ՊՆ խոսնակ. հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն Ղարաբաղում

ՊՆ խոսնակ. հայկական ստորաբաժանումները լուրջ առաջխաղացում ունեն Ղարաբաղում

Ֆոտոլուր

Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն` կիրակի ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն` ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»,- գրել է Հովհաննիսյանը։

Արդեն երկուշաբթի վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետներից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

«Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենեք, որ ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արևելյան և հարավային սահմանի ողջ երկայնքով։ Երկու կողմերն էլ ունեն զոհեր և վիրավորներ։

Հայկական կողմը հայտնում է 18 զոհի և մոտ 40 վիրավորի մասին՝ նշելով, որ ադրբեջանական կորուստները հասնում են 200-ի։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ, սակայն թեժ մարտեր են ընթանում նաև հարավային ուղղությամբ։

Կիրակի hetq.am կայքը հրապարակել է լուսանկարներ՝ ցույց տալով ադրբեջանական վայրագությունները քաղաքացիական բնակչության շրջանում հյուսիսարևելյան Թալիշ գյուղում։ Ըստ լրատվամիջոցի հրապարակած լուսանկարների՝ ադրբեջանական զորամիավորումները երեկ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և իր կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Գնդակահարվել է նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանը:

ԼՂՀ-ի հյուսիսարևելյան սահմանին գտնվող գյուղը, ըստ երևույթին, ապրիլի 2-ին գրավվել էր ադրբեջանական կողմից, այնուհետև ապրիլի 3-ին հայկական զինուժի կողմից հետ է վերցվել։

«Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: