Մոգերինիի այցը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Ադրբեջանում քննարկում է ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային հարցեր

Մոգերինիի այցը. ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և Ադրբեջանում քննարկում է ղարաբաղյան կարգավորման, տարածաշրջանային հարցեր

Ֆոտոլուր

Մարտի 1-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Փետրվարի 29-ին նա այցելել էր հարևան Ադրբեջան:

Դատելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսից` այցի ընթացքում հաջողվել է լուծել միայն մեկ կոնկրետ հարց:

Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ 20 հազար փախստականներ: Ի պատասխան Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն քննարկում է Հայաստանին օժանդակության ցուցաբերման հարցը: Այլ խոսքով` Հայաստանը կարող է ստանալ միջազգային օժանդակության մի մասը Եվրոպայում Սիրիայից փախստականներին ընդունելու համար: Մինչ օրս Հայաստանն ինքնուրույն էր փախստականներին, հիմնականում` էթնիկ հայերին ընդունում:

Նալբանդյանը բարձրացրել է նաև վիզային ռեժիմի դյուրացման հարցը, սակայն մամուլի ասուլիսում Մոգերինին չի պատասխանել այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացում: Հիշեցնենք, որ հարևան Վրաստանը արդեն գարնանը կարող է ստանալ ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրային ռեժիմ:

Ի թիվս քննարկվող հարցերի` անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտությունը, և Մոգերինին հայտարարել է, որ խնդրի լուծման ռազմական ուղին անընդունելի է: Նրա խոսքով` ստատուս քվոն չի կարող պահպանվել ճիշտ այնպես, ինչպես չի կարող լինել խնդրի ռազմական լուծում: Նա նշել է, որ ԵՄ-ն աջակցում է հետաքննության մեխանիզմների ստեղծման նախաձեռնությանը և պատրաստ է աջակցելու մարդկանց միջև անձնական շփումների հաստատմանը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանում նա ասել էր, որ ԵՄ-ին անհանգստացնում է տարածաշրջանում անկայուն ստատուս քվոն և ապակայունացման փորձերը:

«Ստատուս քվոյի պահպանումը չի բխում որևէ մեկի շահերից: Բայց իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, բանակցային ձևաչափի փոփոխման փորձերը, հետաքննության մեխանիզմի ստեղծումից հրաժարումը նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Մոգերինին նշել է, որ նույնիսկ ամենադժվար պահերին ԵՄ-ն եղել է Հայաստանի թիվ մեկ ներդրողը և գործընկերը:

Էդվարդ Նալբանդյանը իր հերթին վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում, բայց միայն հաշվի առնելով երկրի ստանձնած պարտավորությունները մյուս ինտեգրացիոն միություններում: Հիշեցնենք, որ 2015 թ. սկզբին Հայաստանն անդամակցեց Եվրասիական միությանը, թեև 3 տարի շարունակվում էին ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման բանակցությունները: Դեկտեմբերին վերսկսվել են Հայաստանի և ԵՄ-ի բանակցությունները հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ: