Հայաստանն ու Շվեյցարիան ստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր

Հայաստանն ու Շվեյցարիան ստորագրել են վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր

Photo: www.mfa.am

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը երկուշաբթի համաձայնագիր են ստորագրել Հայաստանի և Շվեյցարիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին:

Աշխատանքային այցով Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևում գտնվող Նալբանդյանը Բուրկհալտերի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացը:

Ըստ ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքի` Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը:

Բուրկհալտերը, իր հերթին, նշել է, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:

Բացի այդ, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է արվել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը, խորհրդարանական կապերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը:

Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ։ Երկուստեք հույս են հայտնել, որ Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունը ճանապարհ կհարթի Սիրիայում խաղաղություն և կայունություն վերահաստատելու համար:

Ինչպես հաղորդվում է, Նալբանդյանը համառոտ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: