Ուղերձ Թուրքիայի՞ն. Ռուսաստանը և ԱՄՆ-ն զգուշացնում են «արտաքին խաղացողներին» չմիջամտել ղարաբաղյան հարցին

Ուղերձ Թուրքիայի՞ն. Ռուսաստանը և ԱՄՆ-ն զգուշացնում են «արտաքին խաղացողներին» չմիջամտել ղարաբաղյան հարցին

Photo: www.mid.ru

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել են «արտաքին խաղացողներին»` չմիջամտելու Լեռնային Ղարաբաղի հարցին` երկուշաբթի հեռախոսազրույցում քննարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին զարգացումները:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց կառավարությունների կոչը` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը ասել է, որ Լավրովը և Քերրին «լուրջ մտահոգություն են հայտնել լարվածության աճի» կապակցությամբ և համաձայնել են «ակտիվացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

«Լավրովն ու Քերրին դատապարտել են որոշ արտաքին խաղացողների փորձերը` Ղարաբաղի շուրջ հակամարտությունը խթանելու ուղղությամբ»,- հավելել է նա` առանց մանրամասնելու:

Նույն օրն ավելի վաղ Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը խոսել էր նաև այն ուժերի մասին, որոնք «ձգտում են լրջորեն բարդացնել կարգավորման գործընթացը»: Նա Թուրքիայի անունը չէր տվել, սակայն Հայաստանում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ վերլուծաբաններ այն մեկնաբանել են որպես հիմնականում Թուրքիայի ուղղված ուղերձ, որի հետ անցյալ տարվանից Ռուսաստանի հարաբերությունները լարվել են Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ:

Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան բազմիցս քննադատել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրենց գործունեությամբ Հայաստանի նկատմամբ ենթադրաբար կողմնակալ վերաբերմունքի համար:

Երկուշաբթի երեկոյան հակամարտության գոտում կողմերը շարունակել են երկուստեք կորուստներ տալ, սակայն նրանք իրարամերժ հաղորդագրություններ են ներկացնում տեղերում իրավիճակի մասին:

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է, որ Ադրբեջանը գրավել է Ղարաբաղի հյուսիս-արևելքոմ գտնվող ռազմավարական կարևոր Մատաղիս գյուղը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5-ին հավաքվելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` քննարկելու վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում:

Բացի այդ, երկուշաբթի հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն ապրիլի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ Պետությունների Համագործակցության (նախկին Խորհրդային Միության երկրների) արտգործնախարարների նիստին: Դեռ պարզ չէ, թե արդյոք նախատեսվո՞ւմ է բարձրաստիճան դիվանագետների առանձին հանդիպում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության վերջին բռնկումը: