցյանը: