Էլեկտրականացված Երևան. ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, լարվածությունն աճում է

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները, անտեսելով քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչների կոչերը, որոշել են շարունակել արգելափակել Երևանի կենտրոնական Բաղրամյան պողոտան, թեև ոստիկանությունն անցել է «հասարակական կարգը վերականգնելու» գործողության:

Հունիսի 19-ից ինքնաբուխ խաղաղ բողոքի ցույցեր նախաձեռնած «Ո´չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մեծ մասամբ ընդունելի է համարել ճգնաժամը մեղմելու նախագահ Սերժ Սարգսյանի փոխզիջումային ծրագիրը և կոչ է արել համախոհներին ազատել հունիսի 23-ից փակված Երևանի կենտրոնական զարկերակը:

Այդուհանդերձ, նրանք ընդգծել են, որ իրենք շարունակելու են հետամուտ լինել «այլ հարթակների» միջոցով ժողովրդականություն չվայելող միջոցը վերջնականապես չեղյալ հայտարարելուն:

Խմբի անունից հայտարարությունը ընթերցելուց հետո նախաձեռնության առաջնորդներից մեկը` Վաղինակ Շուշանյանը, կոչ արեց ժողովրդին տեղափոխվել մոտակա Ազատության հրապարակ: Սակայն այդ կոչը միանշանակ չընդունվեց, շատերը սկսեցին վանկարկել` Բաղրամյան, Բաղրամյան, կոչ անելով միմյանց մնալ բողոքի վայրում այնքան, մինչև էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը բեկանվի:

Երբ «Ո´չ թալանին» նախաձեռնության համակարգող խումբը տեղափոխվեց Ազատության հրապարակ, հարթակ բարձրացան միանգամայն անծանոթ դեմքեր, որոնք մինչ այդ չէին հայտնվել ցուցարարների մեջ` կոչ անելով մնալ Բաղրամյան պողոտայում:

Իսկ Վաղինակ Շուշանյանը Ազատության հրապարակի հարթակից շարունակում է հորդորել «իր քույրերին և եղբայրներին» վերադառնալ Ազատության հրապարակ և այստեղից շարունակել անժամկետ նստացույցը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Բաղրամյան պողոտա են եկել հայտնի մարդիկ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ, որոնք կենդանի պատնեշ են կազմել ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև` բռնություն թույլ չտալու համար: