Մոսկովյան բանակցություններ. Սարգսյանը և Պուտինը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը, էներգակիրների սակագները, ապրանքաշրջանառության հարցեր

Մոսկովյան բանակցություններ. Սարգսյանը և Պուտինը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը, էներգակիրների սակագները, ապրանքաշրջանառության հարցեր

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է հարցերի լայն շրջանակ` երկկողմ հարաբերություններից, ղարաբաղի հակամարտության կարգավորումից մինչև էներգակիրների սակագներ, ապրանքաշրջանառություն և ինտեգրացիոն գործընթացներ:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանին, անձամբ Ձեզ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման ուղղությամբ ջանքերի համար»,- ասել է Սարգսյանը Պուտինին` ըստ նախագահի մամուլի գրասենյակի:

«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ»:

Սարգսյանը նշել է, որ ինքն իրավիճակի մասին ավելի մանրամասն կխոսի Դուշանբեում՝ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), որին անդամակցում է նաև Հայաստանը, գագաթնաժողովի ժամանակ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն անդրադարձել է նաև էներգակիրների սակագներին առնչվող հարցերին:

Հունիսին բազմահազար հայեր դուրս էին եկել փողոց` պահանջելով չեղյալ հայտարարել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացման մասին որոշումը, որը երկրի էներգահամակարգը կառավարող` Ռուսաստանին պատկանող ընկերության պահանջով հաստատել էր սակագներ սահմանող պետական հանձնաժողովը:

«Այս ճգնաժամային իրավիճակում արտարժույթի կուրսի տատանումները պարզապես շատ բացասական են անդրադառնում սակագների վրա, և ես լիահույս եմ, որ մենք նոր լուծումներ կգտնենք՝ լավ լուծումներ»,- ասել է Սարգսյանը:

Երկուշաբթի ավելի վաղ Հայաստանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են համագործակցության պայմանագիր, որը թույլ կտա գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի:

Հանդիպման ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանին 200 միլիոն դոլար արտոնյալ վարկ տրամադրելու համաձայնագիրը հնարավորություն կտա «թարմացնելու հայկական զինված ուժերի զինանոցը»:

Իր խոսքում ՌԴ նախագահ Պուտինը, մասնավորապես, նշել է, որ 2015 թ. առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության նվազում:

«Հաճելի է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը: Համեմատած 2013 թվականի հետ, անցած տարի զգալիորեն աճել է մեր ապրանքաշրջանառությունը, բայց, ցավոք, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տեղի է ունեցել փոփոխություն դեպի նվազում,- ասել է Պուտինը: - Մենք այսօր այդ մասին ևս կխոսենք: Այդտեղ կան որոշակի նրբություններ, որոնց ես դեռևս չունեմ պատասխաններ: Մենք պատրաստ ենք Ձեզ հետ քննարկել այդ հարցերը»: