Համերգային սկանդալ. մեկ այլ միջազգային փոփ աստղ չեղյալ է հայտարարում իր ելույթը Հայաստանում

Համերգային սկանդալ. մեկ այլ միջազգային փոփ աստղ չեղյալ է հայտարարում իր ելույթը Հայաստանում


Արդեն «գեղեցիկ» ավանդույթ դարձած համաշխարհային աստղի համերգի չեղարկումից հետո կազմակերպիչները դեռ խուսափում են վնասները հատուցելուց և պատրաստվում են համերգի կազմակերպիչ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելու:

Աշխարհահռչակ ճանաչում ունեցող իտալացի երգիչ և կոմպոզիտոր 52-ամյա Էրոս Ռամազոտտին ապրիլի 26-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պատրաստվում էր համերգային շոու անցկացնել, որը սակայն չեղյալ է հայտարարվել:

Մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո Trident Music Srl պրոդյուսերական ընկերությունը, որը Էրոս Ռամազոտտիի՝ 2015-2016 թվականների համաշխարհային համերգային շրջագայության կազմակերպիչն է, հայտարարել է, որ դադարեցվում են Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում երգչի կայանալիք համերգային շոուները՝ նշված երկրներում շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communications ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման պատճառով:

Բաքվում ապրիլի 28-ին նախատեսված Ռամազոտտիի համերգը՝ կապված վերը նշված կոնֆլիկտի հետ (Global Communications-ի և Trident Music Srl-ի միջև), նույնպես չեղյալ էր հայտարարվել, սակայն, «Հեյդար Ալիև» հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ այն Բաքվում կկայանա, սակայն` ապրիլի 27-ին:

Իսկ Վրաստանում համերգը կկայանա ապրիլի 24-ին մշակույթի նախարարության աջակցությամբ:

Tomsarkgh.am-ը, որը մշակութային կյանքի օնլայն ուղեցույց է, Երևանում անվճար առաքում է նմանօրինակ համերգների տոմսեր: «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում Tomsarkgh.am-ի աշխատակիցը նշեց, որ գնորդները հետ են պահանջում իրենց գումարները, հավելելով, որ իրենք, հղում անելով համերգի կազմակերպիչ ընկերությանը, նշում են, որ պատասխանատվություն չեն կրում գնած տոմսերի համար: Նշենք, որ համերգի տոմսերը շուրջ մեկ ամիս վաճառվում էին և տատանվում էին 8-150 հազար դրամի սահմաններում:

«Միջոցառման տոմսերի վաճառքը դադարեցվում է: Տոմսերը և դրանց վաճառքից գոյացած ամբողջ հասույթը հանդիսանում է Global Communications ընկերության սեփականությունը»,- հայտարարել է Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Forpostart Production-ը, որ նույնպես տուժող կողմ է, ամենասեղմ ժամկետներում կպատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` Global Communications ընկերության դեմ դատական ատյաններին հայցադիմում ներկայացնելու նպատակով:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում մեծանուն ունեցող երգչի կամ երգչուհու համերգը չեղյալ է հայտարարվում:

Դեռ անցյալ տարի նույն Forpostart Production-ի կողմից նախատեսված ռուս երգչուհի Իրինա Ալեգրովայի` մարտի 8-ին կայանալիք На бис համերգային ծրագիրը տեղափոխվել էր մայիսի 24-ին, սակայն այդ օրը ևս տեղի չունեցավ:

Նման միջադեպ էր գրանցվել նաև 2011-ի փետրվարի 19-ին, երբ աշխարհահռչակ երգչուհի Սառա Քոնորի համերգը` Սիրուշոյի ու Արա Մարտիրոսյանի մասնակցությամբ, չեղյալ հայտարարվեց: Համերգի կազմակերպիչ VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը սկզբում վստահեցրեց, թե համերգը կկայանա մարտի 8-ին, բայց անհասկանալի պատճառներով այն տեղի չունեցավ, ինչպես նաև հետ չվերադարձվեցին տոմս գնած քաղաքացիների գումարները: