Գործը փակվա՞ծ է. Փաստաբաններն առաջարկում են վերանայել ԱՄՆ քաղաքացու սպանության գործը

Վերջին լուրեր. Հագլանդի փաստաբանին սպառնում են, ամենայն հավանականությամբ, նրա դիրքորոշման առնչությամբ

Հայ փաստաբան Մարինա Ջանոյանը, որը ներկայացնում է Հայաստանում սպանված ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդի ընտանիքի շահերը, պնդում է, որ երկուշաբթի՝ փետրվարի 13-ին, իրեն սպառնացել են: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է,  որ նա պաշտպանում է Հագլանդին, որը միասեռական էր, և որին, շատերի կարծիքով, սպանել են ատելության հողի վրա:

Փաստաբանի վկայությամբ՝ ժամը 14:20-ի շրջանում Երևանի պետական համալսարանի մոտ իրեն փորձել են վրաերթի ենթարկել:  

Ջանոյանի խոսքերով՝ վարորդը՝ մոտ 30 տարեկան ամրակազմ տղամարդ, ասել է. «Ինչո՞ւ ես մեզ վարկաբեկում»: Նա ակնհայտորեն նկատի է ունեցել, որ Ջանոյանը պաշտպանում է Հագլանդին մի հասարակությունում, որն անհանդուրժող է միասեռականների հանդեպ:

Ըստ Ջանոյանի՝ վարորդն ասել է. «Ավելի լավ է մտածես սեփական կյանքիդ մասին»:

ԱՄՆ քաղաքացի Ջոշուա Հագլանդի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները պահանջում են, որ դատախազությունը վերսկսի Հագլանդի սպանության գործի քննությունը: 2004 թ. մայիսի 18-ին Հագլանդին գտել են Երևանի իր բնակարանի մոտակայքում բազմաթիվ խոցված վերքերով, որոնք մահացու էին:

Հագլանդը, որը համարվում է ՀՀ-ում սպանված ԱՄՆ առաջին քաղաքացին, Հայաստան էր եկել 2003 թ. սեպտեմբերին՝ Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանում որպես դասախոս աշխատելու: Նրա մահն առաջ բերեց Հայաստանում ապրող օտարերկրացիների զայրույթն ու մտահոգությունը, որովհետև շատերն այն համարեցին «ատելության հողի վրա կատարված հանցագործություն», քանի որ Հագլանդը միասեռական էր:

2004 թ. աշնանը Հագլանդի ընտանիքը Ամերիկայից եկավ Հայաստան: Նրանք դիմեցին լրատվամիջոցներին և իրավապահ մարմիններին՝ կոչ անելով գտնել իրենց հարազատին սպանողին: (Սեղմեք այստեղ՝ «ԱրմենիաՆաուի» հարակից զեկույցը կարդալու համար:)

Այդ այցից հետո ընտանիքը բարձրաձայնել է իր դժգոհությունը Հայաստանի իշխանություններից, որոնք Տիգրան և Մարինա Ջանոյանների հրապարակած վերլուծության մեջ մեղադրվում են ակնհայտ հանցանշաններ պարունակող վարկածներն ինչպես հարկն է չքննելու մեջ, քանի որ Հայաստանում առկա են նախապաշարումներ միասեռականների նկատմամբ, իսկ կասկածյալներին ենթադրաբար արտոնություններ են տրամադրել՝ նրանց ազդեցիկ կապերի շնորհիվ:

Ջանոյաններին Հագլանդները վարձել են Հայաստան կատարած այցի ընթացքում: Մարինա Ջանոյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ 2005 թ. սեպտեմբերին իրենց հայտնի է դարձել, որ դատախազությունը մեկ տարի առաջ կասեցրել է Հագլանդի գործի նախաքննությունը:

Նրա հավաստմամբ՝ նախաքննությունը կասեցվել է 2004 թ. հոկտեմբերին: Սակայն Հագլանդներն այցելել են Հայաստան հոկտեմբերին, և, դատելով մամուլին նրանց հաղորդած տեղեկություններից, այդ ժամանակ դատախազությունը դեռ քննում էր գործը:

Փաստաբանները ենթադրում են, թե դատախազությունը չի հայտնել, որ գործի քննությունը կասեցվել է, որովհետև հակառակ դեպքում ստիպված կլիներ տեղեկություններ տրամադրել ընտանիքի ներկայացուցիչներին: Քանի դեռ գործը քննության փուլում է, ո’չ փաստաբանները, ո’չ էլ այլ շահագրգիռ կողմեր գործի նյութերին ծանոթանալու իրավունք չունեն: Գործը, թեև, չի փակվել, սակայն այլևս ակտիվորեն չի քննվում:

Այժմ, Ջանոյանները գործի մասին յոթ էջանոց վերլուծություն են ներկայացրել Երևան քաղաքի դատախազությանը, որը հարցականի տակ է դնում ոստիկանության կատարած աշխատանքը և մեղադրում է քննիչներին միասեռական կասկածյալների ահաբեկման և, ինչպես ենթադրվում է, գլխավոր կասկածյալին մատնանշող հանցանշաններն անտեսելու մեջ:

Ըստ Ջանոյանների՝ քննությունը գրեթե բացառապես կենտրոնացել է երկու այլ միասեռականների՝ Հայկական միջազգային ամսագրի (AIM) նախկին խմբագիր, Երևանում ապրող ԱՄՆ քաղաքացի Հրայր Սարգսյանի և նրա զուգընկեր Վահե Կարապետյանի հետ Հագլանդի հարաբերությունների վրա:

Կարապետյանին կանչել են և, ինչպես ենթադրվում է, ծեծել են ոստիկանությունում, իսկ Սարգսյանին հարցաքննել են: Այս երկու անձնավորություններն էլ Հագլանդի սպանությունից մի քանի ամիս անց տեղափոխվել են Կալիֆոռնիա:

Ջանոյանների վերլուծության մեջ ասվում է, որ «նախաքննությունը հանցագործության շարժառիթ է համարել միասեռական խանդը», և դատախազությունը կասկածել է, որ սպանությունը խանդի հողի վրա կատարել է Կարապետյանը՝ Սարգսյանի և Հագլանդի միջև ենթադրյալ կապի պատճառով:

«Հարցաքննություններն ու փորձագետների հետազոտությունները վերոհիշյալ վարկածը հաստատող հիմքեր չեն հայտնաբերել»,- ասված է փաստաբանների վերլուծության մեջ:

Հագլանդների փաստաբանները նաև ասում են, որ ոստիկանությունը զլացել է հարցաքննել պոտենցիալ կասկածյալին՝ ոմն Սաքոյի, որը ծանոթ է եղել Կարապետյանին, Սարգսյանին ու Հագլանդին: Ըստ դիմումի՝ 2004 թ. սկզբին Սաքոն ապրել է Կարապետյանի և Սարգսյանի հետ՝ թաքնվելով իր ընտանիքից՝ բանկից վերցրած մոտ 20000 դոլարի հետ կապված պատմության պատճառով:

Հագլանդի սպանությունից մի քանի ամիս առաջ Սարգսյանն ու Կարապետյանը դիմում են ներկայացրել Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանություն՝ բողոքելով, որ Սաքոյին փնտրող ազգականներն իրենց տանը հարձակվել են իրենց վրա, ահաբեկել ու վիրավորել իրենց:

«Այն վարկածը, որ Սաքոն ու նրա ազգականները (որոնց մասին հայտնի է, որ նրանք ուրիշների վրա էլ են հարձակվել) կարող էին հարձակվել Ջոշուա Հագլանդի վրա, չի քննվել»,- ասված է վերլուծության մեջ, որը նաև ենթադրում է, որ դատախազությունը Սաքոյի անունը չի տվել, քանի որ վերջինիս ընտանիքը վայելում է «վերևների պաշտպանությունը»:

Վերլուծության մեջ նշված է, որ Ջոշուա Հագլանդի եղբայրն ու իրավահաջորդը՝ Ջեյմս Հագլանդը, կասկածներ ունի, որ Սաքոն վարկաբեկիչ լուրեր է տարածել «որոշ արտոնյալ ուսանողուհիների մեջ», որոնք ուսման հետ կապված պրոբլեմներ են ունեցել Հագլանդի հետ:

«Շատ կարևոր կլիներ նախաքննություն անցկացնել մի քանի ուսանողների ազգականների և ընկերների մասով, որոնք կարող էին խախտել օրենքը և ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա՝ օգտվելով իրենց կապերից…»,- եզրափակում է վերլուծությունը:

Փաստաբանները պնդում են, որ Հագլանդին սպանողը պաշտպանված է զինվորականության հետ իր կապերի շնորհիվ՝ «ինչով էլ պայմանավորված է նախաքննության անարդյունավետ ընթացքը»:

Հագլանդների փաստաբաններն առաջարկում են Երևանի դատախազությանը 10 կետով միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ «նախաքննական և ընթացակարգային քայլեր ձեռնարկել սույն դիմումում ներկայացված բացերը լրացնելու համար»:

Ջանոյանների վերլուծությունը իրավական առումով պարտադիր ուժ չունի, սակայն դատախազությունը կարող է այն հաշվի առնել՝ նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելիս:

Դատախազությունը վերլուծության առնչությամբ մեկնաբանություն չի արել, սակայն պնդում է, որ քննությունն անցկացվել է ինչպես հարկն է:

Սեղմեք այստեղ՝ փաստաբանների հարակից զեկույցը կարդալու համար