Սարգսյանը մեկնում է Գերմանիա, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Սարգսյանը մեկնում է Գերմանիա, Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Photo: www.president.am

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա` երեքշաբթի հաստատել է նրա մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանրապետության ղեկավարի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Յոախիմ Գաուկի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Սարգսյանի այցը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև գրեթե չորս օր տևած թեժ մարտերին հաջորդած փխրուն հրադադարից անմիջապես հետո:

Գերմանիան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահող երկիրն է: Այս կազմակերպության Մինսկի խումբը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդական ջանքերի հիմնական ձևաչափը:

Իսկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է ապրիլի 7-8-ը Հայաստան այցելելու իր ծրագրերը: Երեքշաբթի Ռուսաստանի կառավարության ղեկավարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Մեդվեդևը Հայաստան այցից հետո ապրիլի 8-ին կմեկնի Ադրբեջան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 5-ին հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ` կոչ անելով նրանց պահպանել հրադադարի ռեժիմը` ասել է Կրեմը: