Հայաստանի «դաշնակիցները». Ղազախստանի առաջարկով ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղափոխվում է Երևանից՝ ղարաբաղյան լարվածության ֆոնին

Հայաստանի «դաշնակիցները». Ղազախստանի առաջարկով ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղափոխվում է Երևանից՝ ղարաբաղյան լարվածության ֆոնին


Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարների հանդիպումը (ԵԱՏՄ գագաթնաժողով), որը նախատեսված էր անցկացնել ապրիլի 8-ին Երևանում, կանցկացվի Մոսկվայում՝ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող, Կենտրոնական Ասիայում Հայաստանի դաշնակից երկրի առաջարկով։

Այս որոշումը հրապարակվեց ապրիլի 6-ին՝ առևտրի և ռազմական ոլորտում Ռուսաստանի առանցքային դաշնակից Ղազախստանից ստացված զանգից հետո, երբ ղազախական կողմն իր դժգոհությունն էր հայտնել մասնակցել այս հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության ֆոնին։

«Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանից կտեղափոխվի Մոսկվա և կանցկացվի ապրիլի 13-ին` ավելի վաղ նախատեսված ապրիլի 8-ի փոխարեն»,- պարզաբանել են ԵԱՏՄ հանձնաժողովից։

Հայաստանն ու Ադրբեջանը քառօրյա պատերազմից հետո, որը երկու կողմերից էլ մարդկային կյանքեր խլեց, ապրիլի 5-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերեցին։

Հայաստանի դաշնակիցներից ոչ մեկը՝ ո՛չ ԵԱՏՄ-ը, ո՛չ էլ նախկին Խորհրդային Միության վեց երկրներից բաղկացած, Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական դաշինքի անդամ երկրները, այդ թվում նաև` Ղազախստանը, չդատապարտեցին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան։

Ավելին` երկու կազմակերպություններում էլ Հայաստանի դաշնակից Բելառուսի արտգործնախարարության անցյալ շաբաթավերջին տարածած հայտարարությամբ փաստորեն պաշտպանվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Կողմնակալ հայտարարությունից հետո Հայաստանում Բելառուսի դեսպանին կանչել էին Հայաստանի ԱԳՆ։

Այժմ ՀԱՊԿ մեկ այլ անդամ Ղազախստանը, որը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, հրաժարվել է Երևանում անցկացվելիք հանդիպմանը մասնակցելուց, նշելով, որ դա կնշանակի աջակցություն Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը տեղեկացրել է, որ չի մասնակցի երևանյան գագաթնաժողովին և առաջարկել է այն տեղափոխել Մոսկվա։

Ռուսաստանը, որը Լեռնային Ղարաբաղում այս օրերին լարված հակամարտության հարցում ձեռք բերված հրադադարի միջնորդ է ներկայացվում, նույնպես ամբողջ բախումների ընթացքում հիմնականում չեզոք հայտարարություններով է հանդես եկել և համաձայնել է հյուրընկալել ԵԱՏՄ գագաթնաժողովն իր մայրաքաղաքում: