«Պետական կարիքներ»` պետական օրենքից դուրս. սեփականության մասին կառավարության որոշումը հակասահմանադրական է, բայց մի՞թե դրանից ինչ-որ բան կփոխվի

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը չորեքշաբթի ընդունած որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց կառավարության 1151 որոշումը, որի հիման վրա օտարվել է Բուզանդի և հարակից փողոցների բնակիչների անշարժ գույքը:

Կառավարությունը 2002 թվականին որոշել էր պետական կարիքների համար վերցնել Երևանի կենտրոնում գտնվող 345 հազար քառակուսի մետր տարածք, որը հետո հատկացվել էր կառուցապատման ծրագրերի:

Բուզանդի, Կողբացու, Արամի և Ամիրյան փողոցների հարյուրավոր բնակիչներ դատարանների որոշումներով զրկվել են իրենց տներից` ստանալով շուկայական արժեքից 2-3 անգամ ցածր փոխհատուցման գումար: Տարածքների մի զգալի մասը ձեռք են բերել բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց մերձավորները:

Այս որոշումը «մեծ հաղթանակ» է համարում վտարված բնակիչների շահերի պաշտպան, փաստաբան Արթուր Գրիգորյանը:

Սակայն որոշումը կարող է սոսկ բարոյական հաղթանակ համարվել, քանի որ նույնիսկ ինքը` փաստաբանը, քիչ հավանական է համարում, որ իր հաճախորդները կարող են որևէ փոխհատուցում ստանալ` թերևս միայն դիմելով միջազգային դատարան:

ՍԴ որոշման վերջին դրույթը, ըստ որի մինչև հոկտեմբերի 1-ը հակասահմանադրական ճանաչված ակտերը կարող են գործել, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց:

«Մինչև հոկտեմբերի 1-ը էդ բոլոր ակտերը սահմանադրական են, դրանք կարող են գործել, և դրանց հիման վրա կարող է շարունակվել օտարման գործընթացը: Մինչ այդ Ազգային ժողովը և կառավարությունը դատարանի պատճառաբանական մասում նշված նորմերին համապատասխան պետք է ընդունեն օրենք: Հոկտեմբերի 1-ից հետո միայն այս փոփոխությունները կդիտվեն նոր հանգամանքներ և հիմք կլինեն դատարաններում այս գործերի վերանայման համար»,- ասում է «Ժողովրդավարություն» ՀԿ անդամ, իրավաբան Հրայր Թովմասյանը: Այսինքն` ըստ նրա, ՍԴ որոշումից կարելի է եզրակացնել` Բուզանդի բնակիչների սահմանադրական իրավունքը խախտվել է, բայց մենք առայժմ ձեզ ոչնչով չենք կարող օգնել:

Սահմանադրական դատարան էր դիմել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` կառավարության 1151 որոշման և այդ որոշման համար հիմք հանդիսացած քաղաքացիական և հողային օրենսգրքերի համապատասխան հոդվածների սահմանադրականությունը որոշելու համար: Նոյեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունները հնարավորություն տվեցին Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու Սահմանադրական դատարան:

Սակայն մինչև Հարությունյանի դիմումը, Սահմանադրական դատարան էր դիմել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` կառավարության որոշման սահմանադրականությունը որոշելու պահանջով:

Ալավերդյանը 2004-2005 թթ. քաղաքի կենտրոնի բնակիչներից ստացել է 415 բողոք:

Հունվարի 4-ին նա հանվեց պաշտոնից, և նրա դիմումը անպատասխան մնաց:

Փաստաբան Գրիգորյանն ասում է, որ որոշման համար մեծ դեր խաղացին առաջին օմբուդսման Ալավերդյանի զեկույցները և օմբուդսմեն Արմեն Հարությունյանի դիմումը, որ բարձր պրոֆեսիոնալիզմով էր արված:

Սահմանադրական դատարանը սկսեց նիստը մարտի 21-ին: Կառավարությունը ներկայացնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը կառավարության որոշման մեջ որևէ հակասահմանադրական բան չէր տեսնում: Միայն վերջին նիստին նա սեփականությունից զրկելու գործընթացում մի թերություն նկատեց. բնակիչներին անշարժ գույքի դիմաց տրված փոխհատուցման գումարից պետությունը պետք է 10 տոկոս եկամտահարկ չգանձեր, քանի որ դա եկամուտ չէր: Դատարանի որոշումը հնարավորություն է տալիս այդ նպատակով առ այսօր վճարված գումարները հետ ստանալ:

Պաշտպան Հարությունյանը դատարան էր ներկայացրել 8 էջանոց դիմում (www.ombuds.am): Մասնավորապես, նա ասել էր, որ կառավարության որոշումը հակասում է Սահմանադրության 31 հոդվածին, որով սեփականատերը իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել, տնօրինել և կտակել իր սեփականությունը: Սահմանադրության նույն հոդվածով սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Օմբուդսմանը պնդում էր, որ իրավական ակտերից ոչ մեկում բացահայտված չէ «պետական կարիք» հասկացությունը, չկա կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք, որում սահմանված լիներ օտարման բացառիկ կարևորությունը, թե օտարվող գույքը հասարակության և պետության որ կարիքներին է ուղղվելու:

Սահմանադրական դատարանի 1998 թվականի որոշմամբ` սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելով: Կենտրոնի բնակիչներից ոչ մեկի գույքի օտարման վերաբերյալ առանձին օրենք չի ընդունվել:

Գրիգորյանն անիմաստ է համարում, որ իր պաշտպանյալները կրկին դիմեն դատարան. «Այս մարդիկ անդառնալի կորուստներ են ունեցել: Նրանց տներն այլևս չկան: Օրենսդիր կամ գործադիր մարմինները պիտի ճանաչեն այս մարդկանց զոհ լինելը: Նրանք ոչ միայն նյութական, այլև բարոյական վնաս են կրել, իսկ բարոյական փոխհատուցման օրենք չկա»,- ասում է նա:

Բուզանդի փողոցի վտարված բնակիչ Սեդրակ Բաղդասարյանն ասում է, որ ՍԴ որոշումն իրեն էլ ոչինչ չի տա, քանի որ արդեն կորցրել է տունը, և տան տեղում փոս է: Դատական երեք ատյաններ նրան վտարելու վճիռ են կայացրել: «Այս որոշումը կօգնի այն բնակիչներին, որոնք դեռ վտարված չեն»: Նա դիմել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան, և ՍԴ որոշումը այնտեղ արդարություն գտնելու մի նոր փաստարկ է:

Հելսինկյան կոմիտեի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանը դրական է գնահատում ՍԴ որոշումը և ասում է, որ այն հնարավորություն է տալիս բնակիչներին շարունակելու պայքարը և հասնելու իրենց շահերի բավարարմանը: Ըստ օրենսգրքի` Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ ակտը, որ կիրառել է դատարանը, հանդիսանում է նոր հանգամանքներով դատարանի վճիռները վերանայելու հիմք: Հետևաբար, բոլոր վտարման և գույքի օտարման վճիռները կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան:

Նա ասում է, որ նույնիսկ նրանք, ովքեր դատարան չեն դիմել և ստիպված պայմանագիր են կնքել, կարող են դիմել դատարան, որ պայմանագիրը անվավեր ճանաչվի: «Ճիշտ է, Հայաստանը չունի բարոյական վնասի փոխհատուցման մասին օրենք, սակայն բնակիչները կարող են դատարանի վճռով ստանալ նյութական փոխհատուցում և պահանջել բարոյական փոխհատուցում` հենվելով Եվրոպայի մարդու իրավունքների կոնվենցիայի վրա: Երբ նրանց պահանջը չբավարարվի, նոր կարող են դիմել Եվրադատարան»,- ասում է Սահակյանը: