Բաղրամյանն ընդդեմ Օպերայի՞. տարբեր վայրերում ցուցարարները նախկինի պես հավատարիմ են մեկ նպատակի

Մեկ շաբաթվա միասնական պայքարից հետո նախագահի հայտարարությունն ու ոստիկանական զորքերի կենտրոնացումը Բաղրամյան պողոտայում երկու մասի բաժանեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողներին:

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկրի կառավարությունն իր վրա է վերցնելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը, մինչև առաջիկա ամիսների ընթացքում «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մասին միջազգային աուդիտորական ընկերության եզրակացության կազմումը:

Սա մի պահ կարծես ոգևորեց բողոքի ակցիաներ նախաձեռնած «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին, սակայն ավելի ուշ նրանք հայտարարեցին, որ սա հաղթանակի միայն առաջին փուլն է, և պայքարը շարունակվում է: Իսկ կիրակի Բաղրամյան պողոտան ազատելու ոստիկանության պարբերական զգուշացումներն ու հավանական ուժային գործողությունները հաշվի առնելով նախաձեռնության անդամները որոշեցին լսել ոստիկանությանն ու գնալ Ազատության հրապարակ: Սակայն նրանց ոչ բոլորը հետևեցին, և Բաղրամյան պողոտայում շարունակեցին մնալ առավել արմատական տրամադրվածները:

Այսպիսով, կիրակի երեկոյից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը բաժանվեց երկու մասի` Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում գտնվողների միջև:

Հատկանշական է, որ Ազատության հրապարակ գնացողներին շատերը համարում են դավաճաններ, մինչդեռ իշխանական կողմը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նրանց համարում է Հայաստանի «լուսավոր դեմքեր», իսկ Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է երաշխավորել նրանց անվտանգությունը: Իսկ Բաղրամյան պողոտայում բողոքի ցույցը շարունակողների մեջ ոստիկանությունը տեսնում է սադրիչների մի խմբի, որոնք շեղվել են բողոքի բուն նպատակից:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանն այս տարանջատումը համարում է իշխանությունների ծուղակը, իսկ այդ ծուղակից դուրս գալու համար առաջարկում.

«Երկու տեղի ժողովուրդն էլ պետք ա հայտարարի, որ միասնական ենք, ու մեր միջև պայքար չկա, կան տարբեր մարտավարություններ, հենց հիմա ու անհապաղ Ազատության հրապարակի ժողովուրդը պետք է հայտարարի, որ եթե հարձակվեն բաղրամյանցիների վրա, իրենք շտապ վազելու են Բաղրամյան... Ու եթե ոստիկանները հաջողացնեն ցրել ցուցարարներին, ուրեմն հաջորդ օրը էն օրվա պես պետք ա հավաքվի Բաղրամյանում...»

Քաղաքագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Ազատության հրապարակ իջածների վրա մեծ ազդեցություն ունի իշխանական թևը, որն էլ հենց սկզբից կազմակերպել է այս բողոքի ցույցերը`տնտեսական շահեր հետապնդելով:

«Սակայն սա քաղաքական գործընթաց է` առանց կուսակցությունների, որն ունի իր օրենքները, ու եթե չեն դիմանում մրցակցությանն իրենց քաղաքագիտական գիտելիքներով, ապա նրանք դուրս են մնում, ինչն էլ տեղի ունեցավ նախաձեռնող խմբի հետ, որոնք կարծիքով` սա քաղաքական գործընթաց չէ, այլ զուտ քաղաքացիական»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բադալյանը: