Ճշմարտությունն ու դրա հետևանքները. ընտրատեղամասի նախագահը խոստովանում է ընտրակեղծիքների մասին, ապա հրաժարվում խոստովանությունից

Այս շաբաթվա իրադարձությունների արտասովոր զարգացումը Երևանում նորից վեր հանեց մինչև 2003 թվական ձգվող ընտրակեղծիքների հարցը և տեղիք տվեց քաղաքական ճնշումների մասին կասկածների:

Երկուշաբթի ընտրական տեղամասի նախագահ Սպարտակ Եղիազարյանը խոստովանել է, որ ընտրակեղծիքներ է արել 2003 թ. նախագահական ընտրությունների և անցյալ տարվա նոյեմբերի սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եղիազարյանն ասել է, որ իրենց ստիպել են կեղծել ընտրությունների արդյունքները` հակառակ դեպքում սպառնալով վնասել իրենց երեխաներին:

Սակայն ավելի ուշ` հինգշաբթի, Եղիազարյանը հրաժարվել է իր խոստովանությունից: Ինչպես ապրիլի 21-ի համարում հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, Եղիազարյանը զանգահարել է ընդդիմադիր թերթ և ասել, որ կեղծիքների մասին «միտումնավոր հայտարարություն» է արել, որպեսզի ուշադրություն հրավիրի Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանի չարաշահումների վրա:

Մինչ այդ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Եղիազարյանը հայտարարել էր, թե խղճի խայթն է ստիպել իրեն խոստովանություն անել:

47-ամյա նախկին ուսուցիչ Եղիազարյանն ասում է, որ խոստովանելու մտադրությամբ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն ոչ ոք նրան չի ընդունել: Իր իսկ պնդմամբ` Եղիազարյանը ոչ մի քաղաքական կուսակցության չի հարում:

Արդյունքի չհասնելով` Եղիազարյանը դիմել է «Ազգային միաբանություն» կուսակցություն` խնդրելով հանդիպում կազմակերպել լրագրողների հետ:

«Ես մասնակցել եմ իմ նշած ընտրությունների արդյունքների կեղծմանը, ինքս եմ անձամբ ընտրակեղծիքներ կատարել և հայտարարում եմ, որ նույն ընտրակեղծիքները տեղի են ունեցել Արագածոտնի մարզի բոլոր ընտրատեղամասերում: Ես պատրաստ եմ կրելու օրենքով սահմանված պատիժ և կարծում եմ, որ դրան պետք է պատրաստ լինեն նաև ընտրական հանձնաժողովի բոլոր այն անդամները, որոնք, ինչպես ես, ուղղակի մասնակցություն են ունեցել ընտրակեղծիքներին»,- հայտարարել է Եղիազարյանը:

Երկուշաբթի օրվա իր «խոստովանության» մեջ Եղիազարյանն ասել է, որ ամբողջ մարզում, որտեղ քվեարկել է մոտ ՞՞՞ մարդ, արդյունքները կեղծվել են հօգուտ Քոչարյանի:

Նա հայտարարել է, որ իրեն ու ընտրական հանձնաժողովի մյուս անդամներին ստիպել են կեղծել արդյունքները և զեկուցել, որ հաղթել է Քոչարյանը` ձայների 60 տոկոսով, մինչդեռ իրականում ձայների 12 տոկոսով նա եղել է ընդամենը երրորդը` Ստեփան Դեմիրճյանից ու Արտաշես Գեղամյանից հետո: Նա պնդում է, որ նույնը կրկնվել է ընտրությունների երկրորդ փուլում` Քոչարյանի և Դեմիրճյանի ստացած քվեները հաշվելիս:

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ կմեկնաբանեն այդ հայտարարությունները միայն այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները պարզեն հանգամանքները:

Իր առաջին հայտարարության մեջ Եղիազարյանը նշել էր, որ նախագահական ընտրություններից մեկ տարի անց որոշել է համապատասխան ատյաններ ներկայանալ մեղայականով, սակայն այդ պահին առևանգել են նրա որդուն և մեկ օր պահել մեքենայի մեջ, որտեղից վերջինս դուրս է եկել` ջարդելով կողպեքը:

Երկուշաբթի օրը հանդիպման ժամանակ Եղիազարյանն ասել է, որ ոչ մեկից չի վախենում և այլևս չի պատրաստվում լռել:

Հինգշաբթի` ապրիլի 20-ին, նախատեսվում էր մամուլի ասուլիս հրավիրել, որտեղ Եղիազարյանը պետք է տար այն մարդկանց անունները, որոնք ստիպել էին կեղծել ընտրությունների արդյունքները:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը պատրաստվում էր Եղիազարյանի հայտարարությամբ տեսաերիզն ուղարկել Հայաստանում գտնվող դեսպանատներին ու միջազգային կազմակերպություններին:

«Եղիազարյանը խնդրեց տեսաերիզները դեռ չուղարկել և հետաձգել ապրիլի 20-ի մամուլի ասուլիսը, քանի որ ինչ-ինչ խնդիրներ էին ծագել,- չորեքշաբթի «ԱրմենիաՆաուին» հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Թադևոսյանը: - Մենք չգիտենք` ինչ է պատահել, միայն կարող ենք կռահել, և չի բացառվում, որ հայտարարությունից հետո նա սպառնալիքներ է ստացել»:

Հինգշաբթի «ԱրմենիաՆաուն» հեռախոսով կապվեց Եղիազարյանի հետ և հարցրեց` արդյոք նրան սպառնացե՞լ են:

«Խնդրում եմ` մի նեղացեք, ես չեմ ուզում այլևս խոսել,- ասաց նա: - Առաջիկայում միգուցե հայտարարություն անեմ, սակայն հիմա ոչ մի հարցի չեմ կարող պատասխանել: Որոշ խնդիրներ կան»:

Հաջորդ օրը Եղիազարյանը զանգահարել է «Հայկական ժամանակ» թերթ ու ասել, որ այդ ամենը հերյուրանք է եղել: