Անօրեն կյանք Մայր Աթոռի քաղաքում. հնարավոր կրակոցը ցույց է տալիս, որ Էջմիածնում գործում է կլանի օրենքը

Էջմիածնի գեներալը
Երկուշաբթի Էջմիածնում ամենայն հավանականությամբ հրազենի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն չի տարվում, ինչը ստիպում է բնակիչներին իրենց զայրույթը հայտնել (առանձին զրույցներում), որ քաղաքի հեղինակություններն օրենքից վեր են:

Համարվում է, որ 50-հազարանոց քաղաքը, որը Հայաստանյայց առաքելական եկեղեցու աթոռանիստն է, գտնվում է արցախյան պատերազմի հերոս, պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի վերահսկողության տակ:

Պնդում են, որ սեպտեմբերի 25-ին Գրիգորյանի փեսան (դստեր ամուսինը)` գործարար Արտակ Պողոսյանը, կրակել է մի վարորդի վրա, քանի որ նրան դուր չի եկել, թե ինչպես է վերջինս վարում մեքենան: Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցելմարդաշատ թաղամասում գտնվող Կիրովի փողոցում:

Ականատեսների վկայությամբ` Պողոսյանը մեքենայից դուրս է քաշել վարորդին (ենթադրվում է, որ նա Երևանից է), ծեծել է նրան, իսկ հետո ատրճանակով կրակել ոտքին:

«ԱրմենիաՆաուին» տեղեկություն տրամադրած աղբյուրները չկարողացան մանրամասներ հաղորդել են տուժածի անձի մասին:

Հայաստանի ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ նման դեպք չի արձանագրվել: Պողոսյանի կինը` Նաիրա Գրիգորյանը, Էջմիածնի առաջին ատյանի դատարանի դատավոր է:

Սա առաջին դեպքը չէ, որ Էջմիածնում Գրիգորյանը կամ նրա կլանի մարդիկ անպատիժ հանցագործություն են անում:

2005 թ. հունվարին Գրիգորյանը ծեծել էր Հայ առաքելական եկեղեցու մի սպասավորի` Տեր Խաչատուր աբեղա Կնյազյանին, ավտոմեքենան չթույլատրվող վայրում կայանելու համար:

Անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին քաղաքապետի ընտրարշավի ժամանակ, ինչպես ենթադրում են, գեներալ Գրիգորյանի կլանին պատկանող մարդիկ առևանգել էին թեկնածու Երվանդ Աղվանյանի կողմնակիցներ Մարտին Վարդանյանին, Սեյրան Հակոբյանին և Գևորգ Աբրահամյանին: Թեկնածու, իսկ այժմ քաղաքապետ Գագիկ Ավագյանի նախընտրական շտաբում Գևորգ Աբրահամյանին ծեծում են ու արյունլվիկ վիճակում իջեցնում Աղվանյանի շտաբի մոտ:

2003 թ. սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան փողոցում գտնվող բիլիարդանոցում Գրիգորյանը ծեծել է 28-ամյա Ավետիք Դանղյանին, ինչպես ենթադրվում է, այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է նրա հրամանը կատարել` ծնկի գալ իր առջև: Դաժանորեն ծեծելուց հետո գեներալը նրա մարմնի մեջ բիլիարդաձող է խրել, որից հետո Ավետիքը կորցրել է գիտակցությունը:

Էջմիածնում հայտնի են նաև այլ հանցագործություններ` սպանություն, բռնաբարության դեպք, որոնք իրավապահները չեն արձանագրել:

Հելսինկյան կոմիտեի արած հարցումներով` 117 էջմիածնեցիներից 116-ն ասում է, որ քաղաքում կան օրենքից վեր կանգնած մարդիկ:

Այս տարվա հունվարին մի շարք տեղական և միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնց մեջ նաև` Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան ֆեդերացիան և Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը, անհանգստացած Հայաստանում մարդու իրավունքների ճնշումներով, տարածեցին մի հայտարարություն, որտեղ մի պարբերություն նվիրված էր Էջմիածնում իշխող անօրինականության ու վախի մթնոլորտին:

Հայտարարության մեջ ասվում է. «Անընդունելի է իրավապահ մարմինների անկարողությունը պայքարել Հայաստանի որոշ քաղաքներում, օրինակ` Էջմիածնում, ահաբեկչական համակարգի դեմ, որը ստեղծել են որոշ անհատներ կամ կլաններ: Քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը այդ տեղական բռնատերերից ապահովելու հարցում պետության անկարողությունը անհապաղ միջամտության կարիք ունի»:

Նոր տեղեկություններ

Էջմիածնի կրակոցի մասին հոդվածը պատրաստելուց հետո «ԱրմենիաՆաուին» հայտնի են դարձել նոր փաստեր:

Պարզվում է, որ կրակողը, ամենայն հավանականությամբ, եղել է գեներալ Գրիգորյանի որդին, Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Աղբյուրների հավաստմամբ` փողքաղաքապետի հեղինակությունը պահպանելու նպատակով գեներալի մարդիկ կրակոցի պատասխանատվությունը գցում են Պողոսյանի վրա:

Ասում են նաև, իբր հետո, երբ կրակոցից տուժած մարդուն վախեցնում են, որ նա չփորձի աղմուկ բարձրացնել, ընդհանրապես կոծկում են կրակոցի փաստը: