Դոլարը շարունակում է ընկնել. ամենացածր փոխարժեքը 2003 թվականից ի վեր

Վերջին երկու շաբաթներին Հայաստանում դոլարի փոխարժեքը շարունակեց իր անկումը` մայրաքաղաքի փոխանակման կետերում հասնելով ռեկորդային 407-412 դրամի 1 դոլարի դիմաց: Ուրբաթ փոխարժեքը բարձրացավ մինչև 420 դրամ, որը մոտ 6 տոկոս ցածր է անցյալ տարվա և մոտ 27 տոկոս ցածր երեք տարի առաջվա առավելագույն փոխարժեքից:.

Ընդհանուր առմամբ, մայիսի կեսից, երբ դոլարը գնվում էր 445-450 դրամով, հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ աճել է մոտ 8,5 տոկոսով: Միաժամանակ դրամի նկատմամբ մի փոքր ընկել են նաև մյուս համաշխարհային տարադրամները:

2003 թվականի վերջի համեմատությամբ, երբ ամերիկյան դոլարը սկսեց անկում ապրել, հայկական դրամի փոխարժեքը նրա նկատմամբ աճել է մոտ 30 տոկոսով: Հայաստանի Կենտրոնական բանկում այս իրավիճակը բացատրում են արտասահմանից Հայաստան ազգականներին ուղարկվող դոլարային փոխանցումների աճով: Ըստ բանկի պաշտոնական տվյալների` 2005 թվականին փոխանցումները Հայաստան կազմել են մոտ 1 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում այդ թիվն աճել է 26 տոկոսով:

Դոլարի էժանացման պատճառների թվում նշվում է նաև ամերիկյան արժույթի ընդհանուր թուլացումն աշխարհում:

Հետաքրքիր է, որ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը դեռ անցյալ տարվա վերջին կանխատեսել էր, որ դոլարը կիջնի մինչև 420 դրամ, և 2006 թ. պետական բյուջեում դրվել էր դոլարի այդ փոխարժեքը:

Սակայն որոշ տնտեսագետներ թերահավատությամբ են վերբերվում դոլար-դրամ հարաբերակցության տատանումների նման բացատրություններին:

Ընդդիմադիր պատգամավոր և տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, մասնավորապես, կարծում է, որ Կենտրոնական բանկի` նման իրավիճակի բացատրությունը առաջարկ/պահանջարկով ակնհայտորեն սխալ է:

«Կենտրոնական բանկի նշած գործոնները չեն կարող հանգեցնել նման կտրուկ փոփոխությունների»,- ասել է նա վերջերս «Ռեգնում.ռու» գործակալությանը տված հարցազրույցում:

«Արմատ» ՀԿ փորձագետ-տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի կարծիքով` բարձր դրամ-ցածր դոլար հարաբերակցությունը շատ բարենպաստ համադրություն է ներմուծող ընկերությունների համար, հատկապես` բարձր շահութաբերություն ունեցող ապրանքներ ներմուծողների համար (բենզին, շաքարավազ, սուրճ, ցորեն և այլն): Նա նաև պնդում է, որ հայկական դրամի ուռճացված փոխարժեքը հարվածում է երկրի տնտեսությանը` դանդաղեցնելով արտահանման ծավալի աճը:

«Դրամի ամրապնդումը ծանր հետևանքներ ունի երկրի տնտեսության համար: Նախևառաջ, այն անդրադառնում է արդյունաբերության և արտահանման մակարդակի վրա և, հակառակը, նպաստավոր պայմաններ ստեղծում ներմուծողների համար»,- ասաց նա «ԱրմենիաՆաուին»:

Դոլարի նկատմամբ Հայաստանի զգայուն լինելու պատճառն այն է, որ այն դոլարային տնտեսություն ունի:

Գլխավոր բանկիր Սարգսյանը վերջերս «Արկա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ընդունել է, որ Հայաստանի տնտեսության «դոլարացման» բարձր մակարդակը շարունակում է մնալ հիմնական պրոբլեմ:

«Հայաստանի թույլ կողմերից մեկը դոլարացման բարձր մակարդակն է: Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու վերաբերմունքը ազգային արժույթի նկատմամբ: Մեծամասնության համար ազգային դրամը պետք է ոչ միայն վճարման, այլև խնայողությունների հիմնական միջոց լինի,- ասաց նա: - Մեր գլխավոր խնդիրը սահուն ապադոլարացումն է առաջիկա 2-3 տարում: Հայաստանի քաղաքացիները պետք է նախապատվություն տան ազգային դրամին: Տարադրամի փոխարժեքների տատանումները կլինեն նվազ նշանակալից, իսկ բնակչությունը` նվազ զգայուն դրանց նկատմամբ»:

Հայաստանում շարունակում են ամերիկյան դոլարով կնքել խոշոր գործարքները, ինչպես անշարժ գույքի ու ավտոմեքենաների առքուվաճառքը, իսկ բնակչությունը շարունակում է խնայողություններ անել արտասահմանյան տարադրամով` ակնհայտորեն չվստահելով հայկական դրամին:

Դեռևս անցյալ տարի Սարգսյանը խորհուրդ էր տալիս բնակչությանը պահել իր խնայողությունները դրամով կամ գոնե դիվերսիֆիկացնել դրանք` պահել տարբեր տարադրամներով, այդ թվում` նաև դրամով:

Սակայն դոլարի վերջին կտրուկ անկումը Հայաստանում ստիպել է ոմանց դրամով նշել գները:

76-ամյա Սեդա Գաբրիելյանը վաճառում է իր բնակարանը և ասում է, որ այժմ նախընտրում է նշել գինը դրամով:

«Սկզբում բնակարանիս գինը նշում էի դոլարով` 35000: Իսկ հիմա ասում եմ 15 միլիոն դրամ ու երբ գնորդ եմ գտնում` վերահաշվարկում եմ դոլարի»,- ասում է նա:

Գաբրիելյանը նաև ասում է, որ կյանքը Հայաստանում վերջին մի քանի տարում թանկացել է: «Մի քանի տարի Հայաստանից բացակայելուց հետո երբ փորձեցի ապրել ամսական 100 դոլարով, հասկացա, որ դա բավական չէ. դոլարն էժանացել է, իսկ դրամով գներն աճել են»:

Բարձրացել են մի շարք ապրանքների ու ծառայությունների գները: Իսկ այն ոլորտներում, որոնցում գների աճ չի արձանագրվել (հիմնականում` տրանսպորտում), ուժեղ դրամը նշանակում է շահույթի ավելացում դոլարով: Պաշտոնապես 2006 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում սղաճը Հայաստանում կազմել է 5,6 տոկոս:

Մասնավորապես, Հայաստանի բնակիչների համար վերջին կես տարում գներն աճել են հետևյալ կերպ.

* միս` 1400-1600-ից մինչև 1800-2200 դրամ 1 կգ համար
* շաքարավազ` 240-ից մինչև 330-350 դրամ 1 կգ համար
* աղ` 100-ից մինչև 120 դրամ 1 կգ համար
* բենզին` 320-340-ից մինչև 380-400 դրամ 1 լ համար
* կոմունալ ծառայություններ (ջուր` հուլիսի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 38,2 տոկոսով` 125-ից հասնելով 172,8 դրամի 1 խմ համար:
Հեռախոս` ամսական աբոնենտային վարձն 900-ից բարձրացել է 1100 դրամի)
ծառայություններ` թանկացել են միջինը 30-50 տոկոսով
* շինանյութ. ցեմենտ` 22000-24000-ից մինչև 34000 դրամ 1 տ համար, ավազ` 15000-ից 22000 դրամ 1 բեռնատարի համար, մանրախիճ` 18000-30000-ից մինչև 23000-43000 դրամ 1 բեռնատարի համար, մետաղ` 250-ից մինչև 400-500 դոլար 1 տ համար
* շինարարական աշխատուժ` թանկացել է մի քանի անգամ. սևագործ բանվոր` օրական 3000-5000 դրամ, միջին որակավորման բանվոր` օրական 5000-10000 դրամ, բարձր որակավորում ունեցող մասնագետ` օրական մինչև 50 դոլար:

Ասում են, որ միրգն ու բանջարեղենը շուկայում տարվա այս ժամանակի համար սովորականից թանկ են: Հագուստ ու կոշիկ վաճառող խանութների մեծ մասը փոխել է իրենց գնապիտակները և ավելի բարձր գներ սահմանել: Իսկ անշարժ գույքի գները, ինչպես միշտ, շարունակում են անշեղորեն աճել:

Այդուհանդերձ, Համաշխարհային բանկը հայկական դրամի արժևորումը համարում է երկրի տնտեսության ամրապնդման նշան:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը հունիսի 5-ին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշեց, որ հակառակ ակնկալիքների, ավելի ուժեղ դրամը չի անդրադարձել հայկական ապրանքների մրցունակության վրա: «Ըստ մեր հաշվարկների` հայկական ապրանքները շարունակում են մրցունակ մնալ,- ասաց նա: - Չեմ կարծում, որ դրամի վերջին շրջանի արժևորումն արհեստական էր»:

Նա ավելացրեց, որ դա պայմանավորված է նաև դոլարի արժեզրկմամբ գլխավոր համաշխարհային տարադրամների, մասնավորապես` եվրոյի ու բրիտանական ֆունտի նկատմամբ:

Իսկ Աղաջանովը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում` վկայակոչելով պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արտահանումը Հայաստանից նվազել է 7,8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը` 2,9 տոկոսով, իսկ ներմուծումն աճել է 13,8 տոկոսով (տես` www.armstat.am): «Եթե այսպես շարունակվի, այս տարվա վերջին կունենանք 1 միլիարդ դոլար արտաքին առևտրի դեֆիցիտ, որը Հայաստանի նման փոքր երկրի համար շատ մեծ թիվ է»,- ասաց Աղաջանովը: (Անցյալ տարի Հայաստանի արտաքին առևտրի դեֆիցիտը 636 միլիոն դոլար էր:)

Փորձագետը միանշանակորեն պնդում է, որ այս իրավիճակն արհեստածին է, և դրա պատճառը համարում է Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը: Որպես այդ քաղաքականության նպատակ նա նշում է հետևյալը. «Օլիգարխներն այժմ միջոցներ են հավաքում իրենց ընտրարշավների համար, և դա արվում է ժողովրդի հաշվին»:

Անդրադառնալով Կենտրոնական բանկի դերին` Աղաջանովն ասում է, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբերին Տիգրան Սարգսյանն ընդունել է, որ Հայաստանն ունի ոչ թե ազատ, այլ կառավարվող «լողացող» փոխարժեք: «Իսկ դա ցույց է տալիս, որ ներկա իրավիճակը Կենտրոնական բանկի դրամային քաղաքականության արդյունքն է»: