Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի մյուս ակտիվիստները ազատ են արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ

Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի մյուս ակտիվիստները ազատ են արձակվել` չհեռանալու մասին ստորագրությամբ

Ֆոտոլուր

Ժիրայր Սեֆիլյանը և արմատական ընդդիմադիր շարժման` Հիմնադիր խորհրդարանի մյուս առաջատար անդամները երկուշաբթի կալանքից ազատ են արձակվել: Դատախազությունը փոխել է նրանց նկատմամբ խափանման միջոց կալանավորումը` չհեռանալու մասին ստորագրությամբ:

Լիբանանում ծնված Ղարաբաղյան պատերազմի հերոս Սեֆիլյանը և մյուս չորս ակտիվիստները, այդ թվում` Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը ապրիլի 7-ին ձերբակալվել էին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից նրանց տներում, ինչպես նաև Երևանում Հիմնադիր խորհրդարանի շտաբում խուզարկություններ անցկացնելուց հետո: ԱԱԾ-ն հետագայում հայտարարել էր, որ ձեռք են բերվել ապացույցներ, որ շարժումը նախատեսում էր անցյալ ամիս Երևանում «զանգվածային անկարգություններ» կազմակերպել:

Հինգ ակտիվիստներին համապատասխանաբար մեղադրանք էր առաջադրվել, և երեք օր անց նրանք կալանավորվել էին` իրենց համակիրների, ինչպես նաև իրավապաշտպան ակտիվիստների բողոքի ակցիաների ֆոնին, ովքեր պնդում էին, որ նրանց կալանավորման համար հիմքերը բավարար չեն, և Հիմնադիր խորհրդարանի անդամները հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար:

Անցյալ շաբաթ Նյու Յորքում հաստատված Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել էր Երևանի իշխանություններին ազատ արձակել Հայաստանում իշխանափոխության ձգտող շարժման անդամներին:

Հիմնադիր խորհրդարանը նախատեսում էր շուրջօրյա անժամկետ բողոքի ակցիաներ սկսել ապրիլի 24-ին, այն օրը, երբ Երևանում անցկացվելու էին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Առաջնորդների ձերբակալություններից հետո էլ շարժման ակտիվիստները լի էին վճռականությամբ` շարունակելու իշխանափոխության պայքարը, միաժամանակ խոստովանելով, որ իրենց պայքարի ուշադրության կենտրոնը տեղափոխվել է բանտարկված ընկերներին ազատ արձակելու վրա:

Ապրիլի 24-ից Երևանի ծայրամասում Հիմնադիր խորհրդարանի անցկացրած հանրահավաքներին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են ներկա գտնվել: