Քառասուն օրն անցավ, իսկ պատասխաններ դեռ չկան. 967 չվերթի զոհերի հարազատները` կասկածների ու մտահոգիչ ասեկոսեների մեջ

Հունիսի 12-ին լրացավ «Արմավիա» ընկերության Երևան-Սոչի 967 չվերթի ուղևորների զոհվելու 40 օրը:

Մինչ հարազատները սգում են իրենց մերձավորների կորուստը, Երևանում և Սոչիում պաշտոնյաները նոր տեղեկություններ չեն հայտնում, և այդ վակուումում ավելանում են լուրերն ու ասեկոսեները:

Վթարից անմիջապես հետո շրջանառության մեջ դրվեց մի տեսակետ, որի համաձայն աղետի պատճառը մարդկային գործոնն է: Մասնավորապես, լայնորեն հայտնի է, որ մայիսի առաջին մի քանի օրերը Ռուսաստանում ավանդաբար հարբեցողության օրեր են: Այսօր շատերն այն կարծիքին են, որ Սոչիի դիսպետչերներն այդ օրը հարբած են եղել և ի վիճակի չեն եղել կատարելու իրենց պարտականությունները: Այս լուրերն ուժեղացան հատկապես այն բանից հետո, երբ, ինչպես հայտնում են, Սոչիի իշխանությունները մեկուսացրին մայիսի 3-ին հերթապահած դիսպետչերին:

Աղետի մեկ այլ վարկածի համաձայն` օդանավում գտնվող հեղինակությունները կռիվ են սկսել` պահանջելով վայրէջք կատարել անկախ անվտանգության նկատառումներից:

Նման խոսակցությունները հնարավոր չէ հաստատել կամ հերքել, մինչև չհրապարակվեն սև արկղերի տվյալները: Սակայն ռուսական իշխանություններն այդ առումով ավելի քան անպատրաստակամ են:

Դեռ մինչև ինքնագրիչները գտնելը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը հայտարարել էր, որ հայկական ավիաընկերության աերոբուսը կործանվել է, քանի որ օդաչուն հաշվի չի առել եղանակային պայմանները: «Միանգամայն պարզ է, որ օդաչուները հաշվի չեն առել եղանակային պայմանները, քանի որ պատճառը եղել է եղանակը»,- ասել է Միխայլովը: Մայիսի 16-ին` առաջին սև արկղի բարձրացման աշխատանքներն սկսվելու օրը, նա հատուկ շեշտել է, որ սև արկղերի տեղորոշման և բարձրացման ծախսերն արդարացված չեն. «Դե, կգտնենք այդ արկղերը ու կհամոզվենք, որ պատճառը եղանակն է եղել»:

Այս հայտարարությունն էլ ավելի խճճեց իրավիճակը, քանի որ արվել էր սև արկղերի ձայնագրությունների հետ ծանոթանալուց առաջ և, հայկական լրատվամիջոցների կարծիքով` կանխորոշել էր ռուսական դիրքորոշումը` ամեն կերպ կոծկելու ողբերգության պատճառը:

Իսկ Ռուսաստանը դրա հիմքերն ունի, որոնցից մեկն էլ հետևյալն է. հունիսի 14-ին Ժնևում սկսվելու էր Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստը, որտեղ քննարկվելու են 2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի թեկնածուների հայտերը:

Թեկնածուների թվում է նաև Սոչին, և նման «մարդկային գործոնի» առկայությունը բնավ չի մտնում ռուսական կողմի ծրագրերի մեջ:

Մայիսի 27-ին օդանավի ինքնագրիչները տեղափոխվեցին Ֆրանսիա` տեխնիկական զննման և ակնկալվում էր, որ այնտեղ էլ դրանք կվերծանվեն: Սակայն ավելի ուշ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը հայտնեց, որ վերծանումը տեղի է ունենալու Մոսկվայում:

Հունիսի 8-ին օդանավի աղետը հետաքննող Միջազգային ավիացիոն հանձնաժողովը հայտնեց, որ Մոսկվայում ավարտվել են ձայնային ինքնագրիչի վերծանման աշխատանքները: Հայտնաբերվել է, որ ինքնագրիչը ձայնագրել է մոտ 33 րոպե տևողությամբ ձայնային տեղեկություններ` ներառյալ հատուկ վիճակի առաջացման փուլն ու դրա զարգացումը: Անձնակազմի անդամների միջև խոսակցությունների մեծ մասը եղել է հայերեն: Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների օգնությամբ իրականացվել է խոսակցությունները թարգմանվել են ռուսերեն, որի իսկությունը վավերացվել է: Հայտարարվել է նաև, որ 33 րոպեանոց ձայնագրությունը չի հրապարակվելու:

Հունիսի 9-ին տրանսպորտի նախարարությունը հեռագիր է ուղարկել օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը` նկարագրելով աղետի հնարավոր պատճառները: Դա եղել է ճեպագիր` «Ծառայողական օգտագործման համար» մակագրությամբ: Տրանսպորտի նախարարությունը կազմել է այն` հիմնվելով կործանված օդանավի օդաչուների հետ դիսպետչերների վերջապես վերծանված բանակցությունների վրա: Սակայն վերծանման պաշտոնական արդյունքներն առայժմ չեն հրապարակվել: Այդուհանդերձ, մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ տեխնիկան սարքին է եղել, և ամբողջ մեղքը «մարդկային գործոնի» վրա է: Սակայն չի հաղորդվում, թե ով է մեղավոր` օդաչո՞ւն, թե՞ դիսպետչերը:

Հունիսի 14-ին Սոչիում նշվեց ողբերգության 40-րդ օրը: Քառասունքը հունիսի 12-ին էր, սակայն քանի որ այդ օրը Ռուսաստանում տոն էր` Ռուսաստանի օրը, որոշվել էր սգո միջոցառումը տեղափոխել երկու օրով:

Հունիսի 13-ի գիշերը զոհված օդաչուների և անձնակազմի մոտ 20 հարազատներ «Արմավիա» ընկերության չվերթով մեկնեցին Սոչի` մասնակցելու սգո արարողությանը:

Զոհված ուղևորների մոտ 70 հարազատներ աղետի վայր մեկնեցին ավտոբուսով: Չնայած «Արմավիայի» օդանավերն արդեն կանոնավոր չվերթներ են կատարում, հարազատները նախընտրեցին գնալ ավտոբուսով…

Հունիսի 14-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները տեղեկացվել են օդային աղետի պատճառների մասին, սակայն նրանք առայժմ իրավասու չեն հրապարակելու դրանք: